Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցուցադրել է Կիեւի կենտրոնի վրայ ռուսական կողմի հրթիռային յարձակման հետեւանքները։ Համապատասխան տեսանիւթը նա հրապարակել է Telegram-ում։
«alikonline.ir» - Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցուցադրել է Կիեւի կենտրոնի վրայ ռուսական կողմի հրթիռային յարձակման հետեւանքները։ Համապատասխան տեսանիւթը նա հրապարակել է Telegram-ում։ Գրում է Tert.am-ը:
Նրա խօսքով՝ լայնամասշտաբ պատերազմի 229-րդ օրը ռուսները փորձում են ոչնչացնել ուկրայինացիներին ու ջնջել երկիրը երկրի երեսից։
«Նրանք փորձում են ոչնչացնել մեր մարդկանց, որոնք Զապորոժիէում տանը քնած են, սպանել մարդկանց, որոնք աշխատանքի են գնում Դնեպրում եւ Կիեւում»,- գրել է Զելենսկին։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ուկրայինայում շարունակւում է օդային տագնապը, կան հրթիռային հարւածներ, զոհեր եւ վիրաւորներ։ Նա յորդորել է չլքել ապաստարանները:
Ուկրայինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյի խօսքով՝ Կիեւի հրթիռակոծութեան ֆոնին հարիւր հազարաւոր մարդիկ իջել են մետրօ, որպէսզի գտնւեն ապահով վայրում:
Աւելի վաղ հաղորդւել էր, որ Կիեւում պայթիւններ են որոտացել։
«Կիեւում չորս պայթիւն է լսւել, հաղորդում են նաեւ Կիեւի մարզում հակաօդային պաշտպանութեան աշխատանքի մասին... Պայթիւններից յետոյ քաղաքում ծուխ է նկատւել»,- գրում է UNIAN գործակալութիւնը:
«Մայրաքաղաքի Պեչերսկի թաղամասի բնակիչները խօսում են երեք ուժեղ պայթիւնի մասին, դրանք լսւել են նաեւ Կիեւի այլ թաղամասերում»,- գրում է Strana.ua թերթը։