Հա

Քաղաքական

10/10/2022 - 13:25

«Գրեթէ կասկած չկայ, որ մերձաւորարեւելեան անկայունութիւնը կարող է տեղափոխւել Կովկաս. Ռուսաստանը պէտք է չուշանայ». Ստանիսլաւ Տարասով

Ռուսական «Ռեգնում» գործակալութեան սիւնակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը, անդրադառնալով հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումներին եւ դրանց արդիւնքներին, հրապարակել է «Անդրկովկասում Ռուսաստանի համար ամենակարեւորը չուշանալն է» վերտառութեամբ վերլուծական յօդւածը, որը ներկայացնում ենք ստորեւ.

«alikonline.ir» - Ռուսական «Ռեգնում» գործակալութեան սիւնակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը, անդրադառնալով հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումներին եւ դրանց արդիւնքներին, հրապարակել է «Անդրկովկասում Ռուսաստանի համար ամենակարեւորը չուշանալն է» վերտառութեամբ վերլուծական յօդւածը, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի կողմից Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինեանի եւ Իլհամ Ալիեւի (ինչպէս նաեւ Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլի հետ, Tert.am) հետ քառակողմ հանդիպումից յետոյ Եւրոխորհուրդը յայտարարութիւն է տարածել, որում խօսւում է անդրկովկասեան երկու հակամարտող պետութիւնների սահմանին Եւրոմիութեան քաղաքացիական առաքելութեան մեկնարկի մասին: Այն կը սկսի աշխատել այս ամիս, մանդատի ժամկէտը սահմանափակւում է երկու ամսով։ Միաժամանակ յատուկ ընդգծւում է, որ «Հայաստանը համաձայնել է աջակցել քաղաքացիական առաքելութեանը, իսկ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել դրա հետ այնքանով, որքանով դա կը վերաբերի իրեն»։ Սա նշանակում է հետեւեալը. թէեւ Ռուսաստանի ակտիւ մասնակցութեան շնորհիւ հնարաւոր եղաւ դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումները, չնայած Ռուսաստանի դիւանագիտական ջանքերին՝ դա վերափոխելու ինչ-որ համաձայնութեան, Եւրոպական խորհրդի առաքելութեան յայտնւելու մասին որոշումը կայացւել է առանց Մոսկւայի մասնակցութեամբ։ Յիշեցնենք, որ ԵՄ դիտորդների նման առաքելութիւն ստեղծելու գաղափարը բարձրաձայնել էին Աւստրիայի, Լիտւայի եւ Ռումինիայի՝ Եւրոմիութիւնից համապատասխան մանդատ ունեցող երեք արտգործնախարարները՝ անցեալ տարւայ յունիսին Անդրկովկաս կատարած այցի ժամանակ։

Պատահական չէ, որ Մոսկւայի անորոշ յայտարարութիւնների ֆոնին ԱՄՆ Պետդեպարտամենտի խօսնակ Վեդանտ Պատէլը ողջունել է Եւրոպական խորհրդի արարքը՝ այն կապելով «համապարփակ խաղաղ գործընթացում» նոր ազդակի հետ։ Նման արձագանգը կարելի է հասկանալ, քանի որ տարածաշրջանում յայտնւում են նոր դերակատարներ, որոնք հնարաւորութիւն են ստանում ամրագրել իրենց ներկայութիւնը տարածաշրջանում եւ անմիջականօրէն մասնակցել երկարաժամկէտ հակամարտութեան կարգաւորմանը՝ խաղաղ համաձայնագրի կնքմամբ։ Սա հէնց այն քաղաքական դիւիդենտն է, որը Արեւմուտքին հնարաւորութիւն է տալիս յաջող պայմաններում «կառչել տարածաշրջանից»:

Այս առումով Երեւանի եւ Բաքւի դիրքորոշումները ինտրիգային են թւում։ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան փաստը 1991 թւականի սահմաններում, ինչը ենթադրում է նրա համաձայնութիւնը Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ Բաքւի վերահսկողութեանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի (ԵԱՀԿ ՄԽ) գործունէութիւնը վերակենդանացնելու նրա յամառ փորձերն աւարտւում են ԵՄ առաքելութեան յայտնւելու մասին միջանկեալ որոշմամբ, որը ցոյց է տալիս հայկական անկլաւի ճակատագիրը եւ նրա կարգավիճակը միջազգային երաշխիքների ձեւաչափով որոշելու մտադրութիւնը՝ Եւրոմիութիւնից մասնակցութեամբ, իհարկէ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա առաքելութեան գործունէութեանը նրա համաձայնութիւնը վկայում է, որ Բաքուն պատրաստ է ԵՄ համակարգման ներքոյ որոշել անկլաւի կարգավիճակը՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի անառարկելի ներառումն Ադրբեջանի կազմ։ Հակառակ դէպքում Բաքու-Երեւան երկխօսութիւնը կը բացառւէր։

Աւելին, ձեւաւորւող գործընթացի տրամաբանութիւնը տարածաշրջանային իրավիճակի օրակարգ կը մտցնի Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առկայութեան կամ նրանցից բացի եւրոպական խաղաղապահ կորպուսի յայտնւելու հարցը։

Եթէ Բաքուն իսկապէս երկխօսութեան գնայ Ստեփանակերտի հետ, ինչպէս ասում է Հայաստանի վարչապետը, ապա հաւանական է, որ Ադրբեջանը Մոսկւայի հետ քննարկումների ժամանակ ձգտի ռուս խաղաղապահների դուրսբերմանը։ Պատահական չէ, որ Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների մակարդակով սահմանային յանձնաժողովի հերթական նիստը նախատեսւած է հոկտեմբերի վերջին Բրիւսէլում։ Այստեղից էլ հիմնարար բնոյթի եզրակացութիւն. հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումները սցենարային բնոյթ են կրել։ Այժմ նման դէպքերի կրկնութեան վտանգը հասցւած է նւազագոյնի։ Ի՞նչ է լինելու յաջորդիւ: Մոսկւան ասում է, որ շարունակում է «մատը զարկերակի վրայ պահել տարածաշրջանում, թէեւ Բրիւսէլն իր աչքի առաջ «սեփականաշնորհում է» հակամարտութեան գօտում ռուսական բոլոր խաղաղութեան համաձայնութիւնները։

Բրիւսէլը նոյնիսկ իր վրայ է վերցնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանային խնդիրների լուծումը, թէեւ ԽՍՀՄ փլուզման հիմնական քարտէզները Մոսկւայի տրամադրութեան տակ են։ Սակայն երեւանեան որոշ փորձագէտներ պատասխանում են, որ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը կիրականացւի 1919-1920 թւականների քարտէզներով, իսկ միգուցէ Վերսալի խաղաղութեան կոնֆերանսում Բաքւի ու Երեւանի ներկայացրած տարբերակով։ Հայ փորձագէտները պնդում են, որ «Ադրբեջանը հրաժարւել է խորհրդային սահմաններից՝ իրեն ճանաչելով որպէս Առաջին Հանրապետութեան (1918-1920թթ.) իրաւայաջորդ՝ ընդունելով համապատասխան սահմանադրական ակտը։ Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը կորոշւի առանց Ռուսաստանի մասնակցութեան, ինչը որոշակի պայմաններում կարող է ձեռնտու լինել Ադրբեջանին եւ Թուրքիային։

Պատահական չէ, որ այս իրավիճակում նեարդայնացել է Թեհրանը։ Այսպէս կոչւած Պրահայի փոխզիջումներից յետոյ Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հանդէս եկաւ յայտարարութեամբ. «Հայաստանի եւ Իրանի սահմանը գրաւելու համար Ադրբեջանի յարձակումը, եթէ իրականացւի, Կովկասում մեծ աշխարհաքաղաքական պատերազմի սկիզբ կը լինի։ Ցանկացած քայլ, որը կասկածի տակ է դնում Իրանի անվտանգութիւնը, կը յանգեցնի մեր միջամտութեանը»։

Ճիշտ է, դժւար է ասել, թէ ինչու է Իրանում այնպիսի տպաւորութիւն, որ Բաքուն պատրաստւում է զաւթել Հայաստանի տարածքի մի մասը։ Կայ մի գործօն, որն անհանգստացնում է իրանցիներին՝ սա «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) բացման հնարաւորութիւնն է՝ ճանապարհ, որը կապելու է Ադրբեջանի արեւմտեան շրջանները Նախիջեւանի հետ։

Թեհրանը մտավախութիւն ունի, որ կարող է կտրւել Հայաստանից, եւ այդ ժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմի դերը կը մեծանայ ոչ միայն Անդրկովկասում։ Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձութիւնները շատերի համար անսպասելի ընթացք են ստանում. ակնյայտ է դարձել Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետաքրքրութեան աճը: Միեւնոյն ժամանակ, աւելի յստակ տեսանելի են դարձել Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու քաղաքականութեան ուրւագծերը. Ռուսաստանի ոտքերի առաջ, փորձագէտներից մէկի խօսքերով, «սկսել են նետել կոտրւած ապակիները, որոնց վրայով քայլելը վտանգաւոր է»: Աւելին, գրեթէ կասկած չկայ, որ մերձաւորարեւելեան անկայունութիւնը հնարաւոր է տեղափոխւի կովկասեան տարածաշրջան։ Ուստի, տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխութիւնների դինամիկան Մոսկւայի օրակարգում է դնում այնտեղ ազդեցութեան ոլորտների վերաբաշխման խնդիրը։ Հիմա գլխաւորը չուշանալն է»։

 

Յարակից լուրեր

  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնութիւնը
    ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնութիւնը

    ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 69 անդամներ՝ երկու կուսակցութիւններից, հերթական անգամ հանդէս են եկել Ադրբեջանին ռազմական օգնութիւնը դադարեցնելու եւ Արցախին ու Հայաստանին 150 միլիոն դոլարի օգնութիւն ուղարկելու կոչով: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի տարածած հաղորդագրութիւնը։

  • Ակնարկ. «Մօտալուտ» համաձայնագիրը
    Ակնարկ. «Մօտալուտ» համաձայնագիրը

    Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնը, թէ Հայաստանն ու Ազրպէյճանը շուտով կրնան ստորագրել խաղաղութեան համաձայնագիր, կ՛ընդգծէ Ուաշինկթընի ներգրաւուածութեան տարողութիւնը:

  • Ո՛չ շարասիւն, ո՛չ ալ ողնասիւն
    Ո՛չ շարասիւն, ո՛չ ալ ողնասիւն

    Ո՛չ մէկ շարասիւն կրնայ մնալ Հայոց բանակին մէջ, եթէ Հայոց Վարչապետը շարունակէ գործել այս ընթացքով։ Երբ առաջին, երկրորդ, երրորդ եւ չորրորդ շարասիւնները ոչնչացնելու դիտաւորութիւն կայ, բնական հետեւանքը կ’ըլլայ լուսարձակի տակ բերել երեւակայական հինգերորդ շարասիւն մը։

  • Հայրենիք-պետութիւնը կործանումից փրկելու անյետաձգելի հրամայականը...
    Հայրենիք-պետութիւնը կործանումից փրկելու անյետաձգելի հրամայականը...

    Թեւակոխել ենք բնութեան գեղեցկագոյն վերափոխման` գարնան թարմ ու ջինջ շնչով վերածնւած տեսնելու բոլոր երեւոյթներն ու յատկապէս մեր մէջ, որպէս մարդ-էակներ՝ վերաիմաստաւորւած համարելու անհատական, ընտանեկան, հասարակական ու յատկապէս ազգային մեր լինելութեան ու դեռ այդ բոլորում առաջընթացի գրաւականները ամրակայող պատասխանատու եւ յանձնառու պարտաւորութիւնների արժանավայել կենսաւորումը զգալու:

  • «Արցախն առանց Հայաստանի չեմ պատկերացնում». Ռուբէն Վարդանեան
    «Արցախն առանց Հայաստանի չեմ պատկերացնում». Ռուբէն Վարդանեան

    Մարտի 18-ին Ստեփանակերտի Երիտասարդութեան պալատում կայացել է հանդիպում ԱՀ նախկին պետական նախարար Ռուբէն Վարդանեանի հետ: Հանդիպմանը, որին մասնակցում էին հասարակութեան տարբեր խաւերի ներկայացուցիչներ, քննարկւել է «Ինչպէ՞ս դառնալ առաջնորդ» թեման:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։