Հա

Քաղաքական

16/10/2022 - 13:30

Ի՞նչ կը փոխեն ԵՄ դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին․ ի՞նչ է սպասւում առաքելութեան աւարտից յետոյ

168.am-ի հետ զրոյցում անդրադառնալով ԵՄ դիտորդներին, ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ ԵՄ-ն աննախադէպ արագութիւն ցուցաբերեց որոշումների կայացման հարցում՝ արագօրէն դիտորդներ տեղակայելով՝ այն դէպքում, երբ պարզ որոշումների կայացման համար տարիներ են պահանջւում։ Սա, նրա որակմամբ, հերթական անգամ ցոյց տւեց, որ խնդիրը ոչ թէ եւրոպական բիւրոկրատիան է, այլ քաղաքական կամքի բացակայութիւնը։

«alikonline.ir» - ԵՄ առաքելութեան առաջին խումբը Երեւանում է նախօրէից։ Հայ-ադրբեջանական սահմանի հայկական հատւածում ԵՄ-ն դիտորդական առաքելութիւն կիրականացնի երկու ամիս ժամկէտով։ Նախօրէին «Թւիթեր»-ում Հարաւային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եւրոմիութեան յատուկ ներկայացուցիչ Տոյւօ Կլաարը գրել էր. «Եւրոմիութեան անդամ 27 երկրներն արագ են գործել՝ արձագանգելու Հայաստանի խնդրանքին։ Եւրոմիութեան առաքելութեան տեղակայման նպատակն է դիտարկել իրավիճակը եւ աջակցել հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կայունացմանը»: Նա առաջինն էր հաղորդել, որ ԵՄ առաքելութեան առաջին խումբը տեղում է։

Սրան զուգահեռ՝ ըստ էութեան տապալւեց ռուսական առաջարկը՝ ՀԱՊԿ խաղաղապահներ տեղակայել սահմանին։ Օրերս Աստանայում Միրզոյեան-Լաւրով հանդիպմանը պարզ դարձաւ, որ այս հարցի շուրջ Երեւան-Մոսկւա-ՀԱՊԿ տարաձայնութիւններ կան, քանի որ Լաւրովը, ըստ էութեան, հայկական կողմին մեղադրեց այդ որոշման ձգձգման մէջ, քանի որ դրա ֆորմալ հաստատման համար հարկաւոր էր ՀԱՊԿ նախագահող երկրի կողմից խորհրդի հրաւիրում եւ հարցի քննարկում։

Այնուամենայնիւ ԵՄ դիտորդների տեղակայումը, պրահեան քառակողմ բանակցութիւնների արդիւնքների համաձայն, հայ-ադրբեջանական սահմանի հայկական հատւածում ուշագրաւ ու ըստ էութեան աննախադէպ զարգացում է ՀՀ-Արեւմուտք կապերի ու Հարաւային Կովկասում ԵՄ քաղաքականութեան հարցում։ Միւս կողմից հարկ է նաեւ նշել, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղութեան համաձայնագրի բրիւսէլեան բանակցութիւնների գործընթացում կարող են նաեւ անակնկալներ ի յայտ գալ, քանի որ Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ բանակցութիւնների մասնակից Ֆրանսիայի նախագահ էմանուէլ Մակրոնի՝ Ռուսաստանին ու Ադրբեջանին ուղղւած բացայայտ ու ուղիղ քննադատութիւնն արժանացաւ Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների քննադատութեանն ու զարմանքին։

Աւելին, Ալիեւը եւ ադրբեջանական դիւանագիտութիւնը սկսում են կասկածի տակ դնել Մակրոնի միջնորդական դերակատարութիւնը, զուգահեռաբար սեպտեմբերեան յարձակման դադարեցման միջնորդական «դափնիները» վերագրելով Ռուսաստանին այն դէպքում, երբ Երեւանը նշել էր, թէ սեպտեմբերյան մարտերը դադարել են ԱՄՆ միջնորդութեամբ։ Այսինքն՝ հայ-ադրբեջանական գործընթացում գլխաւոր միջնորդի համար մրցավազքը շարունակւում է, եւ այս թեման ըստ իրավիճակի կարող է խաղարկւել նաեւ Ադրբեջանի կողմից։

168.am-ի հետ զրոյցում անդրադառնալով ԵՄ դիտորդներին, ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ ԵՄ-ն աննախադէպ արագութիւն ցուցաբերեց որոշումների կայացման հարցում՝ արագօրէն դիտորդներ տեղակայելով՝ այն դէպքում, երբ պարզ որոշումների կայացման համար տարիներ են պահանջւում։ Սա, նրա որակմամբ, հերթական անգամ ցոյց տւեց, որ խնդիրը ոչ թէ եւրոպական բիւրոկրատիան է, այլ քաղաքական կամքի բացակայութիւնը։

«Այս դէպքում փաստօրէն գործընթացի սկզբից, դեռ ամիսներ առաջ նկատւեց, որ կայ լուրջ մտադրութիւն, այդ պատճառով ԵՄ-ն աւելի արագ է, գլխաւոր նպատակը՝ ներկայութիւն Հարաւային Կովկասում Ռուսաստանի փոխարէն։ Ինչու երկու ամսով, եւս հասկանալի է, քանի որ հաշւարկն այն է, որ այդ ընթացքում կը ստորագրւի համաձայնագիր Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ։ Միգուցէ, եթէ խօսքը լինէր երկարաժամկէտ առաքելութեան մասին, որոշումը բարդ լինէր կայացնել, ըստ էութեան սա կարճաժամկէտ, փոքր առաքելութիւն է, որի խնդիրն է՝ ստեղծել պայմաններ խաղաղութեան համաձայնագրի ստորագրման համար։ Իսկ թէ ինչ կը լինի յետոյ, ամենահետաքրքիրը, իհարկէ, դա է։

Սակայն մինչ դա, կարծում եմ, կայունութիւնը դիտորդների ներկայութեան պայմաններում կախւած է այն հանգամանքից, թէ սահմանի որքան հատւածում են նրանք տեղակայւել եւ ծաւալում առաքելութիւն, կամ, եթէ լինեն խախտումներ, որն է լինելու դիտորդների դերը ու ԵՄ արձագանգը դրան։ ԵԱՀԿ ՄԽ ակտիւ գործունէութեան շրջանում կային դիտորդներ, որոնք գործունէութիւն էին ծաւալում, ժամանակ առ ժամանակ արձանագրում հրադադար, ի՞նչ էր դրան հետեւում, յիշում են, թերեւս, բոլորը, ոչինչ։

Սակայն այս դէպքում խօսքը կարծես մշտական առաքելութեան մասին է, որը նշանակում է, որ երեւի թէ մեծ ու տեւական բախումներ չեն լինի, սակայն ամէն դէպքում դա երաշխիքներ չի ստեղծում թէ լիարժէք կայունութեան, թէ համաձայնագրի վերջնական ստորագրման համար»,- մեկնաբանեց վերլուծաբանը։ Նա այն կարծիքին է, որ այսօր էլ, որքան էլ կողմերը մօտեցել են այդ համաձայնագրին, վերջնական ժամկէտներ են նշւում, սակայն կողմերի միջեւ կան լուրջ տարաձայնութիւններ, մեղադրանքներ, համաձայնագրի մաս կազմող կարեւոր կէտերի շուրջ անհամաձայնութիւններ։

«Կարծում եմ՝ այս պահին վաղաժամ է որեւէ հանգրւանից խօսել վերջնականօրէն, քանի որ ինչ-որ բաներ կարող են փոխւել։ Սակայն, եթէ անդրադառնանք մեր խօսակցութեան գլխաւոր թեմային, ապա դիտորդների ներկայութիւնն աւելի լաւ է ռեգիոնի համար, քան դրա բացակայութիւնը։

Սա սահմանափակ ժամկէտով առաքելութիւն է, ԵՄ-ում լաւ տեղեակ չեն այս հակամարտութեան ակունքներից ու գուցէ չեն պատկերացնում, որ այս հակամարտութիւնը գուցէեւ չլուծւի երկու ամիս անց, ուստի ինչ կը լինի երկու ամիս անց։ Այսինքն՝ սա իրավիճակային խնդիր լուծող որոշում է, տեւական լուծումը լուրջ տարաձայնութիւնները վերացնելն է բալանսաւորւած քայլերով։ Երբ դրանք չկան, տեւական խաղաղութեան մասին խօսելը եւս բարդ է։ Այս առնչութեամբ նշեմ նաեւ այն, որ ՀՀ-ն ցանկացաւ նաեւ այնպէս, որ լինեն ԵՄ դիտորդներ, սա եւս ռեգիոնում գործընթացների մասին է փաստում»,- նկատեց նա։

 

Արաքս Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։