1915-ին տեղի ունեցածը Հայոց Ցեղասպանութիւն անւանելու համար Դիարբեքիրի փաստաբանների պալատի վարչակազմի դէմ յարուցւած քրգործն աւարտւել է արդարացման վճիռով։
«alikonline.ir» - 1915-ին տեղի ունեցածը Հայոց Ցեղասպանութիւն անւանելու համար Դիարբեքիրի փաստաբանների պալատի վարչակազմի դէմ յարուցւած քրգործն աւարտւել է արդարացման վճիռով։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Փաստաբան Նուրջան Քայեան յայտնել է, որ Դիարբեքիրի 11-րդ ծանր յանցագործութիւնների դատարանում կայացած նիստում ընդունւել է արդարացման որոշում։
Փաստաբանը մասնաւորապէս նշել է․ «Դիարբեքիրի փաստաբանների միութեան 2018-2020թթ․ վարչակազմի դէմ 1915-ը Ցեղասպանութիւն անւանելու համար բացւած գործի դատական նիստին ենք։ Պալատի նախկին նախագահ Ջիհան Այդընը պատմում է, թէ ինչեր են կատարւել Դիարբեքիրում 1915 թւականին։ Այսինքն ասում է, որ այն, ինչը Ցեղասպանութիւն է, Ցեղասպանութիւն էլ անւանում ենք եւ մեր խնդիրն առերեսումն է ու ճշմարտութեան կոչը։
Դատախազն արդարացում պահանջեց՝ պատճառաբանելով, որ իր կարծիքով յանցագործութեան տարր եւ յանցագործութիւն կատարելու (պետութիւնը հրապարակաւ նւաստացնելու) մտադրութիւն չի եղել։
Այսպիսով յանցակազմի բացակայութեան հիմքով կայացւել է արդարացման որոշում»։
Յիշեցնենք, որ նշեալ գործը յարուցւած է եղել Թուրքիայի Քրէական օրէնսգրքի 301-րդ յօդւածի յատկանիշներով։ Դրա համար պատճառ է ծառայել պալատի պաշտօնական կայքում տեղ գտած երկու առանձին յայտարարութիւն․ 2019թ․ ապրիլի 24-ին «1915․․․!» վերնագրով հրապարակւած յայտարարութիւնը, ինչպէս նաեւ 2019թ․ դեկտեմբերի 2-ին «Չենք վախենում եւ չենք լռելու» վերնագրով յայտարարութիւնը։
Վերջինս հրապարակւել է որպէս արձագանգ Դիարբեքիրի փաստաբանների պալատի 2017-2018թթ․ վարչակազմի դէմ կրկին ապրիլի 24-ին կատարւած յայտարարութեան պատճառով յարուցւած նոյնաբովանդակ գործին։