Սոյն թւականի հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի եւ Եւրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշէլի մասնակցութեամբ Փաշինեանի եւ Ալիեւի միջեւ տեղի ունեցած բանակցութիւնները, ինչպէս եւ դրանց հետեւանքով ստորագրւած յայտարարութիւնը շրջադարձային քայլ էին՝ դուրս բերելու հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը ռուսական միջնորդական ծիրից եւ տեղափոխելու արեւմտեան վերահսկողութեան դաշտ։ Այս ուղղութեամբ նախնական քայլ կարելի է համարել ընդունւած յայտարարութեան համաձայն Եւրոպական միութեան քաղաքացիական առաքելութեան հրաւիրումը հայ-ադրբեջանական սահման։
Սոյն թւականի հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի եւ Եւրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշէլի մասնակցութեամբ Փաշինեանի եւ Ալիեւի միջեւ տեղի ունեցած բանակցութիւնները, ինչպէս եւ դրանց հետեւանքով ստորագրւած յայտարարութիւնը շրջադարձային քայլ էին՝ դուրս բերելու հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը ռուսական միջնորդական ծիրից եւ տեղափոխելու արեւմտեան վերահսկողութեան դաշտ։ Այս ուղղութեամբ նախնական քայլ կարելի է համարել ընդունւած յայտարարութեան համաձայն Եւրոպական միութեան քաղաքացիական առաքելութեան հրաւիրումը հայ-ադրբեջանական սահման։ Այլ խնդիր է, թէ առաւելագոյնը երկամսեայ գործունէութեան իրաւասութիւն ունեցող «առաքելութիւնը» որքանով կարող է օգտակար լինել շփման գծի լարւածութեան թուլացման համար, եթէ, ըստ յայտարարութեան, «Առաքելութեան նպատակը կը լինի վստահութեան կառուցումը եւ իր զեկոյցների միջոցով սահմանային յանձնաժողովներին աջակցելը»։ Ընդ որում, դարձեալ ըստ յայտարարութեան, Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշեալ առաքելութեան հետ այնքանով, որքանով որ առնչութիւն կունենայ, կարծես սահմանային խնդիրները վերաբերում են միայն Հայաստանին։ Հայկական կողմի համար նսեմացուցիչ այս ձեւակերպումը Ադրբեջանին թոյլ կը տայ ինքնուրոյն որոշել, պարզ ասած, բանի տեղ դնե՞լ այդ յանձնաժողովին, թէ՞ ոչ։ Միւս կողմից՝ ռուսների հնարաւոր դժգոհութեանը նա կը կարողանայ պատասխանել, թէ դա հայկական կողմի նախաձեռնութիւնն է։ Իսկ որ Ադրբեջանը Թուրքիայի ուղղորդմամբ թքել է բոլոր տեսակի բանակցութիւններից ու փաստաթղթերից բխող պարտաւորութիւնների վրայ, եւ դրանք բոլորը հայկական կողմի համար են պարտադրանք, ապացուցում են ոչ միայն նրա բոլոր գործողութիւնները 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրւած յայտարարութիւնից յետոյ, այլեւ կրկին հայկական սահմանների ու դիրքերի գնդակոծումները, երբ թանաքը դեռ չէր չորացել Պրահայում ստորագրւած փաստաթղթի վրայ, կողմերը դեռ չէին հասցրել տուն վերադառնալ Աստանայում տեղի ունեցած բանակցութիւններից։
Պրահայում ադրբեջանական կողմը, յիշեալ յայտարարութեան առաջին պահանջի համաձայն, հասաւ նրան, որ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց յանձնառութիւնը ՄԱԿ-ի կանոնադրութեանը եւ 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնցով երկու կողմերն էլ ճանաչել են միմեանց տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը»։ Հայ եւ օտար քաղաքական ու քաղաքագիտական հանրոյթը արդէն տւել է այդ բանաձեւման գնահատականը, ըստ որի՝ հայկական կողմը դրանով Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Իհարկէ, Ալիեւն այնքան միամիտ չէ, որ բաւարարւի այսքանով, այլ փորձելու է ամրագրել տւեալ պայմանաւորւածութիւնը՝ դրանից բխող մանրամասներով, որպէսզի հայոց ազգային որեւէ իշխանութիւն ապագայում իրաւական հնարաւորութիւններ չունենայ բարձրացնելու Արցախի անկախ կարգավիճակի հարցը։
Հոկտեմբերի 10-ին https://eadaily.com/ru/news/ ռուսական առցանց լրատւամիջոցին տւած հարցազրոյցում ադրբեջանցի քաղաքագէտ Իլգար Վելիզադէն ասել է. «…. Այն, որ կողմերը ճանաչում են միմեանց սահմանները՝ ելնելով 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրից, շատ կարեւոր է։ Բայց խաղաղութեան պայմանագրում չպէտք է տեղ լինի հին օրակարգին վերադառնալու համար, եւ այդ պայմանագրում պէտք է յստակ ամրագրւած լինեն կողմերի իրաւասութիւնները։ Հայաստանը պէտք է հասկանայ եւ ընդունի, որ Ղարաբաղի հայերին վերաբերող հարցերը Հայաստանի իրաւասութիւնը չեն, եւ ապագայում, եթէ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, ապա պէտք է ճանաչի նաեւ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում՝ այդպիսով առաջնորդւելով միմեանց գործերին չմիջամտելու սկզբունքով։ Չպէտք է բարձրացնի Ղարաբաղի հայերին առնչւող հարցերը։ Դա նոյնպէս պէտք է տեղ գտնի խաղաղութեան պայմանագրի տեքստում։ Եթէ խաղաղութեան պայմանագրում լինեն ինչ-որ սողանցքներ եւ չբարձրաձայնւած հարցեր, ապա դրանք հետագայում իւրաքանչիւր կողմ կարող է օգտագործել իր շահերի համար, եւ դա անթոյլատրելի է։ Դրա համար էլ խաղաղութեան պայմանագիրը պէտք է փակի այսօրւայ համար մնացած բոլոր հարցերը»1։
Եւ ահա հոկտեմբերի 12-ին Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի անունից տարածւեց այն լուրը, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղութեան պայմանագրի ընդլայնւած տարրերը։ Ըստ Բայրամովի՝ դրանք լրացնում են աւելի վաղ ներկայացւած հինգ հիմնական սկզբունքները, որոնք պէտք է Բաքւի եւ Երեւանի միջեւ խաղաղութեան պայմանագրի եւ յարաբերութիւնների կարգաւորման հիմք դառնան։ «Ադրբեջանական կողմը հայկական կողմին ներկայացրել է ընդլայնւած տարրերը։ Հայկական կողմը խնդրել է ժամանակ տրամադրել այդ տարրերին ծանօթանալու համար»: Ի դէպ, այս նոյն ժամանակահատւածում Ադրբեջանն ամրապնդում է իր դիրքերն ու ռազմականօրէն հզօրացնում Հայաստանի Հանրապետութիւնից գրաւեալ տարածքները, ինչը վկայում է, որ նա չի պատրաստւում իր կամքով լքելու դրանք։ Ի պատասխան սրա՝ հայկական կողմը տարբեր ատեաններում հարցը լուծելու խնդրանք ու բողոք է ներկայացնում՝ գործնականում ոչ մի ձեւով ցոյց չտալով, թէ իր ուժերով պատրաստւում է լուծելու երկրի տարածքային ամբողջականութեան ապահովման ու անվտանգութեան հարցը, ինչի պատասխանատւութիւնը ստանձնել է՝ ստանձելով երկրի կառավարումը։
Այսպիսով՝ ակնյայտ է, որ քանի դեռ ռուսները լրջօրէն խրւած են Ուկրայինայի դէմ պատերազմի մէջ, թուրք-ադրբեջանական տանդեմը ձգտում է վերջնականապէս փակելու Արցախի հարցը եւ Հայաստանից պոկելու առաւելագոյնը՝ միջանցքի կամ միջանցքների ներառմամբ։
Արեւմուտքը շտապում է Հայաստանի ու Արցախի հաշւին հասնելու խնդրի լուծմանը՝ ստանձնելով կովկասեան գործերը տնօրինելու իրաւունքը եւ տարածաշրջանից դուրս մղելով Ռուսաստանին, իսկ Հայաստանի իշխանութիւնը շտապում է… իրականացնելու արեւմտեան հովանաւորների ցանկութիւնները, ինչը, ըստ էութեան, փորձում է անել իր ղեկավարման չորս տարիների ընթացքում։ Իրազեկ աղբիւրների համաձայն՝ Հայաստանի ղեկավարութիւնը Արեւմուտքին խոստացել է նաեւ հրաժարւել ՀԱՊԿ-ին անդամակցութիւնից, ինչպէս եւ խզելով պայմանագիրը՝ Հայաստանից դուրս բերել ռուսական ռազմական 102-րդ ռազմաբազան։ Զոհաբերելով ազգային շահերը՝ Հայաստանի իշխանութիւնը այդպիսով կամրապնդի Արեւմուտքի բարեհաճութիւնը՝ երկրի ներսում անօրինական ու բռնի մեթոդներով պահպանելու իշխանութիւնը եւ մի օր էլ ստանալու ապաստանի իրաւունք։
Ռուսաստանի մօտեցումը մնում է սառեցնելը կամ երկարաձգելը գործընթացները, ամէն կերպ կանխելը հակամարտութեան թեւակոխումը պատերազմական փուլ, քանի դեռ չի կարող իր ունեցած քաղաքական, ռազմական, տնտեսական եւ այլ գործիքակազմերով դրանք լիարժէքօրէն ուղղորդել եւ հանգուցալուծել իր միջնորդական տրամաբանութեան համաձայն։ Միաժամանակ նրա համար հեշտ չէ զսպել ադրբեջանցիների ու թուրքերի գործողութիւնները, երբ Հայաստանն ինքը հակառուսական խաղերի մէջ է եւ ձգտում է վերջինիս փոխարինել արեւմտեան տէրութիւններով: Ըստ էութեան Փաշինեանի իշխանութիւնը Արեւմուտքի ձեռքին գործիք դառնալով Հայաստանը վերածում է Ռուսաստանի դէմ երկրորդ ճակատի: Այս պայմաններում Ռուսաստանը հաշւի է նստում ուժեղ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, որոնց հետ իր քաղաքական, տնտեսական, հաղորդակցական եւ այլ խնդիրները արեւմտեան պատժամիջոցների խստացման այս փուլում շատ աւելի մեծ նշանակութիւն են ստացել։ Խրւելով ճակատագրական նշանակութիւն ձեռք բերած պատերազմի մէջ՝ Ռուսաստանն ակնյայտօրէն չի մոռանում, այլ չափազանց խանդով է վերաբերւում իրեն թիկունքից հարւածելու, խաղից դուրս թողնելու քայլերին, որոնց մէջ կարծես միասնական են թէ՛ Արեւմուտքը, թէ՛ Ադրբեջանն ու Թուրքիան եւ թէ՛ Հայաստանը։
Ռուսաստանի արտգործնախարարութեան մամուլի եւ տեղեկատւութեան դեպարտամենտի տնօրէն Մարիա Զախարովան հոկտեմբերի 10-ի ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է. «Ցաւօք, այստեղ մենք տեսնում ենք Եւրոմիութեան հերթական փորձը՝ որեւէ կերպ միջամտելու Ադրբեջանի եւ Հայաստանի յարաբերութիւնների կարգաւորմանը, դուրս մղելու մեր երկրի միջնորդական ջանքերը։ Բաքւի եւ Երեւանի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղութեան եւ երկարաժամկէտ կայունութեան հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ յայտարարութիւնների լիարժէք իրականացումն է»2։
Ռեգնում լրատւական գործակալութեան վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը գրում է. «Այսպիսով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձութիւնները շատերի համար անսպասելի շրջադարձ են ունենում. մեծ հետաքրքրութիւն է նկատւում Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի կողմից։ Ընդ որում, սկսել են աւելի յստակ երեւալ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու քաղաքականութեան ուրւագծերը, որի ոտքերի առաջ, մի փորձագէտի խօսքերով, «սկսել են նետել կոտրւած ապակի, որի վրայով քայլելը վտանգաւոր է»։ Աւելին՝ գրեթէ կասկած չի յարուցում կովկասեան տարածաշրջան մերձաւորարեւելեան անկայունութեան հնարաւոր տեղափոխման հարցը: Ուստի աշխարհաքաղաքական փոփոխութիւնների դինամիկան տարածաշրջանում Մոսկւայի օրակարգ է բերում ազդեցութեան ոլորտների վերաբաշխման խնդիրը։ Գլխաւորը հիմա չուշանալն է»3։
Հոկտեմբերի 13-ին Աստանայում անցկացւած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում Պուտինը Ալիեւին եւ Փաշինեանին հրաւիրեց հանդիպման Ռուսաստանում։ Այս հրաւէրի բովանդակութիւնը հոկտեմբերի 14-ին հետեւեալ կերպ է մեկնաբանել ռուս յայտնի քաղաքագէտ Սերգէյ Մարկեդոնովը. «Մոսկւան ամէն կերպ հասկացնում է, որ հեռավար դիւանագիտութեան չի անցել, հակամարտութեան կարգաւորմանն ուղղւած նրա ջանքերը, ՌԴ-ի պատկերացման համաձայն, շարունակւելու են»4։
Ռուսաստանը, իհարկէ, հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործում հետապնդում է իր շահերը, որոնք չեն նոյնականանում Հայաստանի շահերի ու պատկերացումների հետ, սակայն երբ Արեւմուտքը, այլեւս անտեսելով Արցախի կարգավիճակի խնդիրը, դարձեալ փորձում է յօգուտ Ադրբեջանի լուծել հայ-ադրբեջանական կնճիռը, Հայաստանն ի՞նչ հաշւարկով է նոյնպէս ձգտում Ռուսաստանին դուրս մղելու գործընթացից, որն առնւազն մեծ ընդհանրութիւններ ունի ռուսական շահերի հետ, ինչպէս եւ որոշակի հակակշռման վիճակ կարող է ստեղծել բանակցութիւններում՝ հայկական կողմին ընձեռելով սեփական շահերն առաջ մղելու հնարաւորութիւն։ Երբ, օրինակ, Փաշինեանը Արեւմուտքում բերանը ջուր է առնում Արցախի հարցում, արեւմտեան առաջնորդները որոնք բազմիցս յայտարարել էին կարգավիճակի յստակեցման անհրաժեշտութեան մասին, շրջանցում են խնդիր եւ բնականաբար, այս հանգամանքը Աստանայում Ալիեւին հնարաւորութիւն է տալիս յայտարարելու, թէ Ղարաբաղի հարցն իր ներքին գործն է, եւ ոչ մէկի հետ ինքը չի պատրաստւում այն քննարկելու։ Եւ ի դէպ Ադրբեջանն է սկսել հայկական կողմին մեղադրել հարցը տարբեր միջնորդների դաշտ տեղափոխելու փորձերի մէջ, ինչի հետ իրենք իբրեւ թէ համաձայն չեն։ Արեւելքից Արեւմուտք եւ այս արանքում թուրք-ադրբեջանական դաշտում խաղեր տալու Նիկոլ Փաշինեանի եւ իր թիմի ճիգերը ոչ թէ քաղաքականութիւն են, այլ գաւառական խորամանկութիւն, որը կարող է թերեւս ընդունւել նիկոլապաշտ ամբոխի կողմից եւ ոչ թէ աշխարհի բախտը տնօրինող առաջնորդների։
Տեղին է այստեղ անդրադառնալը նաեւ այն փաստին, որ Պրահայում տեղի ունեցած Փաշինեան-Էրդողան հանդիպումից յետոյ Թուրքիայի նախագահը լրագրողներին յայտարարել է, թէ Զանգեզուրի միջանցքի հարցում խնդիրներ չի տեսնում, իսկ Աստանայում Փաշինեանը դարձեալ ասել է, որ միջանցքների մասին որոշում չկայ։ Այս անգամ ո՞ւմ է փորձում ֆռռացնել Հայաստանի ոչ բարով առաջնորդը՝ ռուսների՞ն, թուրքերի՞ն, թէ՞ հայերին՝ իւրաքանչիւրին տարբեր բան ասելով։ Ակնյայտ է, որ այս ամէնը սպառնալիքներ է ստեղծում պատերազմի շեմին գտնւող Հայաստանի համար թէ՛ Ադրբեջանի, թէ՛ Թուրքիայի եւ թէ՛ նոյնիսկ Ռուսաստանի կողմից, որն անգամ իր եղբայր ուկրայինացիներին չխնայեց, երբ նրանք փորձեցին թշնամուն բերել Ռուսաստանի դարպասների մօտ։
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինեանը չի փորձում իր համար ռազմաքաղաքական լուրջ խնդիրներ լուծել Իրանի հետ, որն ամէն օր ամենաբարձր մակարդակներով յայտարարում է Հայաստանի անվտանգութեան եւ ամբողջականութեան հետ կապւած իր կարմիր գծերի մասին։ Ինչո՞ւ են անտեսւում Հնդկաստանի, Չինաստանի եւ այլ երկրների հետ փոխյարաբերութիւններն ակտիւացնելու փորձերը, որոնք ուժեղանալու, մանեւրելու յաւելեալ հնարաւորութիւններ կը ստեղծեն Հայաստանի համար։ Նիկոլ ղեկավարը, չձգտելով ուժեղացնելու սեփական բանակը, անհեռանկար ճիգեր է գործադրում Հայաստանի համար անվտանգութեան երաշխիքներ ապահովելու արտաքին ուժերից։ Արտաքին թշնամիներից պաշտպանւելու համար բանակն ուժեղացնելու փոխարէն նա շռայլօրէն գումարներ է ծախսում ոստիկանութեան վայրենի պատժիչ մեքենան հզօրացնելու համար, որն իրեն պէտք է պաշտպանի սեփական ժողովրդից, որի գիտակից ու հայրենասէր հատւածն ի վերջոյ իրենից հաշիւ է պահանջելու Արցախն ու հայոց պետականութիւնը կործանման եզրին հասցնելու համար։ Վերը շարադրւած իրողութիւնները եւս մէկ անգամ հաստատում են այն փաստը, որ Նիկոլ Փաշինեանի գերնպատակը իշխանութիւնն է, յանուն որի պահպանման նա թշնամիների ու տարածաշրջանով շահագրգիռ ուժերի առջեւ աճուրդի է դրել իր հայրենիքն ու հայրենի պետութիւնը։
Այս պայմաններում անհրաժեշտութիւն է առողջ եւ գործուն ներուժի կենտրոնացումն ու հայրենիքի փրկութեան վճռական պայքարի ազդարարումը։ Այլընտրանքը պետականութեան կործանումն ու թուրքական հպատակութիւնն է, դէպի ուր տանում է մեզ կոյր ու ատելութեամբ թունաւորւած ամբոխի բախտախնդիր առաջնորդը։ Իսկ ժամանակը սպառւում է։
________________________________________
Յղումներ
1. https://eadaily.com/ru/news/2022/10/10/posrednicheskie-torgi-po-karabahu-baku-trebuet-erevan-manipuliruet-intervyu (մուտք՝ 15.10.2022).
2. https://yerkir.am/hy/article/2022/10/12/1185 (մուտք՝ 15.10.2022).
3. https://regnum.ru/news/polit/3718827.html (մուտք՝ 15.10.2022).
4. https://armeniasputnik.am/20221014/mvoskvan-arcakhi-harcvov-heravar-divanagitutjan-chi-ancel-markedvonvov-49787744.html (մուտք՝ 15.10.2022).