Կոնստանտին Զատուլինի հետ կապւած այս պատմութիւնը՝ Պուտին-Ալիեւ-Փաշինեան սպասւող հանդիպման ֆոնին շատ բացասական ազդակ է։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագէտ Ստանիսլաւ Տարասովը։
«alikonline.ir» - Կոնստանտին Զատուլինի հետ կապւած այս պատմութիւնը՝ Պուտին-Ալիեւ-Փաշինեան սպասւող հանդիպման ֆոնին շատ բացասական ազդակ է։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագէտ Ստանիսլաւ Տարասովը։
Յիշեցնենք, Հայաստանի իշխանութիւնն արգելել է ՌԴ ԱՊՀ գործերի, եւրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի յանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան՝ նրան համարելով «անցանկալի անձ»։ Տեղեկութիւնը նախ հրապարակեց Նիկոլ Փաշինեանի ընտանեկան թերթը, ապա այն պաշտօնապէս հաստատւեց։ Զատուլինը տելեգրամեան ալիքում հրապարակեց այդ մասին հաւաստող նամակը, որտեղ ասւում է. «ՀՀ Ազգային ժողովի ղեկավարութեան անունից տեղեկացնում ենք, որ, ցաւօք, Հայաստանի Հանրապետութեան դէմ վերջին շրջանի Ձեր հրապարակային յայտարարութիւնները վնասում են մեր պետութիւնների միջեւ բարեկամական եւ դաշնակցային յարաբերութիւնների զարգացմանը։
Այս առումով ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետութիւն համարւում է անցանկալի»,- նշւում է ԱԺ արտաքին կապերի վարչութեան պետ Տիգան Սէյրանեանի ստորագրութեամբ ուղարկւած նամակում։
Տարասովի դիտարկմամբ՝ «Սա ոչ ստանդարտ որոշում է, ես չգիտեմ, արդեօ՞ք այն ինքնուրոյն է ընդունւել։ Սա շատ վատ ազդակ է։ Լազարեան ակումբը, որի անդամ եմ նաեւ ես, վերջին շրջանում որեւէ ակտիւութիւն չէր ցուցաբերում՝ պայմանաւորւած քովիդով եւ այլ հանգամանքներով, եւ ահա, մենք պատրաստւում էինք ժամանել Երեւան ու եղաւ Հայաստանի իշխաանութեան որոշումը Զատուլինի վերաբերեալ։ Ներկայացնո՞ւմ է արդեօք Զատուլինը անձնական վտանգ ՀՀ ղեկավարութեան, Հայաստանի քաղաքական ռեժիմի համար, քիչ հաւանական է։ Եթէ նրանք որեւէ վտանգ են դիտարկել, ապա դա յանգեցնում է մտքին, որ Փաշինեանի իշխանութիւնը ինչ-որ ներքին ցնցումներից, եւ Երեւանում, այսպէս կոչւած, ռուսական ներկայութիւնից վախենում են, սա ցոյց է տալիս, որ իշխանութիւնը նեարդայնացած է»։
Նրա խօսքերով, սա, անկասկած, բացասական գործօն է հայ-ռուսական յարաբերութիւններում։ «Խնդիրը նրանում է, որ Հայաստանը՝ որպէս ՀԱՊԿ անդամ, որպէս Ռուսաստանի գործընկեր նաեւ ԵԱՏՄ շրջանակում, դրական իմիջ ունէր, բայց Բաքւի դիւանագիտութիւնը կարողացաւ դա չէզոքացնել՝ օգտւելով Փաշինեանի կոպիտ սխալներից։ Ալիեւը, որը ո՛չ ԵԱՏՄ անդամ է, ո՛չ ՀԱՊԿ անդամ, կարողացաւ Մոսկւայի հետ այնպիսի յարաբերութիւններ ձեւաւորել, որը Հայաստանը չկարողացաւ։ Սա մի կողմից, միւս կողմից էլ՝ Թուրքիայի գործօնն է»,- նկատել է ռուս վերլուծաբանը՝ շարունակելով. «Հայաստանի իշխանութեան պրիմիտիւ, գաւառական դիւանագիտութունը՝ խաղարկել եւրոպական խաղաքարտը ՌԴ-ի դէմ, ի վերջոյ, արդիւնք չի տալու»։
Ըստ նրա, Ադրբեջանի հետ յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած այդ բոլոր դիւանագիտական մանեովրները, խաղը՝ տարբեր հարթակներում՝ բրիւսէլեան եւ մոսկովեան, միւս կողմից էլ՝ Ալիեւի այցը Վրաստան եւ առաջարկը եռակողմ հարթակ ձեւաւորել՝ առանց Ռուսաստանի, խօսում է այն մասին, որ ինչ-որ բան է կատարւում։ «Կայ Մոսկովեան առաջարկը, Պուտինը հրաւիրել է նրանց, այնտեղ, ըստ երեւոյթին, կայ նախագիծ Ղարաբաղի հարցով, որը, ըստ երեւոյթին, չի բաւարարում Ադրբեջանին, բայց միւս կողմից այն կարող է չբաւարարել նաեւ Փաշինեանին, ինչպէս պարզւում է։ Նա, կարծես թէ, խաղում է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցութեան սահմանափակման օգտին։ Այստեղ նրանց շահերը կարող են համընկնել»,- ասաց Տարասովը։
Ռուս վերլուծաբանը այս ամէնը չափազանց վտանգաւոր է համարում եւ նշում է, որ տարածաշրջանում իրական ուժը Ռուսաստանն է, որը Հայաստանում ռազմաբազա եւ Արցախում խաղաղապահ ուժեր ունի եւ բացի այդ, լուծման տարբերակներ։
«Բայց պէտք է ասեմ, որ Ռուսաստանը Ղարաբաղի հայերին անպաշտպան չի թողնի։ Ի վերջոյ, Ադրբեջանը մեծ խաղ է տանում, նա բարդ աշխարհաքաղաքական վիճակում է գտնւում եւ հետաքրքրւած է Ռուսաստանի հետ համագործակցութեամբ։ Մենք նրան կարող ենք առաջարկել, այսպէս ասած, Ղարաբաղի կարգավիճակի հարցի յետաձգում եւ ռուս խաղաղապահների մանդատի՝ եւս 5 տարով երկարաձգում։ Այն բանից յետոյ երբ Փաշինեանը 44-օրեայ պատերազմի ընթացքում հրաժարւեց ճանաչել Ղարաբաղի անկախութիւնը, դա յանգեցրեց նրան, որ հիմա ռուս խաղաղապահները, իրաւաբանօրէն, ստացւում է, որ գտնւում են Ադրբեջանի տարածքում եւ մենք խաղաղապահների կարգավիճակի հարցը կարող ենք որոշել առանց Երեւանի։ Բացի այդ, ըստ էութեան, Փաշինեանի գործունէութիւնը մի բանի է յանգում, որ Ալիեւը, ի դէմս Փաշինեանի, Պուտինի առաջ հայելի է դրել եւ ասում է՝ ահա, նայի՛ր, ես միշտ ասում էի, որ նա ընդդէմ Ռուսաստանի է գործում, դու տեսնո՞ւմ ես»,- մեկնաբանում է ռուս փորձագէտը՝ նշելով, որ հաշւի առնելով Մերձաւոր Արեւելքի անկայուն վիճակը, Ադրբեջանը օբիեկտիւօրէն հետաքրքրւած է ռուսական ռազմական ներկայութեամբ եւ կարող է իր շահերի համար զոհաբերել Ղարաբաղի նկատմամբ սուվերենութեան մի մասով։
Ըստ Տարասովի, Ալիեւը շտապում է փաստաթղթով ամրագրել պատերազմից յետոյ ստեղծւած ստատուս քւոն, իսկ Փաշինեանի քաղաքականութիւնը, այն, որ նա Ղարաբաղը բաժանում է Հայաստանից, յանգեցնում է Հայաստանի պետականութեան քայքայմանը, ինչը անգամ կարող է յանգեցնել նրան, որ Հայաստանը դառնայ Ադրբեջանի համար ենթամանդատային տարածք։
«Դուք՝ հայերդ, պէտք է հասկանաք, որ հայկական պետականութեան սիրտը Ղարաբաղն է, այդ Երեւանն է պրովինցիան։ Փաշինեանը, որը բաժանեց Ղարաբաղը Հայաստանից, վերջին հաշւով կրախի է տանում այն պետականութեան համակարգը, որը գոյութիւն ունի»։
Ինչ վերաբերում է խաղաղութեան պայմանագրին, Տարասովը շեշտեց՝ փաստաթուղթ չի լինի, խաղ է գնում։ Ըստ նրա, Արեւմուտքը վատ գիտի ՌԴ-ում իրավիճակը եւ այն, թէ ինչ է տեղի ունենում յետխորհրդային տարածաշրջանում։ «Նրանք վստահ են, որ Ռուսաստանը պարտութիւն կը կրի եւ այդ ժամանակ կը սկսւի Ռուսաստանին թուլացնելու Արեւմուտքի ծրագիրը, բայց իրավիճակն այլ է, կուլիսային պայքար է գնում, երկրի պոտենցիալն ուժեղ է, Ռուսաստանը գիտակցել է նաեւ, որ յետխորհրդային տարածաշրջանում սխալներ է գործել, որոնք պէտք է շտկել։ Ռուսաստանը դա հասկացել է։ Ադրբեջանն ուզում է փաստաթղթով ամրագրել այն իրավիճակը, որը ստեղծւել է պատերազմից յետոյ, իսկ Փաշինեանը պայքարում է սեփական իշխանութեան պահպանման համար»,- կարծում է վերլուծաբանը, միեւնոյն ժամանակ ընդգծելով, որ Մերձաւոր Արեւելքում աշխարհաքաղաքական տուրբուլենտութիւնը կարող է նպատաւոր լինել Հայաստանի համար։