168.am-ի հետ զրոյցում իրանցի վերլուծաբան Քէյհան Բարզեգարն ասաց, որ Հարաւային Կովկասում ռուս-իրանական համակարգում է ընթանում։ Սա, նրա խօսքով, բաւարարում է եւ ծառայում Ռուսաստանի ու Իրանի ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական շահերին, քանի որ Արեւմուտքի ակտիւ քաղաքականութիւնը Հարաւային Կովկասում ոչ ՌԴ-ի, ոչ Իրանի շահերից չի բխում, իսկ համակարգումը թոյլ է տալիս ՌԴ-ի թուլացած ազդեցութիւնը լցնել իրանականով։
«alikonline.ir» - Ուկրայինական պատերազմին զուգահեռ՝ Հարաւային Կովկասում արեւմտեան ներգրաւման փորձերին զուգահեռ, ռեգիոնալ խաղացողները փորձում են առաջ մղել 3+3 կամ, աւելի ճշգրիտ՝ Վրաստանի չմասնակցութեան պայմաններում 3+2 նախաձեռնութիւնը։
Հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ բանակցութիւններից յետոյ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդների տեղակայումը եւ արեւմտեան ներկայութեան հետագայ ընդլայնման հեռանկարը մտահոգում է ոչ միայն Ռուսաստանին, որը հանդէս է գալիս այս ամենի դէմ, սակայն, ներկայիս իրավիճակով պայմանաւորւած, չունի ազդեցութեան մեծ ռեսուրս, այլեւ Իրանին, որը էականօրէն ընդլայնելով հայ-իրանական կոնտակտները, ինչպէս նաեւ քաղաքական ներկայութիւնը Սիւնիքում, յստակ ուղերձներ է յղում Երեւանին ու Բաքւին, որ ռեգիոնում անցկանկալի է օտարերկրեայ ներկայութիւն։
«Իրանը դէմ է, որ տարածաշրջանում՝ թէ՛ Հայաստանի, թէ՛ Ադրբեջանի տարածքում, ներկայ լինեն օտարերկրեայ ներկայացուցիչներ։
Մեզ համար շատ կարեւոր է ներքին ներկայացուցիչների գործունէութիւնը տարածաշրջանում, ինչպիսին է «3+3» պլատֆորմը»,- ասել էր ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Հոսէյն Աբդօլլահեանը Երեւանում հոկտեմբերի 21-ին:
Այս պլատֆորմից Աբդօլլահեանը խօսել էր նաեւ Փաշինեանի հետ հանդիպմանը։
Հարկ է յիշեցնել, որ այս այցի ընթացքում խօսւեց հայ-իրանական յարաբերութիւններում ճանապարհային քարտէզի մասին, իսկ սրան յաջորդեց հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ բանակցութիւններից յետոյ Փաշինեանի կարճատեւ այցն Իրանի Իսլամական Հանրապետութիւն։
Սրան զուգահեռ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը հեռախօսազրոյցներ ունեցաւ Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարներ Մեւլութ Չաւուշօղլուի եւ Ամիր Աբդօլլահեանի հետ, քննարկելով իրավիճակը եւ անվտանգութիւնը նաեւ Հարաւային Կովկասում։ Իրան-ԱՄՆ յարաբերութիւններում եւս վերջին մէկ ամսւայ ընթացքում դիւանագիտական յայտարարութիւնների մակարդակով նոր սրացում է նկատւում, որը նաեւ զուգորդւում է Ռուսաստանին իրանական ԱԹՍ-ների վաճառքի թեմայով ու այս առնչութեամբ արեւմտեան քննադատութեամբ՝ ուղղւած Իրանին։ ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշաւն արդէն մեկնարկել է, եւ աւելի ու աւելի տարօրինակ յայտարարութիւններ են հնչում ԱՄՆ-ից։
168.am-ի հետ զրոյցում իրանցի վերլուծաբան Քէյհան Բարզեգարն ասաց, որ Հարաւային Կովկասում ռուս-իրանական համակարգում է ընթանում։ Սա, նրա խօսքով, բաւարարում է եւ ծառայում Ռուսաստանի ու Իրանի ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական շահերին, քանի որ Արեւմուտքի ակտիւ քաղաքականութիւնը Հարաւային Կովկասում ոչ ՌԴ-ի, ոչ Իրանի շահերից չի բխում, իսկ համակարգումը թոյլ է տալիս ՌԴ-ի թուլացած ազդեցութիւնը լցնել իրանականով։
«Ինչպէս տեսնում ենք, սա եւս արժանանում է ԱՄՆ քննադատութեանը, քանի որ ԱՄՆ-ը նկատում է Իրանի ազդեցութեան ընդլայնումը։
Նկատենք նաեւ, որ Թուրքիայի դերին Հարաւային Կովկասում ԱՄՆ-ը չի անդրադառնում, այստեղ կայ տարբերակում։ ԱՄՆ-ի համար սպառնալիք է այստեղ դիտարկւում Իրանն ու ՌԴ-ն։ Այս ամենի ֆոնին պատահական չէ, որ կրկին քննարկւում է տարածաշրջանում վեցակողմ պլատֆորմ ներդնելու հնարաւորութիւնը։ Այստեղ Վրաստանի դէմ դիրքորոշումն է խոչընդոտ, բայց հայ-ադրբեջանական թեմատիկան այսօր հետաքրքրում է նաեւ Վրաստանին՝ միջնորդական ջանքերի հեռանկարի հարցով։
Ուստի չի բացառւում, որ հնարաւոր լինի հայ-ադրբեջանական թեմատիկայով կապել ռեգիոնը, լուծել անվտանգային բոլոր խնդիրները, յատկապէս, երբ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց կողմից իրենց յարաբերութիւնները Հայաստանի հետ մէկ փաթեթով են քննարկում։ Հարաւային Կովկասում փորձ է արւում գեոպոլիտիկ ազդեցութեան փոփոխութիւն գրանցել արտատարածաշրջանային ուժերի միջոցով, սակայն տարածաշրջանային տէրութիւններն էլ իրենց հերթին են վերադիրքաւորւում այնպէս, որը բխում է իրենց իսկ շահերից»,- ասաց վերլուծաբանը՝ ամփոփելով, որ վերադիրքաւորում ընթանում է երկու մակարդակում՝ եւ ռեգիոնում ռեգիոնալ ուժերի միջեւ, քանի որ ՌԴ ուկրայինական պատերազմի ֆոնին կենտրոնացել է մէկ ուղղութեան վրայ, եւ աշխարհում՝ ռեգիոնալ ուժերի եւ Արեւմուտքի միջեւ։ «Ինչով կաւարտւի այս մեծ գործընթացը, բարդ է ասել»,- ասաց նա։
Արաքս Մարտիրոսեան