Հա

Քաղաքական

21/11/2022 - 13:10

«Զելենսկին փորձում է Ամերիկայի համբերութի՞ւնը». Newsweek

Լեհաստանում տեղի ունեցած պայթիւնի վերաբերեալ Վլադիմիր Զելենսկու բացատրութիւնը կարող է հակասել Ջօ Բայդէնի տւած բացատրութեանը, բայց կարո՞ղ է դա խաթարել ԱՄՆ-ի վերաբերմունքը Ուկրայինայի նախագահի՝ ռուսական ներխուժման ապագայ պնդումների նկատմամբ:

«alikonline.ir» - Լեհաստանում տեղի ունեցած պայթիւնի վերաբերեալ Վլադիմիր Զելենսկու բացատրութիւնը կարող է հակասել Ջօ Բայդէնի տւած բացատրութեանը, բայց կարո՞ղ է դա խաթարել ԱՄՆ-ի վերաբերմունքը Ուկրայինայի նախագահի՝ ռուսական ներխուժման ապագայ պնդումների նկատմամբ:

Անցեալ երեքշաբթի համաշխարհային առաջնորդների շրջանում անհանգստութիւն կար, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի արեւելքում գտնւող Պրզեւոդովում տեղի ունեցած միջադէպը կարող է յանգեցնել պատասխան գործողութիւնների՝ դաշինքի կանոնադրութեան 5-րդ յօդւածի համաձայն։ Իրավիճակն արագօրէն հանդարտւեց, երբ Լեհաստանն ու ԱՄՆ-ն եզրակացրին, որ միջադէպը, ամենայն հաւանականութեամբ, պայմանաւորւած է ուկրայինական հակաօդային պաշտպանութեան հրթիռով, ըստ News.am-ի՝ գրում է Newsweek-ը։

Սակայն նոյնիսկ այն ժամանակ, երբ վերացաւ ՆԱՏՕ-ի՝ «մէկը բոլորի համար, բոլորը մէկի» սկզբունքով էսկալացիայի սպառնալիքը, Ուկրայինայի նախագահը վստահեցնում էր՝ «Չեմ կասկածում, որ դա մեր հրթիռը չէ»։ Պատասխանելով Զելենսկու արձագանգի մասին հարցին՝ Բայդէնը լրագրողներին ասել է, որ «դա ապացոյց չէ»։

Կիեւին ԱՄՆ-ի ռազմական աջակցութիւնը մնում է անսասան, սակայն Բայդէնի մեկնաբանութիւնները ցոյց են տալիս, որ այդ երկրներն ամէն ինչում չէ, որ համաձայն են։ Յունիսին Զելենսկու օգնականները հերքեցին Բայդէնի մեկնաբանութիւններն այն մասին, որ Ուկրայինայի նախագահը «չէր ուզում լսել» Ամերիկայի նախազգուշացումները ռուսական ներխուժումից առաջ:

Օգոստոսին New York Times-ի սիւնակագիր Թոմաս Ֆրիդմանը նկարագրել էր «խորը անվստահութիւն» Բայդէնի եւ Զելենսկու միջեւ՝ նշելով, որ ԱՄՆ պաշտօնեաները «շատ աւելի են անհանգստացած Ուկրայինայի ղեկավարութեամբ, քան դա ցոյց են տալիս»:

Ամերիկայի Կաթոլիկ համալսարանի պատմութեան պրոֆեսոր եւ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքականութեան պլանաւորման գրասենեակի նախկին անդամ Մայքլ Քիմէյջը ասել է, որ «Ուկրայինան ունի շատ ագրեսիւ, ապագային միտւած շփման ոճ՝ հիմնւած սոցիալական սանցերի վրայ», որը շատ արդիւնաւէտ է: «Բայց դրա հետ կապւած կան թերութիւններ եւ խնդիրներ, եւ մի փոքր տարօրինակ է, որ Զելենսկին յետքայլ չի անում այս իրավիճակում»,- ասել է նա Newsweek-ին՝ նկատի ունենալով հրթիռի պայթիւնը, որի հետեւանքով զոհւել է երկու մարդ: «Կարծում եմ, որ երբեմն պատերազմի մասին Կիեւից ստացւող տեղեկատւութեան ճշգրտութեան վերաբերեալ հարցեր են ծագում»:

Կիմէյջն ասել է, որ Զելենսկիի առջեւ ծառացած միակ ռիսկը ոչ թէ Լեհաստանում հրթիռային վէճն է, այլ «աւելի շուտ այն հոլիվուդեան պատմութիւնը, որ այդ ամէնն արագ երջանիկ աւարտ է ունենալու, ինչը քիչ հաւանական է»:

Հինգշաբթի Սինգապուրում Բլումբերգի նոր տնտեսութեան ֆորումում Զելենսկին մեղմացրել է իր դիրքորոշումը՝ ասելով, որ «ես 100 տոկոսով չգիտեմ» հրթիռային յարձակման պատճառը։ Միեւնոյն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը յայտարարել է, որ Մոսկւան «վերջնական պատասխանատւութիւն է կրում միջադէպի համար»:

«Չեմ կարծում, որ դա երբեւէ կազդի Զելենսկու իմիջի վրայ, բայց կարծում եմ, որ նրա վստահութիւնը կը խաթարւի»,- ասել է թոշակի անցած ԱՄՆ ռազմաօդային ուժերի աւագ սերժանտ Դենիս Ֆրիցը: «Եթէ նա ապագայում դուրս գայ եւ ասի, որ «ռուսական զէնքը հարւածել է դպրոցին կամ այլ քաղաքացիական օբիեկտներին», դա այժմ կարող է կասկածի տակ դրւել: Կարծում եմ՝ յաջորդ անգամ նա աւելի զգոյշ կը լինի»,- ասել է նա Newsweek-ին:

«Կարծում եմ, որ նա պարզապէս արձագանգեց խուճապից, քանի որ նրան անհրաժեշտ էր Արեւմուտքի եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների աջակցութիւնը»,- աւելացրել է Ֆրիցը:

Իր հերթին Հիւսիսարեւելեան համալսարանի քաղաքականութեան պրոֆեսոր Մայա Քրոսն ասել է, որ Զելենսկին «կարող է կորցնել վստահութիւնը, եթէ պարզւի, որ մեղադրանքներ է առաջադրում առանց որեւէ հիմքի, իսկ յետոյ հակառակն ապացուցող փաստարկների առջեւ չի նահանջում»: Դեռ այդ իրավիճակը չէ, քանի որ դեռ երկիմաստութիւն կայ»:

Շտաբների պետերի միացեալ կոմիտէի նախագահ, գեներալ Մարկ Ա. Միլին այս շաբաթ վերահաստատել է իր դիրքորոշումը, որ պատերազմին վերջ տալու համար խնդիրը պէտք է կարգաւորել բանակցային եղանակով, ինչը չի համընկնում Զելենսկու յայտարարած նպատակին՝ Ռուսաստանին դուրս բերել բոլոր տարածքներից մինչ բանակցութիւններ սկսելը:

Թէեւ Միլին կրկնել է Բայդէնի վարչակազմի դիրքորոշումը, որ բանակցութիւններ վարելու որոշումը «պէտք է կայացնի Ուկրայինան», նա նշել է, որ Ուկրայինայից ռուսական զօրքերի ամբողջական դուրսբերումը «շատ բարդ խնդիր կը լինի»:

Միեւնոյն ժամանակ, Քիմէյջն ասել է, որ Կոնգրեսի որոշ գործիչներ, որոնք հարցեր են բարձրացնում Զելենսկու ուժերին շարունակական ֆինանսական աջակցութիւն ցուցաբերելու վերաբերեալ, ինչպիսին է պատգամաւոր Մարջորի Թէյլոր Գրինը (R-GA), «կարող են դանդաղեցնել Ուկրայինային ռազմական եւ ֆինանսական օգնութեան տրամադրման արագութիւնը, բայց քաղաքականութիւնը չի փոխւի»: «Ամէն դէպքում, ես կարծում եմ, որ Բայդէնի վարչակազմը, հաւանաբար, միջանկեալ ընտրութիւններից յետոյ աւելի ուժեղ դիրքերում է, քան նախկինում»,- ասաց նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։