Հա

Քաղաքական

23/11/2022 - 14:10

Էրդողանը կոմպրոմիսի գնաց. ինչպէս կը զարգանան թուրք-սիրիական յարաբերութիւնները

Թուրք-սիրիական յարաբերութիւններում կտրուկ փոփոխութիւններ չեն սպասւում առաջիկայում։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում այս տեսակէտը յայտնեց ակադեմիկոս, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը` անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի հիւսիսում իրականացւող ռազմական գործողութիւններին եւ դրա հետեւանքներին։

«alikonline.ir» - Թուրքագէտը կարծում է, որ Սիրիայի սուվերեն տարածքի վրայ Թուրքիայի իրականացրած ագրեսիային շատ կտրուկ հակազդեցութիւն չի լինի նաեւ Սիրիայի կողմից, այնպէս որ այս իրադարձութիւնները լուրջ ազդեցութիւն չեն ունենայ տարածաշրջանի վրայ։

Թուրք-սիրիական յարաբերութիւններում կտրուկ փոփոխութիւններ չեն սպասւում առաջիկայում։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում այս տեսակէտը յայտնեց ակադեմիկոս, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը` անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի հիւսիսում իրականացւող ռազմական գործողութիւններին եւ դրա հետեւանքներին։

Սաֆրաստեանի խօսքով` Թուրքիան օգտագործեց Ստամբուլում ահաբեկչական գործողութիւնը Սիրիայում «Ճանկ-թուր» օպերացիան իրականացնելու համար, որի նպատակը Քրդստանի աշխատաւորական կուսակցութեանը հարւած հասցնելն է։

Թուրքագէտը նշեց, որ այդ օպերացիան Թուրքիան նախապատրաստում էր դեռեւս յունիսին, դա պէտք է լինէր Թուրքիայի 4-րդ գործողութիւնը Սիրիայի տարածքի վրայ, սակայն այն ժամանակ Անկարան չստացաւ Մոսկւայի եւ գուցէ Վաշինգտոնի համաձայնութիւնը, դրա համար էլ չիրականացրեց այդ գործողութիւնը։ Հաշւի առնելով, որ հիմա էլ կարող էր չստանալ այդ համաձայնութիւնը` այդ պատճառով որոշումը կայացրեց միակողմանի։

Ցամաքային ուժերին գործողութեանը չներառելով, ըստ Սաֆրաստեանի, այսպէս Թուրքիան կոմպրոմիսի գնաց, որպէսզի չառաջացնի գերտէրութիւնների, մասնաւորապէս ՌԴ–ի կտրուկ դժգոհութիւնը։

«ՌԴ-ից յայտարարութիւն եղաւ այդ գործողութեան կապակցութեամբ, որը բաւականին զուսպ էր, այսինքն` հաշւի է առնւել գերտէրութիւնների, տւեալ դէպքում` ՌԴ-ի արձագանգը։ Թուրքիան նախատեսում էր լայնածաւալ ցամաքային գործողութիւններ թուրք-սիրական սահմանի այն հատւածներում, որոնք դեռեւս չեն գտնւում թուրքերի հսկողութեան տակ, եւ այդպիսով նախատեսում էր ստեղծել Սիրիայի տարածքում 30 կիլոմետրանոց խորութեամբ անվտանգութեան գօտի, սա էր այդ գործողութեան նպատակը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա, Սաֆրաստեանի խօսքով, թէպէտ այժմ հակաամերիկեան ուժեղ տրամադրութիւններ են առաջացել Թուրքիայում` Սիրիայի հիւսիսում քրդական ուժերին աջակցելու համար, բայց այդ օգնութիւնը բաւականին սահմանափակ է եւ պէտք չէ գերագնահատել։

Թուրքագէտն ընդգծեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաամերիկեան տրամադրութիւնները շատ ակտիւ օգտագործում է իր ներքին քաղաքականութեան մէջ վերջին շրջանում թուլացած վարկանիշը պահելու համար, սակայն չի հատում «կարմիր գծերը» ԱՄՆ-ի հետ յարաբերութիւններում եւ շարունակում է մնալ ԱՄՆ-ի շատ հաւատարիմ դաշնակիցը։

Սաֆրաստեանը յիշեցրեց, որ նախքան Թուրքիայի վերջին գործողութիւնները խօսակցութիւններ կային, որ երկու երկրների միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթաց է սկսւել։ Նոյնիսկ տեղեկութիւն շրջանառւեց, որ հետախուզութեան ծառայութիւնների մակարդակով տեղի են ունեցել շփումներ։ Մեր զրուցակիցը չբացառեց, որ ապագայում կարող է տեղի ունենալ սերտ համագործակցութիւն Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ։

«Ամէն դէպքում Թուրքիայի եւ Սիրիայի յարաբերութիւնները Մերձաւոր Արեւելքում կարեւոր նշանակութիւն ունեն։ Ես համոզւած եմ` յատուկ ծառայութիւնների մակարդակով ինչ-որ քննարկումներ Սիրիայի հետ տեղի են ունեցել եւ գուցէ շարունակւեն։ Որքան կազդի դա յարաբերութիւնների կարգաւորման վրայ, դեռ վաղ է խօսել։ Այստեղ մեծ նշանակութիւն ունի ՌԴ-ն եւ ինչ-որ չափով Իրանը»,- ասաց թուրքագէտը։

Սաֆրաստեանը յաւելեց, որ Սիրիան միայնակ չէ Թուրքիայի հետ իր յարաբերութիւններում, եւ Սիրիայի ամենակարեւոր դաշնակիցը ՌԴ-ն է, ինչ-որ չափով` Իրանը, որովհետեւ ՌԴ-ն եւ Իրանը աջակցում են Բաշշար Ասադի կառավարութեանը, միւս կողմից ՌԴ-ն, Սիրիան, Իրանը Աստանայի գործընթացի շրջանակներում ունեն եռակողմ համագործակցութիւն, այնպէս որ ՌԴ-ի դերը Սիրիայում բաւական մեծ է, դրա համար Թուրքիան իր գործողութիւնները պէտք է համաձայնեցնի ՌԴ-ի հետ։

Այդուհանդերձ, ըստ փորձագէտի, թուրք-սիրիական յարաբերութիւններում կտրուկ փոփոխութիւններ չեն սպասւում, եւ այն ագրեսիան, որ Թուրքիան իրականացրեց Սիրիայի սուվերեն տարածքի նկատմամբ, շատ կտրուկ հակազդեցութիւն չի առաջացնի նաեւ Սիրիայի կողմից, այնպէս որ այս իրադարձութիւնները լուրջ ազդեցութիւն չեն ունենայ տարածաշրջանի վրայ։

Յիշեցնենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ինդոնեզիայում անցկացւած G20 գագաթնաժողովից վերադառնալուց յետոյ հրամայեց Սիրիայի հիւսիսում եւ Իրաքում «Ճանկ-թուր» (Pençe-Kılıç) օպերացիա իրականացնել երկրում արգելւած Քրդստանի աշխատավորական կուսակցութեան ակտիւիստների դէմ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։