Հա

Քաղաքական

26/11/2022 - 14:20

Ինչո՞ւ է տապալւում Բրիւսէլում նախատեսւող Փաշինեան-Ալիեւ հանդիպումը

168.am-ի հետ զրոյցում վրացի եւրոպագէտ Կախա Գոգոլաշւիլին ասաց, որ դժւար է իր համար մեկնաբանել, թէ որ կողմն է տապալել հանդիպումը: Սակայն, նրա գնահատմամբ, հանգամանքը, որ հանդիպումը տեղի չի ունենալու, արդէն իսկ վատ միտում է այն ողջ գործընթացի համար, որը Բրիւսէլի մասնակցութեամբ էր սկսւել դեռեւս անցեալ տարեվերջից:

«alikonline.ir» - Ադրբեջանական մի շարք լրատւամիջոցների փոխանցմամբ, Բրիւսէլում դեկտեմբերի 7-ին նախատեսւող Փաշինեան-Ալիեւ հանդիպումը տեղի չի ունենայ: Նոյն աղբիւրների համաձայն, Իլհամ Ալիեւն այս մասին յայտարարել է նոյեմբերի 25-ին «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականութիւն, անվտանգութիւն եւ տնտեսութիւն» միջազգային համաժողովի ընթացքում՝ յաւելելով, որ իբրեւ թէ Նիկոլ Փաշինեանը պայմաններ է դրել հանդիպման ձեւաչափի վերաբերեալ:

Ալիեւը մասնաւորապէս ասել է. «Բրիւսէլում հանդիպումը պէտք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց երէկ Հիքմեթ Հաջիեւն ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապւել են Շառլ Միշէլի գրասենեակից եւ յայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դէպքում, եթէ դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանայ»։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Յունանեանն «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշել է, որ նախորդ հանդիպումը Պրահայում, որտեղ հէնց ձեռք է բերւել հանդիպումները շարունակելու պայմանաւորւածութիւն, տեղի է ունեցել քառակողմ ձեւաչափում, եւ տրամաբանական է, որ հանդիպման ձեւաչափը եւ մասնակիցների կազմը պիտի նոյնը լինի, եւ ադրբեջանական կողմի բոլոր յայտարարութիւնները, թէ հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը, եւ խաղաղութեան գործընթացն իրականութեան հետ որեւէ աղերս չունեն։

Ըստ նրա, Հայաստանի Հանրապետութիւնը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերւած պայմանաւորւածութեան եւ ձեւաչափի համաձայն։

168.am-ի հետ զրոյցում վրացի եւրոպագէտ Կախա Գոգոլաշւիլին ասաց, որ դժւար է իր համար մեկնաբանել, թէ որ կողմն է տապալել հանդիպումը: Սակայն, նրա գնահատմամբ, հանգամանքը, որ հանդիպումը տեղի չի ունենալու, արդէն իսկ վատ միտում է այն ողջ գործընթացի համար, որը Բրիւսէլի մասնակցութեամբ էր սկսւել դեռեւս անցեալ տարեվերջից:

Սա, նրա որակմամբ, վատ միտում է նաեւ Վրաստանի համար, որը «ոգեւորւած էր» Հարաւային Կովկասում ԵՄ-ի եւ Վաշինգտոնի ակտիւութիւնից:

«Փաստօրէն խնդիրը միայն սպասւելիք հանդիպման ձեւաչափը չէ, այլ բովանդակութիւնը, քանի որ Վաշինգտոնում պետքարտուղար Բլինքէնի միջնորդութեամբ կայացած հանդիպմանը լիովին նոր առաջարկներ են քննարկւել: Սա նշանակում է, որ, իհարկէ, խնդիրը ձեւաչափը չէ, այլ առաջարկւող փաթեթի բովանդակութիւնը կամ Ռուսաստան-Արեւմուտք հակամարտութիւնը ու ՌԴ ջանքերը՝ գործընթացն ամէն գնով տեղափոխել Մոսկւա:

Չի բացառւում, որ այս ֆոնին Ռուսաստանում հանդիպում տեղի ունենայ, թէեւ այսօր յայտարարւեց, որ նման հանդիպում դեռ չի նախատեսւում: Ինչպէս մշտապէս ասել եմ, տարածաշրջանը շատ է տուժում, ազդւում գլոբալ հակամարտութիւնից, քանի որ Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների հարցը եւ ԼՂ հակամարտութիւնը միջազգայնացւել է, դարձել է արտաքին խաղացողների քայլերից ու գործողութիւններից իւրաքանչիւր պահին ազդւող հակամարտութիւն: Սա նշանակում է, որ որքան ձգւի պատերազմն Ուկրայինայում, նման իրավիճակը Հարաւային Կովկասում կարող է անվերջ շարունակւել»,- ասաց Գոգոլաշւիլին՝ յոյս յայտնելով, որ ստեղծւած ծանր աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային իրավիճակից կրկին չի տուժի անվտանգութիւնը:

 

Արաքս Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։