Եւրոմիութեան արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզէֆ Բորէլը յայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի ստեղծւել Խաղաղ ովկիանոսում գործողութիւնների համար, քանի որ Հիւսիսատլանտեան դաշինք է:
«alikonline.ir» - Եւրոմիութեան արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզէֆ Բորէլը յայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի ստեղծւել Խաղաղ ովկիանոսում գործողութիւնների համար, քանի որ Հիւսիսատլանտեան դաշինք է: Այս մասին հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով Political Lore պարբերականին:
«ՆԱՏՕ-ն չի ստեղծւել Խաղաղ ովկիանոսում գործողութիւնների համար, քանի որ դա Հիւսիսատլանտեան դաշինք է»,- ասել է նա ՆԱՏՕ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարների հանդիպման նախաշեմին, որտեղ կը քննարկւի Չինաստանի հարցը: Բորէլը նշել է, որ կազմակերպութիւնը կարող է հաշւի առնել նաեւ այլ սպառալիքներ եւ մարտահրաւէրներ: «Բայց այժմ դուք չէ՞ք կարծում, որ մենք բաւականաչափ սպառնալիքներ եւ մարահրաւէրներ ունենք ՆԱՏՕ-ի աւանդական սցենարի շրջանակներում»,- յաւելել է եւրոպական դիւանագիտութեան ղեկավարը:
Նոյեմբերի 29-30-ը ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների նիստի ընթացքում քննարկւելու է, այդ թւում՝ Չինաստանի հետ յարաբերութիւնների հարցը: Իր նոր ռազմավարական հայեցակարգում, որը կազմւած է մինչեւ 2030 թւականի համար, ՆԱՏՕ-ն նշում է, որ Չինաստանը դրսեւորում է այնպիսի նկրտումներ եւ վարում է այնպիսի քաղաքականութիւն, որոնք դէմ են ՆԱՏՕ-ի շահերին, անվտանգութեանը եւ արժէքներին: Հայեցակարգի նախորդ՝ 2010թ.-ին ընդունւած տարբերակում Չինաստանը չէր առանձնացւում: Աւելի վաղ Չինաստանի արտգործնախարարութեան խօսնակը, մեկնաբանելով ՆԱՏՕ-ի նոր ռազմավարութիւնը, նշել էր, որ ՆԱՏՕ-ն «համակարգւած մարտահրաւէր է համաշխարհային խաղաղութեան եւ կայունութեան համար», եւ դաշինքին կոչ էր արել վերջ տալ Չինաստանի հասցէին չարախօսելուն: