Հա

Քաղաքական

29/11/2022 - 14:30

Ընկերվար միջազգայնականի փոխնախագահ, ՀՅԴ անդամ Մարիօ Նալբանդեանի ելոյթը կազմակերպութեան 26-րդ կոնգրեսում

ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ, Հայ Դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիօ Նալբանդեանը, ով Ընկերվար միջազգայնականի՝ Մադրիդում ընթացող կոնգրեսի ընթացքում վերընտրւել է կազմակերպութեան փոխնախագահ, հանդէս է եկել ելոյթով, որի հիմնական հատւածները թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ.

«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ, Հայ Դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիօ Նալբանդեանը, ով Ընկերվար միջազգայնականի՝ Մադրիդում ընթացող կոնգրեսի ընթացքում վերընտրւել է կազմակերպութեան փոխնախագահ, հանդէս է եկել ելոյթով, որի հիմնական հատւածները թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ.

«Անցեալ երկուշաբթի, Պեդրօ Սանչէսը, մեր նորընտիր նախագահը, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում անդրադառնալով Ուկրայինայի պատերազմին ասաց․ «ապսուրդ պատերազմ», իսկ ես Ձեզ հարց տամ, ո՞ր պատերազմը ապսուրդ չէ, արդեօք պէտք է ընդունե՞նք այն տրամաբանութիւնը, որ քիչ առաջ այս ամբիոնից հնչեց Եւրոպական Միութեան ամենաբարձր ներկայացուցիչների կողմից, ովքեր գովասանքով էին խօսում ուկրայինական պատերազմի մասին եւ յատուկ նշում, որ «պատերազմը մօտ է, մենք չենք կարող անտարբեր մնալ եւ մեր ամբողջ կարողութիւնները պէտք է տրամադրենք Ուկրայինային»։ Ես հարց եմ տալիս, արդեօ՞ք եթէ պատերազմը մօտակայ է, ուրեմն ամէն ինչ արդարացւած է, իսկ ուրիշ պատերազմների դէպքում այդքան անտարբեր ենք, որ մոռանում ենք մարդկային ու քաղաքացիական իրաւունքների բռնաբարումները, ինչպէս նաեւ բռնապետների սպառնալիքներն ու քմահաճոյքները, որոնց վերջերս ենթարկւեց Եւրոպական Միութեան Յանձնաժողովի պատւիրակութիւնը։ Այս տրամաբանութեամբ նաւթի մէկ բարելը, կամ գազի մէկ խորանարդ/մետրն աւելի արժէ քան մէկ մարդու կեանքը։ Սա անընդունելի է եւ այս կազմակերպութիւնը պէտք է մերժի ու դապարատի դա։

Հիմա ես ստիպւած եմ փոփոխութեան ենթարկել իմ նախապէս պատրաստած խօսքը, քանի որ քիչ առաջ ադրբեջանական կուսակցութեան ներկայացուցչի արտասանած խօսքերը կարծես թէ իր երկրի «յատուկ գրասենեակների» կողմից պատրաստւած ապատեղեկատւութեան շարան լինէին։

Սիրելի Պեդրօ,

Արցախը հազարամեակներ շարունակ եղել է հայ ժողովրդի հողը եւ տարածքը, Արցախը երբեք մաս չի կազմել Ադրբեջանի տարածքային ամբողջականութեանը, բացի սովետական ժամանակահատւածից, երբ 1921թ․ Ռուսաստանի կոմունիստական կուսակցութեան Կովկասի բիւրոն Ադրբեջանին յանձնեց Նախիջեւանն ու Արցախը։ Այդ թւականին Հայաստանն ու Արցախը դադարել էին լինել որպէս միջազգային իրաւունքի սուբիեկտ։ Արցախի ժողովուրդը նախքան Սովետական Միութեան անկումը եւ օրւայ սահմանադրութեանը համապատասխան՝ հռչակեց իր ինքնորոշման իրաւունքի իրացումը եւ անկախութիւնը, մի իրաւունք, որից չի հրաժարւել եւ չի հրաժարւելու։

2020թ․ սեպտեմբերին Արցախն անակնկալ յարձակման ենթարկւեց Ադրբեջանի կողմից՝ ունենալով Թուրքիայի հսկայական մասնակցութիւնն ու ռազմական օժանդակութիւնը, ինչին միացան Սիրիայի հիւսիսից բերւած վարձկաններ։ 44-օրեայ պատերազմի ընթացքում անխափան գործեց նաեւ Իսրայէլ-Ադրբեջան, Ուկրայինա-Ադրբեջան եւ Բելառուս-Ադրբեջան օդային բեռնափոխադրումները։

Ադրբեջանն օգտագործեց ՆԱՏՕ-ի երկրորդ՝ թուրքական բանակի ռազմական օժանդակութիւնը, փաստօրէն Արցախի դէմ օգտագործւեցին ՆԱՏՕ-ի կարողութիւնները եւ ՆԱՏՕ-ն լռելայն ընդունեց դա։

Յարգելի ընկերներ,

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի մաս։ Պէտք է նաեւ ուշադրութիւն դարձնել, որ պատերազմից յետոյ Ադրբեջանը յարձակւել է եւ օկուպացրել ՀՀ ինքնիշխան տարածքներ, ինչն անընդունելի է եւ դատապարտելի։

1920-ական թթ․ Հայաստանն ու հայ ժողովուրդը զոհաբերւեցին թուրք-բոլշեւիկեան յեղափոխութեան զոհասեղանին, հիմա Հայաստանն ու Արցախը փորձում են զոհ չդառնալ «գազի եւ նաւթի» զոհասեղանին եւ կը յաջողե՛ն։ Հաւատում ենք, որ դուք կը միանաք մեզ այս արդար պայքարում՝ յանուն ազատութեան եւ արդարութեան։

Շնորհակալութիւն»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։