«Ազգային պաշտպանութեան գերագոյն համալսարանի ազգային անվտանգութեան հետազօտական ինստիտուտ»-ի եւ Թեհրանի «Աբրար մօասեր» ուսումնասիրական կենտրոնի համատեղ նախաձեռնութեամբ՝ երէկ՝ նոյեմբերի 30-ի երեկոյեան նոյն կենտրոնի սրահում կազմակերպւել էր կլոր սեղան «Կովկասի ապագայ հեռանկարները» ընդհանուր թեմայով եւ այս վերնագրով. «Հայաստանի մօտեցումը՝ Կովկասի ապագայի նկատմամբ եւ տարածաշրջանային ու միջազգային ուժերի ազդեցութիւնը տարածաշրջանի ապագայի հարցով»:
«ԱԼԻՔ», Կ. Դ. - «Ազգային պաշտպանութեան գերագոյն համալսարանի ազգային անվտանգութեան հետազօտական ինստիտուտ»-ի եւ Թեհրանի «Աբրար մօասեր» ուսումնասիրական կենտրոնի համատեղ նախաձեռնութեամբ՝ երէկ՝ նոյեմբերի 30-ի երեկոյեան նոյն կենտրոնի սրահում կազմակերպւել էր կլոր սեղան «Կովկասի ապագայ հեռանկարները» ընդհանուր թեմայով եւ այս վերնագրով. «Հայաստանի մօտեցումը՝ Կովկասի ապագայի նկատմամբ եւ տարածաշրջանային ու միջազգային ուժերի ազդեցութիւնը տարածաշրջանի ապագայի հարցով»:
Նիստը ղեկավարող Ալի Ալիզադէն կարեւորութեամբ անդրադարձաւ նման հանդիպումների անհրաժեշտութեանը մտքերի փոխանակման հարցով, եւ հրաւիրեց ելոյթով հանդէս գալու, նիստին յատուկ հիւրի կարգավիճակով ներկայ՝ Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան պրոֆ. Արսէն Աւագեանին: Դեսպանը ընդհանուր գծերով ներկայացրեց այն իրավիճակը, որը ստեղծւել է 2020 թւականի 44-օրեայ պատերազմից յետոյ եւ ընդգծեց. «2020 թւականի 44-օրեայ պատերազմից յետոյ, Ադրբեջանի Հանրապետութիւնը աւելի առաւելապաշտական քաղաքականութիւն է վարում եւ կարծում է թէ՝ կարող է Հայաստանին պարտադրել կատարելու իր բոլոր պայմանները»: Դեսպանը իր ելոյթի ընթացքում Հայաստանի մտահոգութիւնը յայտնեց, որ 44-օրեայ պատերազմի ընթացքում Ադրբեջան տեղափոխւած վարձկան ահաբեկիչների ճնշող մեծամասնութիւնը շարունակում է պահպանել իր ներկայութիւնը տարածաշրջանում, որը լուրջ մարտահրաւէր բնութագրեց տարածաշրջանի անվտանգութեան հարցում: Իր ելոյթի ընթացքում, դեսպանը բարձր գնահատեց Հայաստանի բարեկամ եւ հարեւան երկիր՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան սկզբունքային դիրքորոշումը եւ անդրադարձաւ Իրան-Հայաստան յարաբերութիւնների 30-ամեակին, կարեւորելով յարաբերութիւնների բազմաոլորտ զարգացումը եւ ներկայացրեց այն միջոցառումները, որոնք միտւած են նշելու այս յարաբերութիւնների հաստատման 30-ամեակը:
Հանդիպմանը ելոյթով հանդէս եկաւ քաղաքական հարցերի վերլուծաբան Շոայբ Բահմանը, ով համապարփակ գծերով ներկայացրեց Ռուսաստանի մօտեցումը Կովկասում եւ անդրադարձաւ տարածաշրջանում Իսրայէլի ու պանթուրքիզմի վտանգներին:
Քաղաքական հարցերի վերլուծաբան Սիամաք Քաքային անդրադարձաւ Կովկասի նկատմամբ Թուրքիայի գործողութիւններին, ՆԱՏՕ-ի ներկայութեանը տարածաշրջանում եւ վերջին շաբաթներին Ալիեւի յայտարարութիւններին: Վերլուծաբան Ահմադ Քազեմին կարեւորութեամբ անդրադարձաւ Կովկասի նկատմամբ սիոնիստական ռեժիմի գործողութիւններին եւ Ադրբեջան-սիոնիստական ռեժիմ, ծաւալուն եւ բազմաոլորտ յարաբերութիւններին, լինեն դրանք՝ քաղաքական, մշակութային, տնտեսական եւ ռազմավարական, որը խիստ վնասակար բնու- թագրեց Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի ու Չինաստանի շահերի ուղղութեամբ:
Բանախօս Էհսան Մովահեդեանը մանրամասն քննարկեց Իրան-Հայաստան յարաբերութիւնները, ներկայացնելով երկու ժողովուրդների բազմադարեայ ընդհանրութիւններն ու խաղաղ գոյակցութիւնը եւ այն բացերը, որոնք նկատւում են երկու երկրների յարաբերութիւններում: Նա ներկայացրեց մի շարք առաջարկութիւններ երկու երկրների յարաբերութիւնները ընդլայնելու նպատակով:
Վերջում ներկաներին առիթ տրւեց հարցումների: