Հա

Քաղաքական

05/12/2022 - 10:25

Ֆրանսիան աշխատում է տարածաշրջանում դեր ստանձնել

Radar Armeia-ի զրուցակիցը միջազգայնագէտ Շահան Գանտահարեանն է։

«alikonline.ir» - Radar Armeia-ի զրուցակիցը միջազգայնագէտ Շահան Գանտահարեանն է։

 

- Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանի դէմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու եւ Հւ. Կովկասում կայուն խաղաղութիւն հաստատելու պահանջով բանաձեւը։ Ո՞րն է այս բանաձեւի քաղաքական նշանակութիւնը, եւ ի՞նչ կարող է տալ այն Հայաստանին։

- Պարզ էր, որ Ֆրանսիայի ԱԺ-ն սենատի հետեւողականութեամբ հանգելու էր նման բանաձեւի։ Սա շատ նման է 44-օրեայ պատերազմին Ֆրանսիայի երկպալատ բանաձեւերին՝ Արցախի անկախութեան ճանաչման կոչ անելու առումով։ Նման բանաձեւերը խաղաթուղթ են գործադիրի ձեռքում՝ Ադրբեջանի հետ յարաբերութիւններում օգտագործելու համար։ Այստեղ արդէն խօսւում է Ադրբեջանի դէմ պատժամիջոցներ կիրառելու մասին, եթէ շարունակւի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածքներ։ Քաղաքական առումով, իհարկէ, կայ Հարաւային Կովկասում ռուսական ազդեցութեան հակակշիռ քայլեր անելու ենթաառաջադրանքը։ Ռուսական միջնորդութեան եւ ԵԱՀԿ-ի անդամալուծման արանքում Ֆրանսիան աշխատում է դեր ստանձնել տարածաշրջանում եւ ներգրաււել գործընթացում։ Օրէնսդիր դաշտի բանաձեւերը այդ նպատակն են հետապնդում։

 

- Ինչպէ՞ս կը մեկնաբանէք Ֆրանսիայի ԱԳՆ յայտարարութիւնն այն մասին, թէ Ֆրանսիայի խորհրդարանի պալատների բանաձեւերը, որոնցով կոչ է արւում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դէմ, չի արտացոլում Փարիզի պաշտօնական գիծը։

- Դարձեալ համեմատենք նախկին երկպալատ բանաձեւերի հետ, որոնք իբրեւ ուղղութիւն չտեղափոխւեցին գործադիր դաշտ։ Միաժամանակ նկատենք, որ Մակրոնի եւ, ընդհանրապէս, պաշտօնական Փարիզի դիրքորոշումը ադրբեջանական ագրեսիայի դէմ ամենահասցէականն էր։ Դա պատճառ դարձաւ, որ Բաքուն բանակցային գործընթացում վետոյի ենթարկի Փարիզի մասնակցութիւնը։ Նկատենք, որ արտգործնախարարութեան այս յայտարարութիւնն ու Բրիւսէլի քառակողմը վերակենդանացնելու աշխատանքը համաժամանակեայ ընթացքով են գնում։ Դա ենթադրում է, որ Բաքւի վետոյի դէպքում Մակրոնը կարող է գործադիր դաշտ բերել իր օրէնսդիրի բանաձեւերը։

 

- Այս համատեքստում, հաշւի առնելով Ալիեւի կողմից Ֆրանսիայի նախագահի մասնակցութեամբ պատճառաբանւած բրիւսէլեան հանդիպման չեղարկումը, այս բանաձեւը կարո՞ղ է եւս պատրւակ լինել Բաքւի ձեռքին՝ բանակցութիւնները փակուղի տանելու համար։

- Չի բացառւում, որ Բաքուն շարունակի պատրւակել նման բանաձեւերը։ Հարցն, ըստ էութեան, մեծ հաշւով կախում ունի Բաքու-Անկարա-Մոսկւա գծի վրայ ընթացող բանակցութիւններից։ Ֆրանսիայի ներգրաւմամբ Բաքւի մերժումը բխում է առաջին հերթին Մոսկւայի շահերից, որը նախընտրում է Անկարայի հետ համաձայնաբար պահպանել հիմնական միջնորդի դերը։

 

- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն էլ յայտարարել է, որ տարածաշրջանից Ռուսաստանի յետ քաշւելու դէպքում ԱՄՆ-ի համար այժմ սահմանափակ հնարաւորութիւն կայ աւելի ուժեղ դեր ստանձնելու եւ արիւնահեղութեանը վերջ տալու համար։ Սա ի՞նչ է նշանակում, որ ԱՄՆ-ն է՞լ է խոստովանում, որ տարածաշրջանում Ռուսաստանը դոմինանտ է։ Չե՞ն պատրաստւում պայքարել դրա դէմ։

- Յայտարարութեան կոնտեքստը շատ կարեւոր է։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը շուտով ստանձնելու է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտօնը, եւ այս յայտարարութիւնը կատարւում է նոր պաշտօնի ստանձնման նախօրէին։ Ուղերձն այն է, որ ինքը փորձելու է տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու համար իրականացնել ԱՄՆ-ՌԴ համագործակցութիւն։

 

- ԱՄՆ-Ռուսաստան մրցապայքարի ֆոնին հայ-ադրբեջանական սահմանին իրադրութիւնը շարունակում է լարւած մնալ։ Կողմերից ո՞ր մէկը կարող է զսպել Ադրբեջանի ագրեսիան, եւ ինչո՞ւ չի անում։

- Հակասական երեւոյթներ են արձանագրւում։ Անկարան խօսում է Երեւանի հետ յարաբերութիւնների դրական եւ գործնական փուլի մասին, Բայրամովը դժգոհում է հայկական կողմի դիրքորոշումներից, իսկ Բաքուն սահմանին կրակում է։ Պաշտօնական Վաշինգտոնի ներկայացուցիչները ակնարկում են Երեւանի հետ խորքային բանակցութիւնների մասին եւ յետքայլ անում Ադրբեջանից զօրքերը յետ քաշելու՝ իրենց նախկին պահանջներից։ Բրիւսէլի հանդիպումը չեղարկւում է, սակայն այն վերագործարկելու նոր փորձեր են երեւում։ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահական ձեւաչափը անդամալուծւում է, եւ զուգահեռ ընթանում են միջնորդական նոր ձեւաչափեր ձեւաւորելու մրցապայքարներ։ ՀԱՊԿ-ն քաղաքական գնահատական չի տալիս, բայց առաջարկում է օժանդակութիւնների փաթեթ, որի ամենակարեւոր առանցքը Հայաստան-Ադրբեջան սահմանին առաքելութիւններ ուղարկելն է։ Միջնորդականին առընթեր սկսւելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի վրայ առաքելութիւնների հակամարտութիւն։ Այս բոլորը խօսում են Հարաւային Կովկասում ներթափանցման եւ ներգրաւման աշխարհաքաղաքական մրցակցութիւնների մասին, որոնք կարող են զսպիչ դեր ունենալ Բաքւի շտապողականութեան հարցում։ Ադրբեջանն իր առջեւ դրած խնդիրները չի կարողանում լուծել իր պատկերացրած ժամանակահատւածում, այդ պատճառով էլ կրակում է։

 

Հայկ Մագոյեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։