Դեկտեմբերի 21-ին Վաշինգտոնում Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելոյթը Կոնգրեսի երկու պալատների առջեւ «դրամատիկ յիշեցում էր այն մասին, թէ որքան կարեւոր է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ՆԱՏՕ-ի դաշինքի համար Եւրոպայում 1945 թւականից ի վեր ամենամեծ ցամաքային պատերազմը», The Telegraph-ի էջերում գրում է ԱՄՆ նախկին նախագահի ազգային անվտանգութեան հարցերով նախկին խորհրդական Ջան Բոլթոնը։
«alikonline.ir»- Դեկտեմբերի 21-ին Վաշինգտոնում Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելոյթը Կոնգրեսի երկու պալատների առջեւ «դրամատիկ յիշեցում էր այն մասին, թէ որքան կարեւոր է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ՆԱՏՕ-ի դաշինքի համար Եւրոպայում 1945 թւականից ի վեր ամենամեծ ցամաքային պատերազմը», The Telegraph-ի էջերում գրում է ԱՄՆ նախկին նախագահի ազգային անվտանգութեան հարցերով նախկին խորհրդական Ջան Բոլթոնը։ Գրում է News.am-ը:
Բոլթոնի խօսքով՝ պատերազմը մտել է փակուղի։
«Տնտեսական պատժամիջոցները վնասել են Ռուսաստանի տնտեսութեանը, բայց Ուկրայինայի տնտեսութիւնն աւելի վատ վիճակում է, նրա ֆիզիկական կապիտալի մեծ մասը բառացիօրէն վերածւել է փոշու։ Ֆինլանդիան եւ Շւեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու ցնցող որոշում են կայացրել, սակայն Ռուսաստանի առեւտրային եւ ռազմական գործընկերները դեռեւս չեն լքել նրան դժւար պահերին, ցաւօք, ներառեալ Թուրքիան, որի անդամակցութիւնը ՆԱՏՕ-ին պէտք է հարցականի տակ դրւի 2023 թւականին, եթէ նախագահ Էրդողանը (հաւանաբար, խաբեութեամբ) վերընտրւի։
Իրական խնդիրն Արեւմուտքի միասնականութիւնն ու վճռականութիւնն է։ Ո՛չ մէկը, ո՛չ միւսը երաշխաւորւած չեն։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինի արտաքին քաղաքականութեան մէջ շրջադարձային պահ է յայտարարել Ուկրայինայում ռազմական գործողութիւնների սկսւելուց անմիջապէս յետոյ։ Նա յայտարարել է, որ 2023 թւականին Գերմանիան կը կատարի 2014 թւականին Քարդիֆում ստանձնած ՆԱՏՕ-ի պարտաւորութիւնը, ըստ որի՝ ՆԱՏՕ-ի անդամները պաշտպանութեան վրայ պէտք է ծախսեն ՀՆԱ-ի 2 տոկոսը, ստեղծեն 100 միլիարդ եւրոյի չափով հիմնադրամ՝ զէնք գնելու համար, եւ այդ գումարից ծախսել 30 միլիարդը՝ 35 միաւոր F-35 միջուկային ինքնաթիռներ գնելու համար, որոնք կը փոխարինեն գերմանական հնացած «Տորնադօ»-ներին։
Սակայն իրականում շատ բան տեղի չի ունեցել, իսկ խոստումները կասկածներ են յարուցում։ Գերմանիայի սովորական պաշտպանական բիւջէն 2023 թւականին աւելի քիչ կը լինի, քան 2022 թւականին։ 2 տոկոս նպատակն այժմ 2025 թւականի թիրախն է, ինչը կարող է շատ աւելի լաւը չլինել, քան խոստացել էր Անգելա Մերկէլը, երբ նա կանցլեր էր:
Համեմատութեան համար նշենք, որ Ճապոնիան վերջերս յայտարարել է, որ առաջիկայ հինգ տարիների ընթացքում աւելի քան երկու անգամ կաւելացնի իր պաշտպանական բիւջէն՝ ՆԱՏՕ-ի 2 տոկոս ցուցանիշին հասնելու համար, եւ այդպիսով կը դառնայ աշխարհի երրորդ ամենամեծ բանակը ԱՄՆ-ից եւ Չինաստանից յետոյ:
Դրան յաջորդում է Ֆրանսիան։ Զելենսկին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը վիճում են այն բանի շուրջ, թէ ինչ պէտք է տալ Ռուսաստանին դիւանագիտական լուծման հասնելու համար։
Խնդիրներ ունի նաեւ Միացեալ Նահանգները։ Քանի որ ամերիկեան ԶԼՄ-ներն աւելի շատ սիրում են քննադատել հանրապետականների միջեւ ներքաղաքական տարաձայնութիւնները, քան դեմոկրատները, նրանց ռեպորտաժներն ընդգծում են Վաշինգտոնի կողմից Ուկրայինային օգնութեան հակազդեցութեան նշանները «իզոլեացիոնիստների» ոչ մեծ թւի կողմից՝ անտեսելով առաջադէմ ձախականների կողմից աւելի լուրջ սպառնալիքը։
Ռուսաստանի յուսահատ ռազմական արդիւնքները կարող են պահպանւել մինչեւ 2023 թւականը, Պուտինի քաղաքական դիրքերը կարող են թուլանալ, իսկ տնտեսական սահմանափակումները կարող են ուժեղանալ։ Բայց ամէն օր, որն անցնում է առանց Ուկրայինայից Մոսկւայի զօրքերի դուրսբերման, կարող է մեծացնել լարւածութիւնը Արեւմուտքում»,-գրում է Բոլթոնը։