2022թ.-ի աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ Radar Armenia-ն զրուցել է միջազգայնագէտ Շահան Գանտահարեանի հետ։
«alikonline.ir» - 2022թ.-ի աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ Radar Armenia-ն զրուցել է միջազգայնագէտ Շահան Գանտահարեանի հետ։
- Հաշւի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս մարտահրաւէրները՝ ինչպիսի՞ տարի էր 2022-ը։
- 2022-ը աշխարհում յատկանշւեց Ուկրայինայի պատերազմով։ Սա ՌԴ-Ուկրայինա պատերազմ էր՝ տեսքով, ըստ էութեան, սակայն, Արեւմուտք-ՌԴ պրոքսի պատերազմ՝ ուկրայինական տարածքների վրայ։ Այս պատերազմից բխած ծանրագոյն հետեւանքներն ազդեցին ամբողջ աշխարհի վրայ, քանի որ սա աշխարհամարտի 21-րդ դարի տարբերակ է, որտեղ միջազգային հանրութիւնը պատերազմում է ՌԴ-ի դէմ։ Աշխարհը բաժանւած էր ՌԴ-ի դէմ տնտեսական պատժամիջոցների կողմնակիցների եւ չմիացողների միջեւ։ Իհարկէ, կան ածանցեալ խնդիրներ, բայց ամենայատկանշականը պատերազմն է։
- Միջազգային յարաբերութիւնների տեսանկիւնից ի՞նչ ակնկալիքներ ունէք 2023-ից։ Աշխարհը խաղաղութեա՞ն, թէ՞ հակամարտութիւնների խորացման ճանապարհով կընթանայ։
- Կը լինեն տեղայնացւած, պրոքսի եւ հիբրիդային պատերազմներ. սա նոր աշխարհամարտի ձեւաչափն է, որն արդէն ընթացքի մէջ է։ Հիբրիդայինի դէպքերում մեծ բաժին կը տրամադրւի տնտեսականին՝ մրցակցութիւնների եւ պատժամիջոցների սուր բնոյթներով։ Աշխարհը կը գնայ որոշ պետութիւնների մեկուսացումների, այլոց ապամեկուսացումների, շրջափակումների եւ ապաշրջափակումների ընթացքներով։ Չի կարելի միանշանակ խաղաղութեան կամ պատերազմի մասին կանխատեսել. Կը լինեն համախառն իրավիճակներ, բեւեռների բախման կէտեր, որոշ կանգառներ՝ շահերի համատեղման երեւոյթներ։
- 2023-ին նոր աշխարհակարգ կը սահմանւի՞, թէ՞ եղածը կը վերափոխւի ու կը նորոգւի։
- Բազմաբեւեռայնութիւնը վերափոխւում է գերբեւեռայնութեան, ինչը տարբեր է միաբեւեռութիւնից։ Կան տարբեր բեւեռներ, եւ կայ գերբեւեռ, որը աշխարհագրական տարբեր միջավայրերում ազդեցիկ գործօն է եւ կիրառում է պրոքսի պատերազմներով վերահսկելի քաոսներ ստեղծելու վարքագիծը։ Հաւաքական Արեւմուտքը եւս օգտագործւող տերմինաբանութիւն է, որը կառավարւում է գերբեւեռի կողմից։ Չինական բեւեռը մինչ այժմ տնտեսական է եւ չի ուզում աշխոյժ ներգրաււել ռազմաքաղաքական գործընթացներին։ Իրավիճակը կը փոխւի, երբ տնտեսական այս բեւեռը կորոշի մուտք գործել ռազմաքաղաքական աշխարհաքաղաքականութեան հարթութիւն, եւ դա էապէս կազդի աշխարհակարգի վերաձեւաւորմանը։
- Հնարաւորութիւններ տեսնո՞ւմ էք, որ 2023-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագիր կը կնքւի, եւ այս իմաստով Հարաւային Կովկասում իրադարձութիւնները մտահոգիչ զարգացում կը ստանա՞ն, թէ՞ ընդհակառակը։
- Խնդիրը զուտ կախեալ չէ հակամարտութեան կողմերից։ Տարածաշրջանը, առաւել եւս՝ Հարաւային Կովկասը, Սիւնիքը յայտնւել են աշխարհաքաղաքականութեան օրակարգի կիզակէտերից մէկում։ Սիւնիքի օրինակը կարող է պարզաբանել իրավիճակը։ Թուրք-ադրբեջանական դաշինքը փայփայում է «զանգեզուրեան միջանցքի» գաղափարը եւ շտապում այն բացել։ Իրանը կտրուկ դէմ է եւ վճռականութիւն է յայտնում հայաստանեան իր սահմանի կարգավիճակի պահպանման առումով։ Վաշինգտոնը ռուսական էներգիայի շրջափակման քաղաքականութիւն է վարում եւ այլընտրանքներ որոնում։ Վիեննայի բանակցութիւնները դրական ազդակներ են հաղորդում, եւ փոխւում է ԱՄՆ-Իրան յարաբերութիւնների լարւածութեան չափը։ Իրանի ապաշրջափակումը անցնում է Սիւնիքով։ Այս բոլոր հանգամանքները մտածել են տալիս, որ խաղաղութեան օրակարգի իրացումը բարդանում է։ Դեռեւս չկայ աշխարհաքաղաքական կոնսենսուս։
Հայկ Մագոյեան