Ուկրայինայի պատերազմն այսօր աշխարհի ամենակարեւոր պատմութիւնն է։ Մի հաւատացէք Ուկրայինայի վերաբերեալ ԱՄՆ կառավարութեան եւ ԶԼՄ-ների անդադար քարոզչութեանը: Ուկրայինան չի յաղթում պատերազմում՝ նա պարտւում է, ըստ News.am-ի՝ գրում է Ջէյմս Ռիկարդը Daily Reckoning-ի իր յօդւածում։
«alikonline.ir» - Ուկրայինայի պատերազմն այսօր աշխարհի ամենակարեւոր պատմութիւնն է։ Մի հաւատացէք Ուկրայինայի վերաբերեալ ԱՄՆ կառավարութեան եւ ԶԼՄ-ների անդադար քարոզչութեանը: Ուկրայինան չի յաղթում պատերազմում՝ նա պարտւում է, ըստ News.am-ի՝ գրում է Ջէյմս Ռիկարդը Daily Reckoning-ի իր յօդւածում։
«Սակայն սպասէք, միթէ՞ վերջին ամիսների լուրերը Ուկրայինայի յաջողութիւնների եւ Ռուսաստանի նահանջի ու պարտութեան մասին չեն խօսում: Սա հիմնական, ուկրայինամէտ նարատիւն է: Ահա իրականութիւնը.
Ուկրայինական յաջողութիւնների մեծ մասի ձեռքբերումը թոյլ պաշտպանւած դիրքերի դէմ է եղել, որոնք ռուսները արագ լքել են, քանի որ դրանց համար չարժէր պայքարել:
Ռուսական այս զօրքերին (իրականում Դոնբասի աշխարհազօրայիններին) հրամայւել է նահանջել ռուսական ամրացւած դիրքեր, մինչդեռ ուկրայինական ուժերը, որոնք շտապում էին լրացնել դատարկութիւնը, ոչնչացւել են ռուսական հրետանային գնդակոծութիւններից:
Մարդկանց մեծամասնութիւնը պատերազմի մասին մտածում է տարածքի տեսակէտից: Եթէ դուք տարածք էք կորցնում, դա պէտք է նշանակի, որ դուք պարտւում էք պատերազմում։ Բայց միշտ չէ, որ ամէն ինչ այդքան պարզ է։
Ռուսական ռազմավարութիւն
Ռուսները պատրաստակամօրէն կը զիջեն տարածքը, որպէսզի յետոյ նորից մարտի գնան աւելի բարենպաստ պայմաններում։ Նրանք պարզապէս կը վերադարձնեն այն, երբ պայմաններն իրենց համար բարենպաստ լինեն։ Նրանք առաջին հերթին մտահոգւած չեն տարածքով, որպէս այդպիսին: Ռուսաստանի գլխաւոր նպատակը ուկրայինական զինւած ուժերին կոտրելն ու ոչնչացնելն է։
Եւ եթէ ուկրայինացիները ուզում են հետագայում եւս յարձակւել ռուսական դիրքերի վրայ՝ հողերը յետ վերադարձնելու ու քարոզչական յեղաշրջում իրականացնելու համար, ապա ռուսներին դա ձեռնտու է։ Նրանք ուղղակի կոչնչացնեն յարձակւող ուժերին հզօր հրետանային կրակով (հրետանին պատերազմում շատ աւելի շատ մարդ է սպանում, քան փամփուշտները կամ ռումբերը):
Եւ չնայած ուկրայինական կառավարութեան յայտարարութիւններին, լաւագոյն հետախուզական տւեալներն ասում են, որ Ռուսաստանը ներկայումս ունի կորուստների 8-10:1 մակարդակ։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը Ուկրայինային տալիս է 8-10 կորուստ է պատճառում իր իւրաքանչիւր կրած կորստի համար: Ուկրայինայի համար այս յարաբերակցութիւնը կայուն չէ։
Ռուսաստանը պատրաստւում է նւազեցնել Ուկրայինայի շուրջ աղմուկը
Մինչդեռ Ռուսաստանը ամրապնդել է իր դիրքերը 300 հազար եւ աւելի նոր զինւորներով (մօտ 30 դիւիզիա), որոնք հանգստացել եւ համալրել են իրենց պահեստազօրները։ Սա ի լրումն զօրքերի այն քանակին, որոնք արդէն Ուկրայինայում են գտնւում։
Տւեալները վկայում են այն մասին, որ նրանց աջակցում է առնւազն 1500 տանկ, 5000 զրահատեխնիկա, 1000 հրթիռային հրետանային համակարգ, հարիւրաւոր ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, հազարաւոր մարտավարական բալիստիկ հրթիռներ, թեւաւոր հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր:
Միաժամանակ, ամէն ինչ վկայում է այն մասին, որ Ռուսաստանը փոխում է իր ռազմավարութիւնը։
Ռուսական սկզբնական ներխուժումը լաւ մտածւած չէր եւ փուլերով էր տեղի ունենում: Հակառակ տարածւած կարծիքի՝ Պուտինը երբեք մտադրութիւն չի ունեցել նւաճել Կիեւը եւ գրաւել Ուկրայինան։ Ներխուժման ուժերը չափազանց փոքր էին այս նպատակներին հասնելու համար: Նաեւ հակառակ տարածւած կարծիքի, Պուտինը չի թիրախաւորել Ուկրայինայի քաղաքացիական բնակչութեանը: Նա ցանկացել է հնարաւորինս խուսափել քաղաքացիական բնակչութեան շրջանում զոհերից։ Իհարկէ, որոշ քաղաքացիական թիրախներ խոցւել են, բայց դա պատահում է պատերազմի ժամանակ։
Փոխարէնը Պուտինը կարծում էր, որ «յատուկ ռազմական գործողութիւնը» Կիեւին եւ Վաշինգտոնին ցոյց կը տայ, որ Ռուսաստանը լրջօրէն է վերաբերւում Ուկրայինայում իր կարմիր գծերի հաստատմանը, որ ինքը պատրաստ է ուժ կիրառել։ Բայց նա կարծում էր, որ ուժի իր ցուցադրումը կը ստիպի նրանց բանակցութիւնների սեղանի շուրջ նստել:
Նա շատ սխալ հաշւարկ էր արել։ Կիեւին ու Վաշինգտոնին բանակցութիւնների սեղանի շուրջ նստեցնելու փոխարէն նրանք որոշեցին ագրեսիւ կերպով պաշտպանել Ուկրայինային։ Շատ դէպքերում վատ պատրաստւած ռուսական զօրքերը յետ են շպրտւել ու ջախջախւել։
Բայց հիմա Ռուսաստանը հանում է ձեռնոցները։ Այն արդէն սկսել է զանգւածային, շարունակական յարձակումներ ուկրայինական ենթակառուցւածքների վրայ, ներառեալ էլեկտրահամակարգը եւ էներգետիկ հանգոյցները: Նրա բանակը նոյնպէս վերախմբաւորւում է եւ պատրաստւում է զանգւածային հակայարձակումների:
Նա չի անի այն նոյն սխալները, ինչ արել է անցեալ փետրւարին վատ ծրագրւած յարձակումների ժամանակ: Այս անգամ Ռուսաստանը լուրջ է տրամադրւած։ Նա այլեւս շահագրգռւած չէ Ուկրայինային բանակցութիւնների սեղանի շուրջ նստեցնելու հարցում։ Փոխարէնը կենտրոնացած է ուկրայինական զինւած ուժերը ոչնչացնելու եւ Կիեւին համաձայնութիւն պարտադրելու վրայ։
Շուտով կը սկսւի խոշոր ձմեռային յարձակում, ամենայն հաւանականութեամբ, երբ Ուկրայինայի հարաւում հողն ամբողջութեամբ կը սառչի: Յաջողակ հակայարձակումը կամրապնդի ռուսական վերահսկողութիւնը Դոնբասի վրայ (ուկրայինական արդիւնաբերութեան եւ բնական ռեսուրսների սիրտը), Ռուսաստանին վերահսկողութիւն կը տայ Զապորոժիեի (Եւրոպայի ամենամեծ ատոմակայանի) վրայ եւ, հնարաւոր է, գրաւի Օդեսան՝ Ուկրայինայի ամենակարեւոր սեւծովեան նաւահանգիստը:
Կիեւից մինչեւ Լւով Ուկրայինայի մնացած հատւածի համար ծախսերը սարսափելի կը լինեն, ներառեալ նրա էներգետիկ հզօրութեան, տրանսպորտային ուղիների եւ պարենի պահուստների մատակարարումների գրեթէ ամբողջական դեգրադացիան: ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից զէնքի առաքումները մեծ նշանակութիւն չեն ունենայ, քանի որ դրանք շատ քիչ են, դրանք շատ ուշ են հասնում, իս ուկրայինացիները քիչ են պատրաստւած դրանք կիրառելու համար:
Բայց այս հեռանկարները որեւէ կերպ չեն ազդում հակառուսական ռազմական բազեների վրայ՝ ինչպէս դեմոկրատների, այնպէս էլ հանրապետականների, որոնք լի են պատերազմն ամէն գնով ձգձգելու վճռականութեամբ, նոյնիսկ եթէ դրա համար ստիպւած լինեն պայքարել Ռուսաստանի դէմ մինչեւ վերջին ուկրայինացին։
Գերազանց գործարք ռազմարդիւնաբերական համալիրի համար
Թւում է, թէ ամէն շաբաթ ԱՄՆ-ը յայտարարում է Ուկրայինային բազմամիլիարդանոց օգնութեան նոր փաթեթի մասին: Օգնութեան այս փաթեթները բաժանւում են երկու կատեգորիայի՝ որոշներն իրենցից պարզ ֆինանսական փոխանցումներ են ներկայացնում, որպէսզի ուկրայինացի օլիգարխներին իրենց կառավարութիւնը պահպանելու միջոցներով ապահովեն:
Միւսները ներառում են զէնքեր, այդ թւում՝ անօդաչու թռչող սարքեր, հակահրթիռային մարտկոցներ, ինչպիսիք են Patriot-ը, հեռահար հրետանին, եւ բոլորովին վերջերս յայտարարւեց, որ ԱՄՆ-ը կարող է Bradley մարտական մեքենաներ մատակարարել Ուկրայինային:
Ուկրայինային նման օգնութեան ընդհանուր գումարը, ներառեալ երկու շաբաթ առաջ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունւած 1,7 տրիլիոն դոլար անօգուտ բիւջէն, այժմ մօտենում է 100 միլիարդ դոլարին:
Ինչ վերաբերում է զէնքին, ապա Ուկրայինային օգնութիւնը շատ աւելի քիչ է, քան թւում է առաջին հայեացքից: Կարծես թէ Ուկրայինան միլիարդաւոր դոլարների սարքաւորումներ է ստանում, բայց իրականում Ուկրայինան թափօններ է ստանում ԱՄՆ-ի պաշարներից: Այն, ինչ իրականում տեղի է ունենում, այն է, որ ԱՄՆ-ը հին կամ հնացած համակարգեր է նետում Ուկրայինա, այնուհետեւ դրա փոխարէն տրամադրւած միջոցներն օգտագործում է, որպէսզի իր համար նոր զէնք պատւիրի:
Միաժամանակ, ԱՄՆ-ն, ամենայն հաւանականութեամբ, Ուկրայինային կուղարկի Patriot հակաօդային պաշտպանութեան համակարգի աւելի հին տարբերակը, ընդ որում միայն մէկ մարտկոց՝ կազմւած ութ արձակման սարքից: Դա չի փոխում խաղի կանոնները, ինչպէս շատերն են կարծում։
Զէնքի այս առաքումներից իրական շահողները կը լինեն ամերիկեան պաշտպանական կապալառուները, ինչպիսիք են Raytheon-ը, Lockheed Martin-ը եւ Northrop Grumman-ը, որոնք գումար են ստանում ԱՄՆ-ի համար նոր առաջադէմ համակարգեր ստեղծելու համար:
Պարտւողը կը լինի ուկրայինացի ժողովուրդը, որը կը շարունակի իզուր մեռնել բանակցութիւնների միջոցով կարգաւորման բացակայութեան պայմաններում:
Որքա՞ն արեւմտեան ռազմական օգնութիւն է իրականում գնում մարտադաշտ
Այս ռեկետն աւելի անհեթեթ դարձնելու համար տեխնիկայի մեծ մասը, որը յայտնւում է Ուկրայինայում, արագօրէն պայթեցւում է Ռուսաստանի կողմից:
Ռուսաստանը շատ լաւ հետախուզական տւեալներ ունի զէնքի այդ համակարգերի գտնւելու վայրի վերաբերեալ այն բանից յետոյ, երբ դրանք հասնում են Ուկրայինա: Օգտագործելով գլոբալ արբանեակային պատկերներ, լազերային ուղղորդում եւ անօդաչու թռչող սարքերի ու թեւաւոր հրթիռների համադրութիւն՝ Պուտինին յաջողւել է կանխել այդ զէնքերի յայտնւելը մարտի դաշտում կամ դրանց ոչնչացումը։
Բայց ԱՄՆ-ն արդէն այնքան գումար է ծախսել Ուկրայինայի վրայ եւ այնքան վճռական է Ռուսաստանին ամբողջութեամբ յաղթելու հարցում, որ Ռուսաստանի յաղթանակը կը նշանակի եւս մէկ ռազմավարական պարտութիւն ԱՄՆ-ի համար, որը դեռեւս տառապում է Աֆղանստանում ֆիասկոյից:
Վտանգւած է այն, ինչ մնացել է ԱՄՆ-ի հանդէպ վստահութիւնից:
Հաւասարակշռութիւն պատերազմի եզրին
Ի՞նչ կը լինի, եթէ Ռուսաստանը Ուկրայինային դնի պարտութեան եզրին։ Միթէ՞ Բայդէնը եւ նրա կտրուկ հակառուսական վարչակազմը պարզապէս թեւաթափ կը լինեն եւ կը զիջեն յաղթանակը Ռուսաստանին: Դատելով նրանց մաքսիմալիստական հռետորաբանութիւնից եւ Ուկրայինայում յաղթանակի ձգտումից՝ դա քիչ հաւանական է։
Բայդէնը զիջելու նշաններ ցոյց չի տալիս եւ վերջերս յայտարարել է, որ Ուկրայինային կը մատակարարի այնքան զէնք, որքան անհրաժեշտ է: Միւս կողմից, Պուտինը նոյնպէս չի նահանջի եւ կարծես վճռական է Ուկրայինայի ողջ ափի, ներառեալ Օդեսայի ծայրայեղ կարեւոր նաւահանգստի անվտանգութիւնն ապահովելու հարցում:
Մեծ վտանգ կարող է առաջանալ, եթէ ԱՄՆ-ը յիմարաբար շարունակի էսկալացիան մինչեւ յաղթական աւարտ՝ Ուկրայինայի պարտութիւնը կանխելու համար։ Ես չեմ կանխատեսում, որ դա տեղի կունենայ, բայց իրավիճակը կարող է սրւել այն աստիճան, որ յուսահատութեան մէջ կիրառւի տակտիկական միջուկային զէնք։ Այդ պահից մնում է փոքր քայլ անել ռազմավարական միջուկային զէնքի աւելի լայն կիրառման ուղղութեամբ։
Կրկին, ես յատուկ չեմ կանխատեսում, որ դա տեղի կունենայ: Բայց սա իրական հնարաւորութիւն է՝ հիմնւած էսկալացիայի տրամաբանութեան վրայ, եւ մենք կարծես թէ գլորւում ենք դէպի միջուկային առճակատում, եթէ չարթնանանք»։