Միացեալ թագաւորութեան խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հարցով հրատապ նամակ է ուղարկել Համայնքների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահին՝ կոչ անելով սկսել Լեռնային Ղարաբաղի անվտանգութեան իրավիճակի հետաքննութիւն, հրատապ կարգով զեկոյց ներկայացնել: Նա շեշտել է, որ Հայոց Ցեղասպանութեան իրականացման հերթական գործընթացը պէտք է կանխւի:
«alikonline.ir» - Միացեալ թագաւորութեան խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հարցով հրատապ նամակ է ուղարկել Համայնքների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահին՝ կոչ անելով սկսել Լեռնային Ղարաբաղի անվտանգութեան իրավիճակի հետաքննութիւն, հրատապ կարգով զեկոյց ներկայացնել: Նա շեշտել է, որ Հայոց Ցեղասպանութեան իրականացման հերթական գործընթացը պէտք է կանխւի:
«Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ Բարոնուհի Քերոլայն Քոքսը նամակում ընդգծել է, որ Լաչինի միջանցքը՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին (Արցախ) կապող միակ ճանապարհը, մէկ ամսից աւելի է, ինչ շարունակում է շրջափակւած լինել, այսպէս կոչւած, ադրբեջանցի էկոակտիւիստների կողմից: Արցախի Հանրապետութեան 120 հազար բնակիչներ արտաքին աշխարհից անջատման հետեւանքով բախւում են տնտեսական, հումանիտար եւ առողջապահական ծանր հետեւանքների:
Նա շեշտել է նաեւ առաջացած մի շարք խնդիրների մասին՝ նկատելով, որ շատ քիչ թւով պացիենտների են միայն թոյլ տւել Կարմիր խաչի միջնորդութեամբ տեղափոխւել Հայաստան, սակայն կան շատերն, այդ թւում՝ քաղցկեղ ունեցող անձինք, որոնք քիմիաթերապիայի կարիք ունեն եւ չեն կարողանում ստանալ:
«Արցախի Հանրապետութեան անվտանգութեան խորհուրդը յայտարարութիւն է տարածել, որում ընդգծւում է «վերահաս նոր ցեղասպանութեան» իրողութեան մասին եւ կոչ է անում «միջազգային հանրութեանը պատասխանատւութիւն ստանձնել Ադրբեջանի կողմից իրականացւող ահաբեկչական գործողութիւնները կանխելու համար»»,- շեշտել է Քերոլայն Քոքսը:
Նա նշել է միջանցքի արգելափակման հետեւանքով ընտանիքների անջատման մասին, Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման գծի վնասման ու Ադրբեջանի կողմից դրա վերականգնումը խոչընդոտելու ու դրա ծանր հետեւանքների մասին:
«Թէեւ Հայաստանում Միացեալ Թագաւորութեան դեսպան Ջոն Գալագէրը հերքել է Լաչինի միջանցքի վերաբերեալ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի յայտարարութեան ձախողման հարցում Մեծ Բրիտանիայի մեղաւորութեան վերաբերեալ մեղադրանքները, սակայն Բելգիայում եւ Լիւքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան Վաքիֆ Սադիկովը «երախտագիտութեան խօսքեր է յայտնել» դեկտեմբերի 31-ին Մեծ Բրիտանիային՝ այս յայտարարութիւնը ձախողելու կապակցութեամբ: Սա խորացրել է մտավախութիւնը, թէ Ադրբեջանի հետ մեր կառավարութեան լաւ յարաբերութիւնները, որոնք կապւած են նաւթային շահերի հետ, գերակայութիւն կունենան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կեանքի նկատմամբ»,- նշել է նա:
Հետեւաբար, Բարոնուհի Քերոլայն Քոքսն Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովին խնդրել է հետեւեալը.
- Սկսել Լեռնային Ղարաբաղի անվտանգութեան իրավիճակի հետաքննութիւն
- Հրատապ կարգով ներկայացնել այդ արդիւնքների մասին զեկոյց Արտաքին, գործերի, համագործակցութեան եւ զարգացման գրասենեակին
- Հանդիպել հայկական սփիւռքի ներկայացուցիչների հետ՝ գնահատելու իրականութիւնը Ադրբեջանի ապատեղեկատւական արշաւի համատեքստում
«Հերթական Հայոց Ցեղասպանութեան գործընթացը պէտք է դադարեցւի հիմա»,-եզրափակել է Բարոնուհի Քերոլայն Քոքսը: