Հա

Քաղաքական

23/01/2023 - 10:04

«Գերմանիան եւ Ֆրանսիան պէտք է լինեն Եւրոպայի վերագործարկման առաջամարտիկները»․ Մակրոն

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը կիրակի օրը խոստացել են միասին առաջ տանել Եւրոպան։

«alikonline.ir» - Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը կիրակի օրը խոստացել են միասին առաջ տանել Եւրոպան, ըստ News.amի՝ յայտնում է AFP-ն։

Գերմանիայի ղեկավարն այցելել է Փարիզ՝ նշելու յետպատերազմեան համագործակցութեան 60-ամեակը, չնայած վերջին շրջանի սառը յարաբերութիւններում:

Մայրաքաղաքում գործող Սորբոնի համալսարանում ունեցած ելոյթում Շոլցն ասել է, որ ամուր կապերի պահպանումը մայրցամաքի համար առանցքային է․ «Ապագան, ինչպէս անցեալը, կախւած է մեր երկրների համագործակցութիւնից՝ որպէս միասնական Եւրոպայի շարժիչ ուժ»։

Մակրոնի խօսքով՝ «Գերմանիան եւ Ֆրանսիան պէտք է լինեն Եւրոպայի վերագործարկման առաջամարտիկները»։ Նա նշել է «նոր էներգետիկ մոդելի ստեղծման», «նորարարութեան եւ վաղւայ տեխնոլոգիաների» խրախուսման անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ Եւրոմիութիւնը «պաշտպանութեան, տիեզերքի եւ դիւանագիտութեան ոլորտում անկախ աշխարհաքաղաքական ուժ դարձնելու» ապահովումը։

Երկու ղեկավարները պէտք է մասնակցեն կառավարութեան համատեղ նիստին։

2021 թւականի վերջից Շոլցի պաշտօնավարուից ի վեր քաղաքական գործիչների միջեւ անձնական յարաբերութիւնները ոչ այնքան ջերմ են եղել: Բայց «կան կառուցւածքային խնդիրներ, որոնք դուրս են անձնական յարաբերութիւններից»,- նշել է Բեռլինի արտաքին յարաբերութիւնների գերմանական խորհրդի (DGAP) հետազօտող Ջէյքոբ Ռոսը:

1963 թւականի Ելիսէյեան պայմանագիրը, որը ստորագրւել է Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ՝ առաջնորդներ Կոնրադ Ադենաուէրի եւ Շառլ դը Գոլի միջեւ, նախատեսում էր ամէն ինչ՝ ռազմական համագործակցութիւնից մինչեւ երիտասարդների փոխանակման ծրագրեր: Այդ ժամանակից ի վեր Ֆրանսիան եւ Գերմանիան յաճախ հիմք են հանդիսացել Եւրոպայում ճգնաժամերին համատեղ արձագանգելու համար:

Հիմնական խնդիրները, որոնք պէտք է լուծւեն, ներառում են ուկրայինական հակամարտութիւնը, կլիման եւ էներգետիկան, ինչպէս նաեւ եւրոպական մրցունակութիւնը, որը բախւում է ԱՄՆ-ում «Գնել ամերիկեան սուբսիդիաների» նոր ալիքին:

Կիրակի օրը Շոլցը խոստացել է շարունակել աջակցել Կիեւին․ «Մենք կը շարունակենք Ուկրայինային տրամադրել անհրաժեշտ աջակցութիւն այնքան ժամանակ, որքան դա կը պահանջւի։ Միասին, որպէս եւրոպացիներ, մեր եւրոպական խաղաղութեան նախագիծը պաշտպանելու նպատակով»:

Բացի պաշտպանութիւնից, փոխկապակցւած առեւտրի եւ էներգետիկայի խնդիրները ազդում են ինչպէս Ֆրանսիայի, այնպէս էլ Գերմանիայի վրայ։ Բեռլինի համար «ամէն ինչ շատ դժւարացել է, քանի որ Գերմանիայի տնտեսական եւ քաղաքական մոդելը փորձարկւում է»,- նշել է Բեռլինում Ֆրանսիայի նախկին դեսպան Մորիս Գուրդօ-Մոնտանը:

Առանց ռուսական էժան գազի կամ միջուկային էներգիայի, Բեռլինը ստիպւած է մասամբ անցնել ածխի, քանի որ վերականգնւող աղբիւրները դեռեւս չեն կարող լռացնել տարբերութիւնը:

Ֆրանսիան, ընդհակառակը, պայքարում է իր հնացած միջուկային ռեակտորների նաւատորմը վերանորոգելու եւ փոխարինելու համար:

Ողջ Եւրոպայում առաջնորդները վախենում են անդրատլանտեան առեւտրի խափանումից՝ ԱՄՆ-ի գնաճի նւազեցման ակտի (IRA) պատճառով, որի հետեւանքով միլիարդաւոր դոլարներ կը ծախսւեն էկոլոգիապէս մաքուր ամերիկեան արտադրութեան տեխնոլոգիաների վրայ:

Ակնկալւում է, որ կիրակի օրը Մակրոնը Շոլցին կը ստիպի միանալ ամերիկեան օրէնքին միացեալ պատասխանելուն այն բանից յետոյ, երբ նա այս շաբաթ ստացաւ Իսպանիայի առաջնորդ Պեդրօ Սանչէսի աջակցութիւնը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։