-Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը մեղադրել է, թէ Հայաստանը խուսափում է խաղաղութեան բանակցութիւններից։ Նա պատրաստակամութիւն է յայտնել, որ պատրաստ են շարունակել բանակցութիւնները։ Սա ինչի մասին է խօսում․ որ Ադրբեջանն իսկապէ՞ս ցանկանում է բանակցել, թէ՞ աշխարհի աչքին թոզ փչելու հերթական դրսեւորումն է։
Radar Armenia-ի զրուցակիցը Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր, միջազգայնագէտ Շահան Գանտահարեանն է։
-Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը մեղադրել է, թէ Հայաստանը խուսափում է խաղաղութեան բանակցութիւններից։ Նա պատրաստակամութիւն է յայտնել, որ պատրաստ են շարունակել բանակցութիւնները։ Սա ինչի մասին է խօսում․ որ Ադրբեջանն իսկապէ՞ս ցանկանում է բանակցել, թէ՞ աշխարհի աչքին թոզ փչելու հերթական դրսեւորումն է։
-Թուրք-ադրբեջանական համատեղ մօտեցումը միշտ եղել է խաղաղութեան գործընթացի խոչընդոտումը հայկական կողմի վրայ բարդելը։ Բաքւի կողմից սա հերթական դրսեւորումն է։ Բանակցութիւններ շարունակելը միջազգային հանրութեանն ու հանրային կարծիքի համար է, թէ Բաքուն խաղաղասէր դիմագիծ ունի եւ, հակառակ հայկական արգելակումներին, պատրաստ է շարունակել բանակցութիւնները։ Սա պարզապէս ծխածածկոյթ է։ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածքներ, փակել է միջանցքը՝ մարդասիրական աղէտ առաջացնելով, գործադրել է ռազմական յանցագործութիւններ եւ խաղաղութեան արգելակումը բարդում է հայկական կողմի վրայ։ Սա բոլորը գիտեն։ Այդուհանդերձ, խաղի կանոն է հակամարտութեան բանակցութիւնների ներգրաւման համար կիրառել խաղի համահաւասարութիւն, ինչը որոշ պետութիւնների համար խախտւել է, եւ հնչում են հասցէական մեղադրանքներ՝ միջանցքը բացելու, զօրքերը ելման կէտեր վերադարձնելու, ռազմագերիներ վերադարձնելու կամ, նոյնիսկ որոշ դէպքերում, ռազմական յանցագործութիւնների համար պատասխան տալու։
-Եւրոպական խորհրդարանը ԼՂ շրջափակման հումանիտար հետեւանքների վերաբերեալ բանաձեւ ընդունեց։ Այս բանաձեւը խնդրի հանգուցալուծման համար յստակ գործողութիւններ ենթադրո՞ւմ է։
-Եւրոպական խորհրդարանի բանաձեւը ոչ միայն միջանցքի բացմանն է վերաբերում, այլ նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զօրքերի հեռացման։ Կարծում եմ՝ կայ ընդհանուր յայտարար Ստրասբուրգի, Բրիւսէլի, ԵԱՀԿ-ի եւ Եւրոմիութեան անդամ պետութիւնների որդեգրած յայտարարութիւնների միջեւ։ Սա խօսում է համաեւրոպական կեցւածքի մասին, որի նպատակը Հարաւային Կովկասում ներկայ լինելն է, թէկուզ՝ դիտորդական կամ փաստահաւաք առաքելութիւնների տեսքով։ Նման յայտարարութիւնները բխում են ռուսական տիրոյթներում ներթափանցման քայլեր առնելու շարժառիթներից՝ թէկուզ որոշ դէպքերում մարդասիրական տեսքով։
-ՌԴ ԱԳ նախարարը յայտարարեց, թէ մօտ օրերս կը բացւի Լաչինի միջանցքը։ Այսպէս կոչւած «բանալին» ո՞ւմ ձեռքում է. ՌԴ-ի՞, թէ՞ ԵԽ բանաձեւն էլ հետեւանքներ կունենայ։
-Այս յայտարարութիւնը զուգակցւել էր այն տեղեկատւութեանը, որ ռուսական միջնորդութեամբ հանդիպում է եղել Ստեփանակերտի եւ Բաքւի ներկայացուցիչների միջեւ։ Սա պարզ տեքստով խօսում է այն մասին, որ պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել ռուսական երաշխաւորութեամբ եւ միջնորդութեամբ։ Լաւրովն ուզում է ասել, որ բացառապէս Մոսկւան է եղանակ ստեղծում Արցախի հարցում։ Իրադրութիւնները բոլորովին այլ ընթացք կը ստանան, եթէ Լաւրովի լաւատեսական կանխատեսումը չիրականանայ։ Դա կը լինի հարւած ռուսական հեղինակութեանը եւ խնդրոյ առարկայ կը դարձնի Մոսկւայի ազդեցիկութիւնը, ինչին սպասում է, կարծում եմ, հաւաքական Արեւմուտքը։
-ՌԴ ԱԳ նախարարի դիտարկմամբ՝ առանց Ադրբեջանի հետ համաձայնեցման՝ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելութեան տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին անարդիւնաւէտ է լինելու։ Որքանո՞վ էք հնարաւոր համարում դիտորդների երկարաժամկէտ տեղակայումը։
-Այո, յայտարարութիւնը պէտք է ընկալել տարածաշրջանում միջնորդական հակամարտութեան պարունակում։ Այստեղ եւս զուգակցւել է այլ յայտարարութիւն։ Լաւրովն ասում է, որ ԵՄ քաղաքացիական առաքելութիւնը չի աշխատելու, որովհետեւ Բաքուն չի համաձայնելու։ Եւ անմիջապէս յետոյ ասում է, որ քննարկում են ՀԱՊԿ զօրքեր տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Դիւանագիտօրէն հասկացնում է, որ ՀԱՊԿ-ի երեւանեան հանդիպումից հռչակագիր կամ յայտարարութիւն դուրս չեկաւ, եւ ՀԱՊԿ-ն քաղաքական գնահատական չտւեց, որպէսզի երկկողմանի համաձայնութիւն ապահովի՝ սահման խաղաղապահ զօրք ուղարկելու։ Լաւրովն ուզում է ասել, որ ԵՄ միջնորդութիւնը մերժելու է Ադրբեջանը եւ նշում, որ ռուսականն ու ՀԱՊԿ ձեւաչափը ընդունելի պիտի լինեն երկկողմանիօրէն։
Հայկ Մագոյեան