Հա

Քաղաքական

27/01/2023 - 13:50

Շահան Գանտահարեանը ներկայացրել է ակնկալիքները Եգիպտոսի նախագահի՝ տարածաշրջան կատարելիք այցից

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանն անդրադարձել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի՝ տարածաշրջանային այցին, որը ներառում է նաեւ Հայաստանը:

«alikonline.ir» - Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանն անդրադարձել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի՝ տարածաշրջանային այցին, որը ներառում է նաեւ Հայաստանը:

«Արմէնպրես»-ի հետ զրոյցում Գանտահարեանն ուշադրութիւն հրաւիրեց այն հանգամանքի վրայ, որ Եգիպտոսի նախագահը Հայաստան է այցելելու Հնդկաստան կատարած այցից յետոյ: Նրա գնահատմամբ՝ դա խօսում է տարածաշրջանում Կահիրէ-Դելի ռազմավարական համագործակցութեան հարցերի համակարգման մասին։

«Կահիրէն գլխաւոր խաղացող է ոչ միայն միջին Արեւելքում, այլ նաեւ Աֆրիկայում եւ այս ուղղութիւններով նրա շահերը սուր հակասութիւններ ունեն թուրքական շահերի հետ, յատկապէս Լիբիայի եւ Սիրիայի հարցերով։ Մինչ այս պահը երկու երկրների դիւանագիտական կապերը սառեցւած են, սակայն առեւտրատնտեսական կապերը շարունակւում են։ Հիմա կայունացմանը միտւած քայլերով որոշակի ապալարւածութիւն է նկատւում Անկարայի հետ։ Անցած հոկտեմբերին Երեւանում անցկացւած Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակի առիթով կազմակերպւած գիտաժողովում Եգիպտոսի ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնի տնօրէն Խալիդ Օկաշան փորձագիտական բարձրորակ զեկոյց ներկայացրեց, որտեղ մանրամասն խօսեց Անկարայի՝ աֆրիկեան տարածաշրջան ներթափանցման մասին»,- ասաց նա։

Նա յաւելեց՝ Միջին Արեւելքում եւ Աֆրիկայում տարածաշրջանային գլխաւոր խաղացող Եգիպտոսի ղեկավարի այցը Կովկաս վկայում է եգիպտական ազդեցութեան գօտիների ընդլայնմանը միտւած քայլի մասին։ Գանտահարեանն այն կարծիքին է, որ հայ-եգիպտական յարաբերութիւնների դրական միտումները, նկատի ունենալով Կահիրէի դերը Կովկասում, կարող են նոր դռներ բացել հայկական կողմի համար։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ տարածաշրջանային այցի ընթացքում Եգիպտոսի նախագահը լինելու է նաեւ Բաքւում՝ պարզ է, որ անդրադարձ կը լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտութեանը եւ կոչ կարւի առաջնորդւել բանակցութիւններով հարցի խաղաղ կարգաւորման ճանապարհով։ «Չի բացառւում, որ մարդասիրական խնդիրներ բարձրացւեն՝ միջանցքի բացման կամ ռազմագերիների վերադարձի յորդորներով»,- ասաց Շահան Գանտահարեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։