Հա

Քաղաքական

29/01/2023 - 13:45

«Եթէ յաջողւի ՌԴ-ին դուրս մղել Հարաւային Կովկասից, այստեղ ԱՄՆ շահերը կարող է սպասարկել Թուրքիան». Սուրէն Սարգսեան

Արեւմուտքում շատ լաւ պետկերացնում են, որ առանց արտաքին ուժի ներկայութեան Լեռնային Ղարաբաղում հայերի համար որեւէ երաշխիք լինել չի կարող, որովհետեւ իրենք շատ լաւ հասկանում են, թէ Ալիեւն ինչ ռեժիմ է կերտել իր պետութեան մէջ: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը:

«alikonline.ir» - Արեւմուտքում շատ լաւ պետկերացնում են, որ առանց արտաքին ուժի ներկայութեան Լեռնային Ղարաբաղում հայերի համար որեւէ երաշխիք լինել չի կարող, որովհետեւ իրենք շատ լաւ հասկանում են, թէ Ալիեւն ինչ ռեժիմ է կերտել իր պետութեան մէջ: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը:

Նրա խօսքով, ինքնորոշման փոխարէն Արցախի հայ բնակչութեան անվտանգութեան եւ իրաւունքների մասին թէզերը Արեւմուտքի կողմից սկսեցին կիրառւել բացառապէս այն բանից յետոյ, երբ Հայաստանը դրա հետ համաձայնեց. «Այսինքն Արցախի իրաւունքների մասին խօսելիս իրենք խօսում են անվտանգութեան ու ազատ տեղաշարժի իրաւունքի մասին, ոչ թէ ազգերի ինքնորոշման մասին, որի մասին 30 տարի արցախցիները խօսել են: Հիմա իրավիճակը փոխւել է:

Բանն այն է, որ Թուրքիան ամբողջութեամբ կանգնած է Ադրբեջանի թիկունքին: Աւելին, բոլոր տեսակի միջազգային ու դիւանագիտական ճնշումների մի մասը Թուրքիան վերցնում է իր վրայ եւ ասում է Ալիեւին՝ եթէ ինչ-որ հարցով քեզ կը զանգեն, կասես, թող ինձ զանգեն, ես բոլոր խնդիրները կը կարգաւորեմ, դու գնայ մեր պանթուրքիստական ընդհանուր գաղափարը մղի առաջ, միջանցքի հարցը լուծի, ինչով պէտք է՝ ես քեզ կաջակցեմ, այդ թւում զինւած գործողութիւններով»,- ասաց Սուրէն Սարգսեանը:

Հարցին, թէ եթէ Արեւմուտքին յաջողւի Ռուսաստանին դուրս մղել Հարաւային Կովկասից, այդ բացը ո՞վ է լրացնելու, նա պատասխանեց. «Լրացնելու է Թուրքիան, որովհետեւ ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում ներգրաււածութիւն չունի, հեռու է, կարիք էլ չունի այստեղ ունենալու զինւած ներկայութիւն: Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թէ ինչու պէտք է ԱՄՆ-ն Հայաստանը պաշտպանի իր ռազմավարական դաշնակից Թուրքիայից: Եւ ինչու պէտք է ԱՄՆ-ն Հայաստանը պաշտպանի իր միւս բարեկամ Ադրբեջանից: Երրորդը, մենք պէտք է հասկանանք, թէ որքանով ճիշտ կը լինի Հայաստանում ունենայ ամերիկեան ռազմական ներկայութիւն՝ հաշւի առնելով իրանական գործօնը: Այդ դէպքում Հայաստանը կը դառնայ տարբեր պետութիւնների ագրեսիւ խաչման կէտ, Սիրիա, ինչը ես շատ քիչ հաւանական եմ համարում: Այսինքն ԱՄՆ զինւած ուժերը Հայաստանում լինելու հեռանկար չունի, որովհետեւ իրենք կարող են այդ հարցերը լուծել իրենց ռազմավարական դաշնակիցների միջոցով: Օրինակ, արաբական աշխարհում ամերիկեան շահերը սպասարկում է Իսրայէլը, մեր տարածաշրջանում ամերիկեան շահերը կարող է սպասարկել Թուրքիան: Այո, պրոբլեմատիկ ու անկանխատեսելի դաշնակից է, բայց  դաշնակից է, նաեւ բնական դաշնակից է»:

Նրա խօսքով, ԱՄՆ-ում էլ են հասկանում, որ ռուս-թուրքական մրցակցութիւնը միշտ եղել է եւ լինելու է. «Այլ հարց է, թէ տարածաշրջանում ինչ կը փոխւի, եթէ Ռուսաստանը փորձի մեծացնել իրանական գործօնը, որպէսզի կարողանայ հակակշռել թուրքական ազդեցութեանը, որովհետեւ Թուրքիան իրօք լուրջ մարտահրաւէր է Ռուսաստանի համար»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։