Հա

Քաղաքական

30/01/2023 - 13:35

Հայաստանի ու Ադրբեջանի հանդէպ իրանական կողմի տրամադրութիւնները

Իրանում յստակ գիտակցում են, որ Ադրբեջանի ու Թուրքիայի վարած քաղաքականութիւնն անմիջական սպառնալիք է նաեւ իրենց համար, ուստի կարեւորում են Հայաստանի հետ փոխգործակցութեամբ այդ սպառնալիքների չէզոքացումը: Այս համատեքստում հետաքրքրական են նաեւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների սրացումներին իրանական մամուլի օպերատիւ արձագանգները, հայկական կողմի տեսակէտները ներկայացնելու հարցում բաց մօտեցումը:

ԺԱՆՆԱ ՎԱՐԴԱՆԵԱՆ

Իրանագէտ

 

«Մենք ռազմավարական սխալ ենք գործել։ Առաջին սխալն այն էր, որ փակել ենք Հայաստանի հետ սահմանը։ Սրանով մենք թոյլ ենք տւել, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական հաւասարակշռութիւնը թեքւի Իսրայէլի եւ Թուրքիայի կողմը, ինչը երկարաժամկէտ հեռանկարում իր ազդեցութիւնն է ունենալու մեր անվտանգութեան վրայ»,- Արցախեան երրորդ պատերազմի աւարտից օրեր անց նման գնահատական էր հնչեցրել Եւրասիայի եւ Կովկասի հարցերով իրանցի փորձագէտ Շոաիբ Բահմանը։

Սա պատերազմից յետոյ իրանական կողմի մտահոգութիւնների ամենացայտուն արտայայտութիւններից է։ Բայց ընդամէնը մէկը, քանի որ 2020 թւականի պատերազմում Հայաստանի պարտութիւնն Իրանում ընկալւեց նաեւ որպէս իր պարտութիւն։ Պատճառը պատերազմի վերջնարդիւնքներով ուժերի վերադասաւորումն էր ի վնաս Իրանի, մասնաւորապէս՝

- Ադրբեջան-Թուրքիա յարաբերութիւնների սերտացումը,

- Ադրբեջան-Իսրայէլ յարաբերութիւնների սերտացումը եւ Իրանի սահմանների հարեւանութեամբ իսրայէլական ուղղակի եւ անուղղակի ներկայութեան ամրապնդումը,

- Բաքւի շարունակական նկրտումները Հայաստանի տարածքի նկատմամբ, մասնաւորապէս՝ այսպէս կոչւած «միջանցքի» պահանջը եւ այլն:

Վերլուծելով նոր իրադրութիւնը՝ պատերազմից յետոյ իրանական փորձագիտական դաշտը մշտապէս մատնանշել է Հայաստանի ու Իրանի համար ստեղծւած անվտանգային սպառնալիքներն ու դրանց չէզոքացման համար անհրաժեշտ քայլերը։ Նորայայտ մարտահրաւէրներին դիմակայելու համար պաշտօնական Թեհրանն ակտիւացրել է իր քաղաքականութիւնը Հարաւային Կովկասում։ Այդ քաղաքականութիւնը երկու տարւայ ընթացքում յարմարեցւել է նաեւ ընթացիկ զարգացումներին:

Պատերազմի աւարտից յետոյ՝ շուրջ մէկ տարի, Թեհրանը փորձում էր Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ակտիւօրէն յարաբերւել թէ՛ դիւանագիտական եւ թէ՛ տնտեսական ոլորտներում: Թեհրանը նախ փորձեց առաջ տանել «3+3» ձեւաչափը, եւ չնայած այդ նախագիծը ձախողւեց, Իրանը մինչ օրս շեշտում է դրա գործարկման կարեւորութիւնը։

Տնտեսական առումով Ադրբեջանի դէպքում շեշտը դրւեց գրաււած տարածքներում վերականգնողական աշխատանքներին մասնակցելու վրայ. տարբեր մակարդակներով եւ բազմիցս Թեհրանից պատրաստակամութիւն յայտնեցին մասնակցելու շինարարական աշխատանքներին, օրինակ՝ մզկիթների վերակառուցմանը, վերանորոգմանը, ականազերծման աշխատանքներին եւ այլն: Դա, սակայն, տեղի չունեցաւ, քանի որ Ադրբեջանն այդ աշխատանքները վստահեց թուրքական ու իսրայէլական ընկերութիւններին՝ նաեւ այդպէս հատուցելով պատերազմի ընթացքում նրանց օժանդակութեան դիմաց։

Հայաստանի դէպքում էլ իրանցիներն ակտիւութիւն ցուցաբերեցին թուրքական ապրանքներն իրանականով փոխարինելու, ինչպէս նաեւ ենթակառուցւածքային նախագծերին մասնակցելու հարցերում։

Թեհրանի այս ակտիւութիւնն ուղեկցւում էր տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխութիւնների անթույլատրելիութեան մասին յայտարարութիւններով, որոնք, բնականաբար, դժգոհութեամբ էին ընդունւում Ադրբեջանում։

Ի վերջոյ, 2021թ․ աշնանը Բաքու-Թեհրան յարաբերութիւնները խիստ սրւեցին, ինչի շարժառիթ հանդիսացան Արցախ իրանական բեռնատարների ելումուտը, Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան աւտոմայրուղու մի հատւածի օկուպացիան ու իրանցի վարորդների ձերբակալութիւնը: Լարւածութիւնն ուղեկցւեց երկու երկրների պաշտօնեաների կողմից միմեանց հասցէին սպառնալիքներով ու նախազգուշացումներով, ԶԼՄ-ների քարոզչական գրոհներով։

Լարւածութեան որոշակի թուլացումից յետոյ Բաքուն ու Թեհրանը տնտեսական ոլորտում համագործակցութեան մի քանի պայմանաւորւածութիւններ ձեռք բերեցին։ Բայց յարաբերութիւնները հարթ չէին նաեւ 2022թ., եւ աշնանը լարւածութիւնն աննախադէպ մակարդակի հասաւ։ Այն պահպանւում է մինչ օրս, եւ այդ պայմաններում իրանական լրատւական, փորձագիտական դաշտում որոշակի փոփոխութիւններ են նկատւում:

Իրանում յստակ գիտակցում են, որ Ադրբեջանի ու Թուրքիայի վարած քաղաքականութիւնն անմիջական սպառնալիք է նաեւ իրենց համար, ուստի կարեւորում են Հայաստանի հետ փոխգործակցութեամբ այդ սպառնալիքների չէզոքացումը: Այս համատեքստում հետաքրքրական են նաեւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների սրացումներին իրանական մամուլի օպերատիւ արձագանգները, հայկական կողմի տեսակէտները ներկայացնելու հարցում բաց մօտեցումը: Վերջին շրջանում հայ փորձագէտները մի շարք հարցազրոյցներ են տւել իրանական ԶԼՄ-ներին, որոնց թւում եւ՝ տողերիս հեղինակը, որը հարցազրոյց է տւել Իրանի պետական հեռուստատեսութեան երկրորդ ալիքին, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում:

Յատկանշական է, որ իրանական մեդիայում նկատւում է նաեւ Արցախ անւան աւելի յաճախակի կիրառութիւն, այդ թւում՝ հեռուստաեթերի ժամանակ: Նշւածը յստակ վկայում է իրանական կողմի տրամադրւածութեան մասին: Եւ եթէ նախկինում իրանական դաշտում աւելի նեղ շրջանակներում էին խօսում այն մասին, որ Իրանի շահերից է բխում Արցախի՝ հայկական կողմի վերահսկողութեան տակ լինելը, ապա այսօր այդ մասին աւելի բացայայտ են խօսում:

Ընդհանուր առմամբ իրանական մամուլի մոնիթորինգից եւ փորձագիտական շրջանակների հետ դէմ առ դէմ շփումներից պարզ է դառնում, որ՝

1. Իրանը շահագրգռւած է Հայաստանի հետ յարաբերութիւնների խորացմամբ,

2. Թեհրանը խիստ զգայուն է Իսրայէլ-Ադրբեջան, Թուրքիա-Ադրբեջան յարաբերութիւնների սերտացման հարցերում,

3. Թեհրանը զգայուն է Հայաստան-Արեւմուտք յարաբերութիւնների հարցում։

Վերոնշեալն ունի իր բացատրութիւնը: Իրանում Հարաւային Կովկասն ընկալում են որպէս իրենց կորցրած տարածք եւ չեն ցանկանում կորցնել նաեւ ազդեցութիւնն այդ տարածաշրջանում: Այս տարածաշրջանում իր ազդեցութիւնը մեծացնելու համար Իրանն ակտիւացել է յատկապէս ԽՍՀՄ փլուզումից յետոյ։

Վրաստանի որդեգրած քաղաքական կուրսի պատճառով Իրան-Վրաստան յարաբերութիւնները չզարգացան այնքան, որքան ցանկանում էր Թեհրանը։ Յարաբերութիւնները յատկապէս յաջող ընթացք ունեցան ՀՀ-ի հետ, իսկ Ադրբեջանի դէպքում ուղեկցւեցին մի շարք խնդիրներով։

Արդէն արցախեան պատերազմից յետոյ Բաքւի քաղաքականութիւնը Իրանին ստիպեց աւելի շատ կենտրոնանալ հայկական ուղղութեամբ։ Իրանի համար Հայաստանն այսօր այն կէտն է, որից կառչելով կարող է իր ներկայութիւնն ապահովել Հարաւային Կովկասում եւ վերջնականապէս դուրս չմղւել այդ տարածաշրջանից։ Ընդ որում, ներկայութիւն ասելով Իրանում հասկանում են նաեւ ռազմական ներկայութիւնը։

Իրանական փորձագիտական դաշտում յատկապէս խիստ ընդգծւում է ՀՀ Սիւնիքի մարզում իրանական ռազմաբազայի ստեղծման անհրաժեշտութիւնը։ Այդ համատեքստում կարեւորւում է հայ-իրանական ռազմական համագործակցութեան մասին պայմանագրի կնքումը կամ ՀՀ իշխանութիւնների կողմից Իրանին ուղղւած պաշտօնական դիմումը՝ Սիւնիքում ներկայութիւն ունենալու համար։ Սրան էր ուղղւած նաեւ Կապանում իրանական հիւպատոսութեան բացումը, ինչն ապահովեց Իրանի քաղաքական ներկայութիւնը եւ մեծ ուղերձ էր ադրբեջանա-թուրքական դաշինքին։

Իրանական կողմի համար յատկապէս մտահոգիչ է Ադրբեջան-Իսրայէլ, Ադրբեջան-Թուրքիա յարաբերութիւնների խորացումը։ Արցախի օկուպացւած շրջաններում Իսրայէլի կողմից «խելացի գիւղերի» կառուցումը Իրանում ընկալում են որպէս Իսլամական Հանրապետութեանը լրտեսելու եւ նրա դէմ գործողութիւնների հարթակի ստեղծում։ Ադրբեջանա-իսրայէլական համագործակցութեան ցանկացած դրսեւորում ընկալւում է Իրանի դէմ ուղղւած քայլ, այդ թւում՝ երկկողմ փոխայցերն ու տարբեր ոլորտներում համագործակցութեան խորացումը։ Թել Աւիւում դեսպանատուն բացելու Ադրբեջանի որոշումն էլ հակաիրանական գործողութիւնների նոր շրջափուլի մեկնարկ որակւեց։

Նոյն կերպ Իրանին մտահոգում է նաեւ Թուրքիա-Ադրբեջան յարաբերութիւնների խորացումը։ Ըստ իրանական կողմի՝ Թուրքիան փորձում է խեղաթիւրել Ադրբեջանի ժողովրդի՝ թէ՛ հէնց ադրբեջանցիների եւ թէ՛ իրանախօս զանգւածի ինքնութիւնն ու նրանց թուրքացնել, բացի այդ՝ ծաւալում է Ադրբեջանի բնակչութեան սուննիացման գործընթաց։

Իրանում առաջին հերթին նաեւ Թուրքիայի ազդեցութեամբ են պայմանաւորում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիւ գործողութիւնները։ Արցախեան երրորդ պատերազմն ու յաջորդիւ ՀՀ տարածքի օկուպացիան ու «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի առաջմղումը Իրանում Օսմանեան կայսրութիւնը վերականգնելու եւ թուրանական միութիւն ստեղծելու Թուրքիայի ծրագիր են համարում, Ադրբեջանը՝ գործիք այդ ծրագրում, իսկ Արեւմուտքն էլ՝ օժանդակող ուժ։

Իրանական կողմը զգայունութեամբ է հետեւում նաեւ Հայաստան-Արեւմուտք յարաբերութիւններին։ Իրանական պաշտօնական փորձագիտական մօտեցումն այն է, որ տարածաշրջանի խնդիրները պէտք է լուծւեն տարածաշրջանում եւ տարածաշրջանի երկրների մասնակցութեամբ։ Իրանական վերլուծական դաշտի գնահատմամբ՝ Արեւմուտքին արցախեան հակամարտութիւնը, դրա լուծումը չեն հետաքրքրում, Հարաւային Կովկասն Արեւմուտքին պէտք է Իրանին ու ՌԴ-ին դիմակայելու համար։

Հետեւաբար հայ-ադրբեջանական շփման գծում ԵՄ դիտորդների տեղակայման կամ միջազգային խաղաղապահների մասին հայկական կողմի յայտարարութիւններն Իրանում անընդունելի են համարում։

«Հարաւային Կովկասում խաղաղութիւնն ԱՄՆ-ի համար ի՞նչ նշանակութիւն ունի, որ ցանկանայ աջակցել դրան: Անգամ եթէ ենթադրենք, որ ԱՄՆ-ն իսկապէս ձգտում է կայուն խաղաղութիւն հաստատելու Կովկասում, ինչպիսի՞ն կը լինի Ռուսաստանի նման ազդեցիկ շահագրգիռ կողմի մօտեցումը Կովկասում ամերիկեան խաղաղութեան շուրջ, երբ Ուկրայինայի մարտի դաշտում ականատես ենք Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ առճակատմանը։ Կարո՞ղ ենք պատկերացնել ամերիկեան եւ բրիտանական խաղաղապահ ուժերին եւ ՆԱՏՕ-ի նրանց միւս դաշնակիցներին Ղարաբաղում՝ ռուսական խաղաղապահ ուժերի հետ կողք կողքի։ Այսօր միակ երկիրը, որը միջազգային իրաւունքի տեսանկիւնից Կովկասում միջամտութեան իրաւունք ունի, Իրանն է: Այս ճգնաժամից դուրս գալու միակ լուծումը Լաչինում եւ Հայաստան-Ադրբեջան լարւածութեան այլ կէտերում իրանցի խաղաղապահների տեղակայումն է ռուս խաղաղապահների կողքին»,- իր յօդւածում նման դիտարկումներ է արել Իրանի Կովկասի հետազօտութիւնների ինստիտուտի տնօրէն Ջաֆար Խաշէն։

Ընդհանուր առմամբ Իրանի Իսլամական Հանրապետութեան տրամադրւածութիւնը նշանակում է, որ նրա հետ մեր յարաբերութիւնները որակապէս նոր մակարդակի բարձրացնելու բացառիկ հնարաւորութիւն է ստեղծւել, թէեւ իրանական կողմի որոշ ցանկութիւններ Հայաստանի շահերի տեսանկիւնից անընդունելի են: Այնուամենայնիւ փաստ է՝ Ադրբեջանի, Թուրքիայի ու նրանց դաշնակիցների ծրագրերը հակասում են Հայաստանի ու Իրանի ազգային շահերին, հետեւաբար դրանց դիմակայելու հարցում երկու երկրները համընկնող շահեր ունեն եւ պէտք է միասնական ճակատով հանդէս գան՝ սկսած համատեղ քարոզչական պայքարից մինչեւ ռազմական ու յատկապէս ռազմատեխնիկական համագործակցութեան զարգացումը:

 

 

«Դրօշակ» թիւ 1, 2023թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։