2022 թ. դեկտեմբերի սկզբից Եւրոպական Միութիւնն ուշադիր հետեւում է Լաչինի միջանցքի երկայնքով եւ դրա շուրջ տեղի ունեցող իրադարձութիւններին եւ դրանց մարդասիրական հետեւանքներին։ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան հարցերով բարձր ներկայացուցիչ, Եւրոյանձնաժողովի փոխնախագահ Ժոզէֆ Բորէլը մշտական կապի մէջ է երկու կողմերի արտաքին գործերի նախարարների հետ: Կողմերի հետ սերտ կապի մէջ է նաեւ Հարաւային Կովկասում ԵՄ յատուկ ներկայացուցիչ Տոյւօ Կլաարը:
«alikonline.ir» - 2022 թ. դեկտեմբերի սկզբից Եւրոպական Միութիւնն ուշադիր հետեւում է Լաչինի միջանցքի երկայնքով եւ դրա շուրջ տեղի ունեցող իրադարձութիւններին եւ դրանց մարդասիրական հետեւանքներին։ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան հարցերով բարձր ներկայացուցիչ, Եւրոյանձնաժողովի փոխնախագահ Ժոզէֆ Բորէլը մշտական կապի մէջ է երկու կողմերի արտաքին գործերի նախարարների հետ: Կողմերի հետ սերտ կապի մէջ է նաեւ Հարաւային Կովկասում ԵՄ յատուկ ներկայացուցիչ Տոյւօ Կլաարը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշւած է Եւրոխորհրդարանի պատգամաւոր Ասսիտա Կանկոյի՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերեալ պաշտօնական հարցմանը Ժոզէֆ Բորէլի պատասխանում:
«ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրաւասութեան սահմաններում միջոցներ ձեռնարկել՝ միջանցքով տեղաշարժւելու ազատութիւնն ու անվտանգութիւնն ապահովելու համար՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից բխող իր պարտաւորութիւնների»,- նշւած է փաստաթղթում:
Ժոզէֆ Բորէլը յիշեցնում է, որ Պրահայում 2022 թ. հոկտեմբերի 6-ին ձեռք բերւած համաձայնագրի շրջանակներում Հայաստանում երկու ամսով տեղակայւել էր ԵՄ առաքելութիւն, որն իր գործունէութիւնն աւարտել էր 2022 թ. դեկտեմբերի 19-ին:
Անդրադարձ է կատարւում նաեւ ԵՄ նոր դիտորդական առաքելութեան տեղակայմանը:
«ԵՄ-ն սկսել է ներգրաււածութեան նոր փուլ՝ որոշելով, ի պատասխան Հայաստանի դիմումի, Հայաստանում տեղակայել Եւրոպական Միութեան քաղաքացիական առաքելութիւն՝ Անվտանգութեան եւ պաշտպանութեան ընդհանուր քաղաքականութեան շրջանակներում: Առաքելութեան նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունութեանը, տեղում վստահութեան ամրապնդմանը եւ պայմաններ ապահովել, որոնք կը նպաստեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած ջանքերին, որոնց աջակցում է ԵՄ-ն»,- ասւած է փաստաթղթում:
Բորէլը նաեւ անդրադարձել է ԵԽ պատգամաւորի հարցման մէջ Ադրբեջանի իշխանութիւնների նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառման վերաբերեալ հարցին:
«Պատժամիջոցները ԵՄ-ի ընդամէնը մէկ գործիք են Արտաքին եւ անվտանգութեան ընդհանուր քաղաքականութեան նպատակներն առաջ մղելու համար, եւ այս դէպքում դրանք չեն դիտարկւում: Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ԵՄ-ի ջանքերը կենտրոնացած են երկխօսութեան միջոցով լուծումների հասնելու վրայ, ինչին երկու երկրների ղեկավարներն էլ յայտնել են իրենց յանձնառութիւնը»,- եզրափակել է Ժոզէֆ Բորէլը։