Հա

Քաղաքական

02/02/2023 - 11:35

Իսրայէլական հեռուստատեսութիւնը գարշելի ադրբեջանական քարոզչութիւն է տարածում Հայաստանի եւ Իրանի դէմ

Յունւարի 27-ին իսրայէլական i24NEWS միջազգային հեռուստաընկերութիւնը հեռարձակեց կէս ժամանոց կեղծիքներով լի մի հաղորդում՝ Իսրայէլի հետ Ադրբեջանի յարաբերութիւնները փառաբանելու եւ Հայաստանին, Իրանին ու Ռուսաստանին անարգելու համար: Այս սկանդալային հաղորդումը ոչ մի կապ չունէր լրագրութեան հետ, եւ ամէն ինչ առնչւում էր Ադրբեջանի տխրահռչակ «խաւիարային դիւանագիտութեան» հետ։

 ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

 

Յունւարի 27-ին իսրայէլական i24NEWS միջազգային հեռուստաընկերութիւնը հեռարձակեց կէս ժամանոց կեղծիքներով լի մի հաղորդում՝ Իսրայէլի հետ Ադրբեջանի յարաբերութիւնները փառաբանելու եւ Հայաստանին, Իրանին ու Ռուսաստանին անարգելու համար: Այս սկանդալային հաղորդումը ոչ մի կապ չունէր լրագրութեան հետ, եւ ամէն ինչ առնչւում էր Ադրբեջանի տխրահռչակ «խաւիարային դիւանագիտութեան» հետ։

Ահա հատւածներ հեռուստահաղորդումից, որը ես սղագրել եմ: Իմ մեկնաբանութիւնները ներկայացւած են փակագծերում.

Հաղորդավարը՝ իսրայէլցի լրագրող Հենրիկէ Ցումերմանը, ասաց. «Ադրբեջանն ունի խնդրայարոյց հարեւաններ, յատկապէս Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը հիւսիսում եւ այաթ. Ալի Խամենէիի Իրանը հարաւում: Այդուհանդերձ, նրա գլխաւոր պատմական թշնամին մէկ այլ հարեւան է՝ Հայաստանը, քրիստոնեայ մեծամասնութիւն ունեցող մի երկիր, որը բախւել է Ադրբեջանի հետ երկու խոշոր պատերազմներում՝ պատճառելով հազարաւոր զոհեր: 1991 թւականին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում Ռուսաստանի աջակցութեամբ [առաջին սուտը] Հայաստանին յաջողւեց սահմանային գօտում գրաւել 10 հազար քառակուսի կիլոմետր` Լիբանանի տարածքի չափ։ Պաշտօնական նպատակը բուֆերային գօտի ստեղծելն էր։ Ադրբեջանի համար 2020 թւականը Ղարաբաղեան երկրորդ պատերազմում յաղթանակի տարի էր։ Նախագահ Իլհամ Ալիեւի բանակը վերանւաճեց հայերի կողմից գրաււած բոլոր տարածքները [երկրորդ սուտը], սակայն պարզւեց, որ տասնեակ գիւղեր եւ փոքր քաղաքներ ամբողջութեամբ աւերւած են եւ ականապատւած [երրորդ սուտը]։ Այդպէս էր Խոդաֆարինի շրջանում՝ Իրանի սահմանից ընդամէնը մի քանի մետր հեռաւորութեան վրայ՝ Արաքս գետի ափին։ Այս համատեքստում, Իրանը աջակցեց Հայաստանին [չորրորդ սուտը], իսկ Իսրայէլը՝ Ադրբեջանին»։

Լրագրողը հարցազրոյց ունեցաւ Ադրբեջանի կրօնական հարցերի նախարար Մուբարաք Քուրբանլիի հետ, որն ասաց. «Հայաստանը գրաւել է մեր հողերը [հինգերորդ սուտը]։ Անցեալ պատերազմում նրանց յաղթելու համար մեր բանակից հսկայական հերոսական ջանքեր պահանջւեցին։ Ադրբեջանական ժողովուրդը գիտի, որ այս պատերազմի ժամանակ Իրանը եղել է Հայաստանի կողքին [վեցերորդ սուտը]։ Այսպիսով, դուք կարող էք հասկանալ այս տհաճ զգացմունքները ոչ թէ ժողովրդի, այլ իրանական վարչակարգի նկատմամբ… Իրանը նախատում է Իսրայէլին, կարծես թէ ուղղափառ իսլամ տեսանկիւնից: Բայց որտե՞ղ էր Իրանը 30 տարի, երբ Հայաստանը, խախտելով բոլոր միջազգային օրէնքները [եօթերորդ սուտը], գրաւեց ադրբեջանական հողերը, այդ թւում՝ Իրանի սահմանը։ Ինչո՞ւ էր Իրանը լռում այն ժամանակ» [ութերորդ սուտը]։

Հաղորդավարը շարունակեց. «Վերջապէս հրադադարը ձեռք բերւեց Վլադիմիր Պուտինի ջանքերով: Բաքւում ազատագրման տօնակատարութեան ժամանակ բանակը ցուցադրեց Իսրայէլից ձեռք բերւած յարձակողական անօդաչու սարքերը, որոնք մեծ կորուստներ պատճառեցին հայկական ուժերին [հայերի սպանութեան մասին ամօթալի պարծենկոտութիւն]: Բաքւի կառավարութեան ազդեցիկ մարդկանցից մէկը Հիքմեթ Հաջիեւն է՝ նախագահ Ալիեւի գլխաւոր խորհրդականը եւ նրա արտաքին քաղաքականութեան ռազմագէտը։ Նա յայտարարեց, որ Իսրայէլն առաջին երկրներից մէկն էր, որը 1991 թւականին ճանաչեց Ադրբեջանի անկախութիւնը եւ հրապարակեց լուրեր, որոնք զայրացրեցին Թեհրանին»։ Հաջիեւն ասաց. «Ադրբեջանի նախագահը եւ Ազգային խորհրդարանը որոշում են կայացրել Իսրայէլում Ադրբեջանի Հանրապետութեան լիարժէք դեսպանութիւն բացելու մասին, եւ Իսրայէլում Ադրբեջանի դեսպանատան բացմամբ կը կարողանանք նոր մակարդակի հասցնել Իսրայէլ-Ադրբեջան ռազմավարական գործընկերութիւնը»։ [Հաջիեւը չի նշել, որ նախագահ Ալիեւը՝ Իսլամական պետութիւնների արձագանգից վախենալով, Ադրբեջանը Թել Աւիւում դեսպանութիւն բացեց միայն 2022 թւականին՝ գրեթէ 30 տարի անց այն բանից յետոյ, երբ Իսրայէլը բացել էր իր դեսպանատունը Բաքւում 1993 թւականին: Ապա, իսլամական պետութիւնների բացասական արձագանգը մեղմելու համար, Ադրբեջանը բացեց իր ներկայացուցչական գրասենեակը Ռամալայում, Արեւմտեան ափին]:

Լրագրողն այնուհետեւ յաւելեց. «Որքան սերտ են Բաքւի եւ Երուսաղէմի ռազմավարական յարաբերութիւնները, այնքան Թեհրանը սպառնում է երկու երկրներին։ Իրանի Իսլամական Հանրապետութեան հեռարձակած տեսանիւթում յստակ սահմանւում էր, որ Երուսաղէմի Ալ-Աքսա սուրբ մզկիթ տանող ճանապարհն անցնում է Ադրբեջանի մայրաքաղաքով։ Առաջին անգամ է, որ Թեհրանը սպառնում է երկու երկրներին՝ ասելով, որ «դուք փորում էք ձեր գերեզմանները։ Ցանկացած ոք, ով մարտահրաւէր կը նետի Իրանին, կը կործանւի»: Թեհրանը նաեւ յարձակւում է Իսրայէլի նոր արաբ գործընկերների վրայ, որոնք պաշտպանում են Աբրահամի համաձայնագրերը՝ Արաբական Միացեալ Էմիրութիւններ, Բահրէյն, Մարոկկօ եւ նոյնիսկ Սաուդական Արաբիա… Սա աշխարհի ամենապայթիւնավտանգ սահմանն է։ Այս կողմից մենք գտնւում ենք Ադրբեջանում, որը աշխարհիկ մահմեդական երկիր է, Իսրայէլի ռազմավարական դաշնակիցը, եւ այնտեղ մենք կարող ենք տեսնել Իրանի Իսլամական Հանրապետութեան դրօշը, որը ԱՄՆ-ը եւ Իսրայէլը համարում է որպէս «մեծ սատանայ եւ փոքր սատանայ»: Ըստ Իրանի՝ Երուսաղէմի ճանապարհն անցնում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքւով։ 2022 թւականի հոկտեմբերին Իրանի բանակը որոշեց ահաբեկման գործողութիւն սկսել Ադրբեջանի դէմ՝ հիւսիսային հարեւանին մեղադրելով Իսրայէլի գործակալ լինելու մէջ։ Հազարաւոր իրանցի զինւորներ տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով եւ ռազմական բեռնատարներով անցան Արաքս գետը երկու պետութիւնների սահմանին։ Իրանական բանակը նաեւ հարիւրաւոր դեսանտայիններ իջեցրեց սահմանային շրջանում։ Առկայ էին ռազմական զօրավարժութիւնների տասնեակ տեսանիւթեր, որոնք կրկին ու կրկին ցոյց էին տալիս նրանց հրթիռների թիրախը՝ Հրէական պետութեան Դաւթի աստղը: Թեհրանը մատնանշում է Բաքւի եւ Երուսաղէմի միջեւ աճող կապերը»: Այնուհետեւ ցուցադրւում է մի տեսանիւթ, որտեղ իրանցի գեներալն ասում է. «Մենք շրջւում ենք Արաքս գետի հատման վայրում՝ Ադրբեջանի հետ սահմանին, որպէսզի մեզ լուրջ վերաբերւեն։ Մենք չենք ընդունում մեր հարեւանութեամբ սիոնիստների ներկայութիւնը»։

i24NEWS-ի հաղորդումը շարունակեց. «Զօրավարժութիւնների մեծ մասը տեղի է ունեցել գետի իրանական կողմում, սակայն երբեմն եղել են օդային եւ ցամաքային ներթափանցումներ Ադրբեջանի տարածք: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատասխանել է իրանցի գեներալներին թւիթերեան գրառմամբ, որը զայրացրել է Թեհրանին՝ մի լուսանկար, որտեղ Ադրբեջանի ղեկավարը գրկախառնւած է իսրայէլական Harop տիպի կամիկաձէ անօդաչու թռչող սարքի հետ։ Ադրբեջանը SkyStriker եւ LORA անօդաչու սարքերը գնել է իսրայէլական Elbit եւ Israel Aerospace Industries ընկերութիւններից»:

Այնուհետեւ լրագրողը հարցազրոյց է վարել իսրայէլցի նախկին նախարար Էֆրայիմ Սնեհի հետ, որը ներկայացւում է որպէս «Իսրայէլի եւ Ադրբեջանի միջեւ դաշինքի ճարտարապետ»: Նա ասաց. «Ես գիտակցում էի բարեկամ Ադրբեջանի կարեւորութիւնը՝ նկատի ունենալով Իրանին շատ մօտ լինելը եւ այն փաստը, որ Իրանի մեծ մասը ադրբեջանական է [իններորդ սուտը]։ Կարծում էի, որ սա այն դէպքն է, որ մենք պէտք է հաստատենք ամուր, առողջ կամուրջ Իսրայէլի եւ Ադրբեջանի միջեւ… Ադրբեջանական ժողովուրդը մեծ դեր է ունեցել նացիստական Գերմանիայի դէմ մղւող պայքարում: «Հայրենական մեծ պատերազմի» ժամանակ Հիտլերի դէմ պատերազմի դուրս ելած հարիւր հազարաւոր ադրբեջանցիներ տուն չվերադարձան։ Նրանք ընկան Եւրոպայի եւ Գերմանիայի մարտադաշտում։ Եւ սա այնպիսի բան է, որը հրեան երբեք չի կարող մոռանալ: Մենք միշտ երախտապարտ ենք Ադրբեջանին՝ նացիստների պարտութեան մէջ ունեցած աւանդի համար»։ [Տասներորդ սուտը։ Կարծես, Իսրայէլի նախարարը տեղեակ չէ, որ 70 հազար ադրբեջանցիներ կռւել են յանուն նացիստական Գերմանիայի, որոնք մասնակցել են Վարշաւայի ապստամբութեան ճնշմանը։ Հիտլերն այդ ադրբեջանցիներին անւանել է իր վստահելի դաշնակիցները]։

Հաղորդավարը շարունակեց. «700 կիլոմետրանոց սահմանով մեր ճամփորդութեան ընթացքում մենք տեսանք, որ իսրայէլական այլ տեխնոլոգիաներ են օգտագործւում իրանական կողմը հսկելու համար, օրինակ՝ բարձր ճշգրտութեան տեսախցիկներ եւ շատ արդիական էլեկտրոնային սենսորներ: Մի քանի աղբիւրների համաձայն՝ այս համակարգերն աջակցում են յատուկ ստորաբաժանումների եւ իսրայէլական գաղտնի գործակալների կողմից իրականացւող գործողութիւններին, որոնք ներթափանցում են Իրան՝ պայքարելու նրա միջուկային նախագծերի դէմ։ Ըստ միջազգային մամուլի՝ դա նուրբ վիրաբուժական պայքար է։ Իսրայէլը մշտապէս պահում է իր ռազմաօդային ուժերի օդաչուներին Ադրբեջանում, ինչպէս նաեւ մի քանի F-35 [ԱՄՆ] կործանիչներ՝ հինգերորդ սերնդի մարտական ինքնաթիռները, որոնք համարւում են մոլորակի ամենաարդիական ինքնաթիռները: Իրանական զօրավարժութիւններից յետոյ F-35-ը, ըստ երեւոյթին, ներթափանցեց Իրանի օդային տարածք՝ գնահատելու իր հակաօդային համակարգի արդիւնաւէտութիւնը»: [Եթէ դա ճիշտ է, ուրեմն սա յստակ խոստովանութիւն է, որ Իսրայէլը խախտել է ԱՄՆ-ի հետ F-35-ներն այլ երկրի չփոխանցելու իր պայմանաւորւածութիւնը]։

 

[Մաս 1. շարունակութիւնը՝ յաջորդ շաբաթ]

Թարգմանութիւնը՝ Ռուզաննա Աւագեանի

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։