Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի խօսնակ Անն Քլեր Լեժանդրը RTVI-ին տւած հարցազրոյցում անդրադարձել է շրջափակւած Արցախի իրավիճակին:
«alikonline.ir»- Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի խօսնակ Անն Քլեր Լեժանդրը RTVI-ին տւած հարցազրոյցում անդրադարձել է շրջափակւած Արցախի իրավիճակին:
«Այսօր մենք չափազանց մտահոգւած ենք Լաչինի միջանցքի շրջափակմամբ, մենք անընդհատ պահանջում ենք, որ այդ միջանցքը ապաշրջափակւի, եւ բնակչութեանը մատակարարւի պարենային եւ մարդասիրական օգնութիւն։ Լեռնային Ղարաբաղում լուրջ հումանիտար ճգնաժամի իրական վտանգ կայ: Բացի այդ, մենք ցանկանում եւ աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցութիւնների վերսկսմանը։
Կայ եւրոպական միջնորդութիւն, որին մենք անվերապահօրէն աջակցում ենք։ Ֆրանսիայի նախագահի շնորհիւ երկու երկրների ներկայացուցիչները կարողացել են զրուցել միմեանց հետ անցեալ տարւայ հոկտեմբերին Պրահայի գագաթնաժողովի շրջանակում, եւ մենք դրա շրջանակում որոշել ենք ԵՄ առաքելութիւն ուղարկել Հայաստանի սահման՝ լարւածութիւնը նւազեցնելու եւ սահմանների պահպանման նպատակով։
Կարծում եմ, որ մեր աջակցութիւնն արտայայտւել է ամենաբարձր պետական մակարդակով։ Ֆրանսիայի նախագահն անձամբ գործադրել է բոլոր ջանքերը, որպէսզի մենք կարողանանք վերսկսել բանակցութիւնները, եւ այս իրավիճակը կարգաւորւի, լարւածութիւնը թուլանայ», - ասել է Ֆրանսիայի ԱԳՆ խօսնակը:
Յիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առաւօտեան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատւածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանութեամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը`Լաչինի միջանցքը, շարունակում է փակ մնալ։