Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) նախազգուշացրել է, որ «սարսափելի պայմանները», որոնցում ապրում են երկրաշարժից փրկւածները Թուրքիայում եւ Սիրիայում, կարող են յանգեցնել երկրորդային աղէտի։
«alikonline.ir» - Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) նախազգուշացրել է, որ «սարսափելի պայմանները», որոնցում ապրում են երկրաշարժից փրկւածները Թուրքիայում եւ Սիրիայում, կարող են յանգեցնել երկրորդային աղէտի։ Այս մասին Ժնեւում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀԿ Միջադէպերի արձագանգման դեպարտամենտի ներկայացուցիչ Ռոբերտ Հոլդէնը, ըստ Yerkir.am-ի՝ գրում է CNN-ը։
Հոլդէնը նշել է, որ այս դէպքում զոհերի թիւը կարող է համաչափ լինել երկրաշարժի զոհերի թւին։ Նրա խօսքով, տուժածները լուրջ ընդհատումներ են ունենում ջրի, վառելիքի, էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապւած։
«Կայ երկրորդային աղէտ տեսնելու իրական վտանգ, որը կարող է վնասել աւելի շատ մարդկանց, քան սկզբնական աղէտը, եթէ մենք չշարժւենք նոյն տեմպերով եւ ինտենսիւութեամբ, ինչ որոնողափրկարարական գործողութիւններում»,- ասել է Հոլդէնը:
Հեռուստաալիքը նշել է, որ խնդրի մասշտաբները սրւում են նրանով, որ Թուրքիայի եւ Սիրիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններում օդի ջերմաստիճանը սովորականից ցածր մակարդակի վրայ է։ Այսպես, սիրիական Հալէպ քաղաքում, օդերեւութաբանական ծառայութեան կանխատեսումների համաձայն, այս շաբաթավերջին նւազագոյն ջերմաստիճանը կը լինի մինուս երեքից մինչեւ մինուս երկու աստիճան, մինչդեռ փետրւարի նւազագոյն ջերմաստիճանը սովորաբար լինում է 2,5 աստիճան Ցելսիուս։