Հա

Քաղաքական

28/02/2023 - 11:00

Իրանում ԵԱՏՄ շուկայ մտնելու առումով կարեւոր դերակատար են համարում Հայաստանին

Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Գնէլ Սանոսեանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան կոոպերացիայի, աշխատանքի եւ սոցիալական բարեկեցութեան նախարար Սէյէդ Սոլաթ Մորթազաւիի գլխաւորած պատւիրակութեանը։ 

«alikonline.ir» - Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Գնէլ Սանոսեանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան կոոպերացիայի, աշխատանքի եւ սոցիալական բարեկեցութեան նախարար Սէյէդ Սոլաթ Մորթազաւիի գլխաւորած պատւիրակութեանը։ «Արմէնպրես»-ին այս մասին յայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարութիւնից: 

Հանդիպմանը ներկայ է գտնւել նաեւ ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Կապանում ԻԻՀ գլխաւոր հիւպատոս Աբեդին Վարամինին, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանութեան ներկայացուցիչ Վարդան Կոստանեանը եւ այլ պաշտօնեաներ։

Նախարարը ողջունել է հիւրերին եւ բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ բազմաոլորտ համագործակցութիւնը։

Սէյէդ Սոուլաթ Մորթազաւին իր հերթին ողջունել է նախարար Սանոսեանին եւ կարեւորել է Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Հայաստանի միջեւ առկայ բարձր մակարդակի յարաբերութիւնները․«Բայց մենք չպէտք է բաւարարւենք եղածով։ Մենք պէտք է աշխատենք, որպէսզի երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական յարաբերութիւնների մակարդակն առաւել բարձրացնենք»,-ասել է իրանցի նախարարը՝ ընդգծելով նաեւ, որ Հայաստանը նաեւ Իրանի համար ԵԱՏՄ շուկայ մտնելու առումով կարեւոր դերակատար է։

Հանդիպման ժամանակ քննարկւել են երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք հարցեր։

Կարեւորւել է իրանական ընկերութիւնների ներուժի օգտագործումը հայաստանեան ենթակառուցւածքների զարգացման հարցում։ «Մենք ճանապարհաշինութեան ծաւալները մի քանի անգամ մեծացրել ենք, մեծացել է նաեւ այլ ենթակառուցւածքների կառուցման ծաւալները, ինչը նշանակում է, որ մենք յաւելեալ շինարարական ընկերութիւնների եւ աշխատուժի կարիք ունենք եւ ուրախ կը լինենք իրանական ընկերութիւններին տեսնել այս ոլորտում»,- ասել է նախարար Սանոսեանը։

Սէյէդ Սոուլաթ Մորթազաւին նշել է, որ ԻԻՀ մասնաւոր հատւածի ընկերութիւնները մեծ պոտենցիալ ունեն եւ պատրաստակամ են իրենց ներդրումն ունենալ Հայաստանի ենթակառուցւածքների՝ ճանապարհների, երկաթգծի, թունելների կառուցման գործում։

Նախարար Սանոսեանը ողջունել է այդ պատրաստակամութիւնը։

Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել առաջիկայում գոյքագրել Հայաստանի կարիքները եւ դրանք դեսպանատան միջոցով փոխանցել իրանական կողմին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։