Հա

Քաղաքական

05/03/2023 - 10:30

«ԵՄ 2030. յետպատերազմեան պլան Ուկրայինայի եւ Թուրքիայի համար». The National Interest

Ինչպիսին պէտք է լինեն Եւրոպայի եւ Արեւմուտքի հետ Ուկրայինայի երկարաժամկէտ յարաբերութիւններն ընդհանրապէս, եթէ եւ երբ պատերազմն աւարտւի։ Այս հարցն են տւել քաղաքական վերլուծաբաններ Մայքլ Օ՛Հենլոնը եւ Օմէր Թսափիները «ԵՄ 2030. յետպատերազմեան պլան Ուկրայինայի եւ Թուրքիայի համար» վերնագրով յօդւածում, որը հրապարակւել է The National Interest-ի էջերում։

«alikonline.ir» - Ինչպիսին պէտք է լինեն Եւրոպայի եւ Արեւմուտքի հետ Ուկրայինայի երկարաժամկէտ յարաբերութիւններն ընդհանրապէս, եթէ եւ երբ պատերազմն աւարտւի։ Այս հարցն են տւել քաղաքական վերլուծաբաններ Մայքլ Օ՛Հենլոնը եւ Օմէր Թսափիները «ԵՄ 2030. յետպատերազմեան պլան Ուկրայինայի եւ Թուրքիայի համար» վերնագրով յօդւածում, որը հրապարակւել է The National Interest-ի էջերում։ Գրում է News.am-ը:

«Կայուն խաղաղութիւնը կպահանջի արդարացի գործարք, որը թոյլ կը տայ Ուկրայինային վերականգնել իր պետութիւնն Արեւմուտքի հետ ամուր կապերով եւ ամրապնդել իր տնտեսութիւնը, եթէ անգամ ջանայ դա անել այնպէս, որպէսզի նւազագոյնի հասցնի Ռուսաստանի հաւանական պատասխան արձագանգը։ Միտքը, թէ Ուկրայինան եւ Թուրքիան միասին կը դառնան Եւրոպական միութեան նոր անդամներ 2030թ., ապահովում է ճիշտ ռազմավարական նպատակը՝ տարածաշրջանի նոր ճարտարապետութեան դիտարկման ժամանակ։ Դրանք Եւրոպայի արեւելեան փաղանգի երկու խոշոր երկրներն են, Ռուսաստանից բացի, եւ այն երկու երկրները, որոնք նաեւ առաւել փոփոխական են աշխարհառազմավարական առումով։ Դրանց ամրապնդումն աւելի լայն եւրոպական կարգում կարեւոր կը լինի ոչ միայն իրենց ապագայ անվտանգութեան, այլեւ առհասարակ տարածաշրջանի կայունութեան համար՝ անկախ այն բանից՝ արդեօ՞ք մենք կը մտածենք Արեւմուտքի համախմբւածութեան, թէ՞ Ռուսաստանի զսպման կամ՝ թէ մէկի, թէ միւսի տերմիններով»,- նշել են փորձագէտները։

Յօդւածի հեղինակների կարծիքով՝ նման մօտեցման տարրերից մէկը, անշուշտ, պէտք է կապւած լինի անվտանգութեան հետ։

«ՆԱՏՕ-ին Ուկրայինայի անդամակցութիւնը եւ անվտանգութեան պարտադիր երաշխիքները ճշմարտանման չեն թւում Ռուսաստանի հետ ցանկացած համաձայնութեան շրջանակում։ Բայց ՆԱՏՕ-ի ուժեղ վարժանքային ներկայութիւնն ապագայ Ուկրայինայում՝ անվտանգութեան նոր եւրասիական կառոյցի ստեղծման համադրմամբ, որը կը տարբերւի ՆԱՏՕ-ից եւ աւելի ուժեղ կը լինի, քան Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութիւնը, կարող է դառնալ ճիշտ բանաձեւ։ Ուկրայինան կարող էր դառնալ նման կառոյցի հիմնադիրներից մէկը՝ ՆԱՏՕ-ի շատ այլ անդամների կամ նրանց մեծամասնութեան կողքին։ Ռուսաստանը Վլադիմիր Պուտինից յետոյ եւ բարեփոխւած Ռուսաստանը նոյնպէս կարող է երբեւէ միանալ դրան»,- նշել են արեւմտեան փորձագէտները։

Սակայն բանը միայն անվտանգութիւնը չէ, որքան էլ որ կարեւոր լինի այն։ Անհրաժեշտ է հաշւի անել նաեւ Եւրոպայում Ուկրայինայի աւելի լայն տեղը, նշել են յօդւածի հեղինակները։

«Այժմ յետպատերազմեան դինամիկայի մասին խորհրդածութիւնների այլընտրանք է պատերազմի պայմանների սպասումը՝ Կիեւի եւ Մոսկւայի միջեւ քաղաքական բանակցութիւններ սկսելու համար։ Համբերութեան նման ռազմավարութիւնը կարող է չափից աւելի երկար լինել, չափից աւելի վտանգաւոր եւ չափից աւելի թանկ ներգրաււած բոլոր կողմերի համար, ներառեալ Եւրոպան եւ ԱՄՆ-ը։ Չնայած Արեւմուտքը պէտք է շարունակի Ուկրայինային ռազմական եւ տնտեսական օգնութիւն ցուցաբերել, նա պէտք է նաեւ Կիեւին մտածել տա յետպատերազմեան կայունացման, դեմոկրատիայի եւ բարգաւաճման մասին։ ԵՄ-ին Ուկրայինայի անդամակցութեան յստակ ուղին՝ ֆինանսական շռայլ փաթեթով՝ յետպատերազմեան վերականգնման համար՝ սա բազմախոստում եւ իրատեսական ռազմավարութիւն է Արեւմուտքի համար»,- գրել է The National Interest-ը։

Բայց այդ երկարաժամկէտ եւրոպական ռազմավարական նպատակը, որն Ուկրայինան ներառում է ԵՄ-ում, չպէտք է փակի դուռը Թուրքիայի առջեւ։ Եւրոպան չպէտք է վերածւի «քրիստոնէական ակումբի»՝ բացառելով կրիտիկականօրէն կարեւոր մուսուլմանական երկիրը, որն ակումբին անդամակցութեան յայտ է ներկայացրել շատ աւելի առաջ, քան 1991թ. Ուկրայինան դարձել է անկախ պետութիւն, նշել են յօդւածի հեղինակները։

«Իհարկէ, Թուրքիայի աւտոկրատական ճանապարհը Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրօք չի կարող եւ չպէտք է պարգեւատրւի։ Դրա փոխարէն ԵՄ-ը պէտք է նշի այն ուղեգիծը, որը կը խթանի եւ կը փոխհատուցի Թուրքիայի քաղակաքան համատեքստն Էրդողանից յետոյ։ Այսպիսի սցենար կարող է առաջանալ Թուրքիայում ընտրութիւններից յետոյ, որոնք նախատեսւած են այս ամռանը։ Երկրում վերջերս տեղի ունեցած աւերիչ երկրաշարժը միայն ամրացրել է թուրքական ընդդիմութեան վճռականութիւնը, որը մեղադրում է Էրդողանի կառավարութեանը դանդաղ փրկարարական աշխատանքներում, տարերային աղէտից յետոյ ցուցաբերւող անարդիւնաւէտ օգնութեան եւ շինարարութեան ցածր ստանդարտների մէջ։ Հարցումների մեծ մասի համաձայն, ընդդիմութիւնը՝ վեց քաղաքական կուսակցութիւնների միասնական ճակատը, ունի յաղթանակի բոլոր հնարաւորութիւնները։ Վատ տնտեսական պայմանների եւ Էրդողանի յոգնածութեան համադրութիւնը երիտասարդ եւ դինամիկ թուրքական հասարակութեան լայն շերտերում, հաւանաբար, թուրքական քաղաքականութեան նոր էջ կը բացի նոյն մարդու կառավարման քսան տարիներից յետոյ։ Աւելի դեմոկրատական կառավարութեան պարագայում եւ ՆԱՏՕ-ում Շւեդիայի եւ Ֆինլանդիայի ընդունումից յետոյ Թուրքիան Էրդողանից յետոյ արժանի կը լինի ԵՄ-ում գտնւելու երկրորդ շանսին։ Հաշւի առնելով Թուրքիայի բարդ եւ պոտենցիալ օգտակար դերն ուկրայինական ճգնաժամում՝ այդ նոր էջը Թուրքիայի եւ ԵՄ-ի յարաբերութիւններում կարող է օգնել նաեւ Անկարային՝ դուրս գալ Ռուսաստանի ռազմավարական եւ տնտեսական ծիրից։

Ուկրայինան ստացել է ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակ ռուսական ներխուժումից յետոյ։ Բայց թեկնածութիւնն անդամութեան երաշխիք չէ, ինչի մասին լաւ գիտի Թուրքիան, մէկ այլ երկիր, որն ստացել է նման կարգավիճակ 1999թ. եւ ԵՄ-ին անդամակցելու բանակցութիւնները սկսել է 2005թ.։ Ինչ-որ մէկը կարող է առարկել, որ ԵՄ-ը չի կարող ընդունել պետութիւն օկուպացւած տարածքով։ Իրականում, ԵՄ-ն արդէն ունի չկարգաւորւած սահմաններով անդամ՝ Կիպրոսը։ Ի սարսափ Թուրքիայի, Կիպրոսը ստացել է միութեան անդամութեան կարգավիճակ՝ չնայած այն բանին, որ դէմ է քւէարկել ՄԱԿ-ի մշակած ծրագրին, որը կը միաւորէր կղզին։

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցութեան գործընթացը ներկայում կանգնեցւել է այն պատճառներով, որոնք հիմնականում կապւած են նրա աւտոկրատական վարչակարգի հետ։ Բայց Կիպրոսը եւ Յունաստանը եւս լուրջ խոչընդոտներ են։ Ընդդիմութեան յաղթանակն Էրդողանի հանդէպ կարող է հնարաւորութիւնների նեղ պատուհան բացել նաեւ այս ճակատում։ Վերջերս ընդունւած փաստաթուղթը, որում ներկայացւած է թուրքական ընդդիմութեան ռազմավարական տեսլականը, ընդգծում է Յունաստանի հետ դիւանագիական փոխգործակցութեան, ոչ թէ թրամարտի անհրաժեշտութիւնը։ ԵՄ-ին Անկարայի անդամութեան գործընթացի վերականգնումը յետէրդողանեան դարաշրջանի համատեքստում կարող էր դառնալ օգտակար խթան թուրքական նոր կառավարութեան համար, որը կորոնի Էգէյեան ծովում եւ Արեւելեան Միջերկրածովում խորապէս արմատացած խնդիրների դիւանագիտական, ոչ թէ ռազմատենչ լուծումներ։

Այս ամէնը աւելի հեշտ է ասել, քան անել։ Բրեքսիթից յետոյ ԵՄ-ը կորցրել է այն երկիրը, որն ընդլայնման ամենամոլի կողմնակիցն էր։ Վաշինգտոնը եւս կորցրել է իր ամենաարժեքաւոր գործընկերոջը ԵՄ-ում։ Միացեալ Թագաւորութեան բացակայութեամբ Վաշինգտոնը պէտք է դառնայ ԵՄ-ի ընդլայնման պաշտպանը։ Փաստարկները, որոնք անհրաժեշտ է ներկայացնել ԵՄ-ի ֆրանս-գերմանական շարժչին, համոզիչ են. Ուկրայինայի եւ Թուրքիայի ճանապարհը 2030թ. ակումբին անդամակցելու ուղղութեամբ զգալիօրէն կը բարելաւի խաղաղութիւնն ու կայունութիւնը Եւրոպայում։ Այլընտրանքը կը լինեն Ուկրայինան անորոշութեան մէջ եւ հիասթափւած Անկարան, որը կը շարունակի հեռանալ տրանսատլանտեան հանրոյթից։ Այո, Թուրքիան արդէն ՆԱՏՕ-ի անդամ է, բայց բաւական խնդրայարոյց։ Անկարան Ռուսաստանից գնել է հակահրթիռային պաշտպանութեան համակարգեր եւ ներկայում պատանդ է պահում Ֆինլանդիայի եւ Շւեդիայի անդամութիւնը ՆԱՏՕ-ին։ Բայդէնի վարչակազմը պէտք է ապացուցի, որ աւելի դեմոկրատական Թուրքիան Էրդողանից յետոյ եւրոպական հեռանկարի կարիք է ունենալու, որպէսզի «ճանապարհը չթեքի»։ Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքականութեան յետագծի այս դրական փոփոխութիւնն, անշուշտ, բեկումնային պահ կը լինի թուրք-ռուսական յարաբերութիւնների համար։

Ի վերջոյ, միայն ԵՄ-ը կարող է ընդունել որոշումներ իր ապագայի մասին։ Յայտարարելով, որ ԵՄ-ին Ուկրայինայի անդամակցութիւնը կարող է «տասնամեակներ» տեւել, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը վերջերս գործի է դրել «Եւրոպական քաղաքական հանրոյթ» մեծ ու անատամ նախաձեռնութիւնը, որը միաւորում է 42 երկրներ, որի մէջ են մտնում Իսրայէլը, Վրաստանը եւ Հայաստանը։ Ուկրայինային եւ Թուրքիային աւելին է անհրաժեշտ, քան մեծ ու անարդիւնաւէտ համաեւրոպական վրանը, որը տնտեսական ու քաղաքական օգուտներ չունի։ Ռուսական նպատակներին իսկապէս յաղթելու համար ԵՄ-ը եւ ԱՄՆ-ը պէտք է ստեղծեն աւելի ուժեղ եւ յանդուգն տրանսատլանտեան օրակարգ։ ԵՄ-ում Ուկրայինայի եւ Թուրքիայի ամրապնդումը տասնամեակի վերջին պէտք է լինի այդ ռազմավարական տեսլականի կենտրոնում»,- նշել են յօդւածի հեղինակները։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։