Հա

Քաղաքական

06/03/2023 - 14:45

«Թուրքիայի երկրաշարժի քաղաքական ցնցումը եւ Էրդողանի առաջին քայլերը. կրիզիս մենեջերը իր խրամատում է». Ռուբէն Մելքոնեան

Փետրւարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած աւերիչ երկրաշարժից յետոյ, բացի հումանիտար եւ այլ խնդիրներից, Թուրքիայի եւ միջազգային քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում սկզբում աւելի քիչ ինտենսիւութեամբ, իսկ օրեր անց արդէն ակտիւօրէն սկսեց շրջանառւել երկու կարեւոր հարց: Առաջին՝ մայիսի 14-ին նախատեսւած նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնները տեղի կունենան թէ՞ կը յետաձգւեն. երկրորդ՝ նախագահ Էրդողանը կը կարողանայ այս հարւածին դիմագրաւել նաեւ քաղաքական առումով, թէ՞ Թուրքիայի էրդողանական փուլը մօտենում է աւարտին:

«Հայկական ալիքը»-ը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

Փետրւարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած աւերիչ երկրաշարժից յետոյ, բացի հումանիտար եւ այլ խնդիրներից, Թուրքիայի եւ միջազգային քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում սկզբում աւելի քիչ ինտենսիւութեամբ, իսկ օրեր անց արդէն ակտիւօրէն սկսեց շրջանառւել երկու կարեւոր հարց: Առաջին՝ մայիսի 14-ին նախատեսւած նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնները տեղի կունենան թէ՞ կը յետաձգւեն. երկրորդ՝ նախագահ Էրդողանը կը կարողանայ այս հարւածին դիմագրաւել նաեւ քաղաքական առումով, թէ՞ Թուրքիայի էրդողանական փուլը մօտենում է աւարտին: Երկրաշարժից անմիջապէս յետոյ եւ ներկայումս տեղի ունեցող զարգացումներին հետեւելով՝ փորձեմ անել որոշ դիտարկումներ եւ կանխատեսումներ (ինչքան էլ որ վերջինս լինի անշնորհակալ գործ):

ՌՈՒԲԷՆ ՄԵԼՔՈՆԵԱՆ

թուրքագէտ,

պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր

 

Երկրաշարժի քաղաքական ցնցումը եւ Էրդողանի առաջին քայլերը. կրիզիս մենեջերը իր խրամատում է

Երկրաշարժից արդէն ժամեր անց անձամբ նախագահ Էրդողանի եւ իշխանական թիմի գործողութիւնները ցոյց էին տալիս, որ աղէտի հասցրած քաղաքական հարւածին նրանք պատրաստւում են դիմակայել եւ կարճ ժամանակ անց դա արդէն իրողութիւն էր: Մասնաւորապէս՝ էրդողանը ինչպէս նախորդ ճգնաժամային իրավիճակներում (2013թ. Գեզի այգու դէպքեր, 2016թ. ռազմական յեղաշրջման փորձ), այնպէս էլ հիմա կառավարման ղեկը անմիջապէս վերցրեց իր ձեռքը եւ գործով ցուցադրում է ճգնաժամային մենեջերի (crisis manager) իր յայտնի եւ արդւն կոփւած յատկութիւնները: Նա ցայտնոտի մէջ չընկաւ, հարւածի շոկը յաղթահարեց եւ սկսեց ինտենսիւ ու բազմաոլորտ գործունէութեան ծաւալել եւս մէկ անգամ ցոյց տալով, որ փափուկ կեանքով ապրած քաղաքական գործիչ չէ, այլ ճիշտ հակառակը եւ ունի բարդ իրավիճակները յաղթահարելու յաջողութեան պատմութիւններ (success stories) եւ դրանք շարունակելու պատրաստակամութիւն:

Էրդողանը անմիջապէս յայտնւեց աղէտի ենթարկւած նահանգներում, սկսեց անել յայտարարութիւններ, ակտիւօրէն շփւել ժողովրդի եւ մամուլի հետ: Դա առաջին հերթին ստեղծեց եւ ամրապնդեց այն ընկալումը, որ Էրդողանը դրութեան տէրն է ու չի խուսափում պատասխանատւութիւնից որպէս գերագոյն իշխանութեան կրող: Իշխանութիւնները փրկարարական երբեմն ոչ այդքան արագ եւ էֆեկտիւ քայլերին զուգահեռ՝ ձեռնարկեցին արագ եւ տեսանելի որոշ քայլեր: Մասնաւորապէս՝ սկսեցին փլուզւած շէնքերի շինարարների, կապալառուների, սեփականատէրերի ձերբակալութիւններ եւ դրանց լայնօրէն լուսաբանում մամուլում. դա ունեցաւ որոշակի դրական ազդեցութիւն մանաւանդ, որ որոշ կապալառուների ձերբակալեցին Թուրքիայից փախչելու, սահմանը հապճեպ հատելու փորձերի ժամանակ, ինչը հասարակութեան մի հատւածում ձեւաւորեց իրական մեղաւորի կոնկրետ կերպար եւ ինչ-որ առումով կամ փոքր ինչ հեռացրեց հարւածը Էրդողանից, որին ընդդիմութիւնը արդէն իսկ փորձում էր հռչակել գլխաւոր մեղաւոր եւ նրա ընտանիքի հետ կապել փլուզւած շէնքերը կառուցած շինարարական ֆիրմաները: Բացի այդ, կառավարութիւնը փորձեց արագ լուծել անօթեւան մնացածների հարցը: Աւելորդ չէ նաեւ փաստել, որ Թուրքիան ահռելի դրամական եւ այլ տիպի օգնութիւն է ստանում աշխարհի տարբեր երկրներից, ինչը բնականաբար կը նպաստի աղէտի հետեւանքների աւելի արագ վերացմանն ու տեսանելի արդիւնքների հասնելուն:

 

Ընդդիմութեան աստեղային ժամի յոյսը եւ մարտավարական սխալները

Ընդդիմութիւնը բնականաբար փորձեց օգտւել ստեղծւած իրավիճակից եւ որոշ ընդդիմադիր գործիչներ սկսեցին իշխանութեանը քննադատելով՝ ըստ էութեան, ծաւալել նախընտրական քարոզարշաւ: Սակայն նկատենք, որ չհաշւած Ստամբուլի եւ Անկարայի ընդդիմադիր քաղաքապետեր Իմամօղլուին եւ Եաւաշին, որոնք համակարգւած եւ թիրախային աշխատում են յատկապէս իրենց բուն պարտականութիւնների ոլորտում (Ստամբուլի քաղաքացիերի շրջանում հնարաւոր երկրաշարժին ընդառաջ կանխարգելիչ ծրագրեր են արւում, շէնքերում սէյսմիկութիւնը ստուգելու սարքեր են տեղադրւում, քննարկւում են վթարային կամ վտանգաւոր տարածքներից շէնքերի եւ բնակիչների հեռացնելու հարցը), մնացած գործիչները եւ ընդհանուր ընդդիմութիւնը իրեն դեռեւս անտաղանդ է դրսեւորում: Ընդդիմադիր մամուլը, փորձագէտները իրենց քննադատութիւնը կառուցում են ոչ համոզիչ, կանխատեսելի, երբեմն ուռճացւած լուրերի եւ փաստերի ու դրանց կրկնութիւնների հիման վրայ: Ակնյայտօրէն չյաջողւած պոպուլիզմով խօսում են  փլուզւած շէնքերի որակի եւ դրանում էրդողանական իշխանութեան պատասխանատւութեան մասին, դէմ արտայայտւում բուհերում դասերի օնլայն անցնելուն եւ համալսարանական հանրակացարանները աղէտեալներին տրամադրելուն ու դրանով փորձելով իրենց կողմը գրաւել ուսանողութեանը, որը նոյնպէս չի ստացւում: Եւ իմ կարծիքով, ընդդիմութեան կողմից կարեւոր մարտավարական սխալ եւ կեղծ մեկնարկ (false start) էր երկրաշարժից անմիջապէս յետոյ խօսել խորհրդարանական ու նախագահական ընտրութիւնների մասին եւ մասնաւորապէս՝ պահանջել չյետաձգել դրանք ակնյայտօրէն ունենալով այն հաշւարկը, որը աւերիչ երկրաշարժի եւ տասնեակ հազարաւոր զոհերի պարագայում իշխանութեան ռէյտինգը անկում ապրած կը լինի:

 

Էրդողանը լռում է կամ զոհին սպասող գիշատիչի մարտավարութիւնը

Ի տարբերութիւն ընդդիմութեան, Էրդողանը չէր շտապում խօսել ընտրութիւնների մասին եւ առաջին անգամ այդ թեմային անդրադարձաւ միայն մարտի 1-ին, այսինքն՝ երկրաշարժից 25 օր անց: Մինչ այդ Էրդողանը անտեսում էր թեման եւ միայն երբեմն-երբեմն ընդդիմութեան ընտրութիւնները չյետաձգելու պահանջը դիտարկում էր բարոյականութեան համապատկերում շեշտելով, որ փլատակներում դեռ կան զոհւածներ եւ այդ պարագայում առնւազն բարոյական չէ խօսել նման թեմաների մասին ու դրանով ընդդիմութեանը ուղղակի մեղադրում անգամ բարոյական գծերը հատելու մէջ: Երկրաշարժին յաջորդող մօտ 20-25 օրը Էրդողանի պահւածքը ընդդիմութեան նկատմամբ ես նմանեցնում եմ իր զոհին սպասող գիշատիչի պահւածքին, որը թողնում է, որ զոհը աւելի մօտենայ, յայտնւի աւելի ոչ շահեկան վիճակում եւ քչանան կամ սպառւեն նրա փախչելու կամ դիմադրելու շանսերը:

 

Էրդողանը թողութիւն է խնդրում ժողովրդից եւ անցնում հակագրոհի

Լուծելով երկրաշարժի հասցրած հարւածը դիմագրաւելու համար անհրաժեշտ մինիմում խնդիրները՝ Էրդողանը անցաւ հակագրոհի ինչպէս կազմակերպչական-պոպուլիստական, այնպէս էլ քաղաքական դաշտում: Նախ Էրդողանը իրեն լիովին տեղաւորեց սգաւոր, բայց դրութեան տէր, վստահութիւն ներշնչող, յոյսի եւ ապաւէնի խորհրդանիշ ղեկավարի դերում, իսկ իշխանութեան ուժային ներկայացուցիչները խախտումներին, թերացումներին եւ քննադատութիւններին սկսեցին տալ շատ կտրուկ եւ կոպիտ արձագանգ: Էրդողանը շարունակում է շատ յաճախ այցելել աղէտի գօտի, հանդիպում է ժողովրդի հետ, մտնում վրաններ, տներ, շփւում տարեցների, երեխաների հետ, աղօթում եւ նրա հետ են պետական վերնախաւը, քաղաքական գործընկերները: Էրդողանը էլ աւելի է շռայլում խոստումներ եւ մասնաւորապէս՝ յայտարարում, որ բացի մարդկային կեանքերից մնացած ամէն ինչ վերականգնելու են, նորից կառուցելու են քաղաքները, արագ ներկայացւում են կառուցւելիք տասնեակ հազարաւոր շէնքերի նախագծերը, նոր մօտեցումերով՝ աւելի քիչ հարկայնութեամբ, սէյսմակայուն եւ այլն: Դիմելով ժողովրդին՝ նա ասում է. «Ես ձեզնից մէկ տարի ժամանակ եմ խնդրում: Տւէք ինձ մէկ տարի եւ ձեր տները նոր, աւելի ամուր, աւելի յուսալի կառուցած կը տամ ձեզ»: Սակայն Էրդողանը Էրդողան չէր լինի, եթէ այս ամէնը չհամադրէր իսլամական պոպուլիզմի ակնյայտ եւ յաջողւած տարրերով. մինչ օրս էրդողանական հռետորաբանութեան ամենանուրբ եւ ենթադրում եմ ամենազդեցիկ դրւագն այն է, որ նա դիմելով ժողովրդին՝ յայտնեց, թէ գիտակցում եւ ընդունում է նաեւ իրենց՝ իշխանութեան մեղքը յատկապէս փրկարարական աշխատանքների սխալների, թերացումների համար: Սա փաստելով՝ Էրդողանը ոչ թէ սովորական ներողութիւն խնդրեց, այլ կրօնական երանգներով պարուրւած թուրքերէն արտայայտութիւն կիրառելով՝ դիմեց ժողովրդին. «թողութիւն տւէք ինձ, ես ձեզնից թողութիւն եմ հայցում»: Կրօնական մեղաւորութեան եւ զղջման գաղափարը շեշտելով՝ Էրդողանը շատ կարեւոր մեսիջ է յղում իր հասարակութեանը, որը վստահ եմ ունենալու է դրական արձագանգ ոչ միայն հիմա, այլեւ ընտրութիւնների պարագայում: Ասւածի յուզականութեան ֆոնին, սակայն, նա անմիջապէս յաւելում է, որ որեւէ մէկը եւ յստակ ակնարկելով ընդդիմութեանը՝ չի կարող կասկածել, որ իրենք գիշեր-ցերեկ աշխատում են եւ ամէն ինչ անում են երկրի համար: Կարեւոր է նկատել նաեւ, որ Էրդողանը աղէտի գօտու մարդկանց կոչ է անում պահպանելով անվտանգութեան կանոնները՝ չլքել իրենց բնակավայրերը. «տէր կանգնէք ձեր քաղաքներին, երբեք ու երբեք չլքէք ձեր հայրերի երկիրը»:

 

Ընտրութիւնների յետաձգումը նաեւ հրաժարում է սակրալիզացւած սիմւոլներից

Ընտրութիւնները յետաձգելու խօսոյթը շատ արագ յայտնւեց քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակների քննարկման օրակարագում, սակայն դրան անդրադառնալիս՝ ի թիւս այլ խնդիրների, պէտք է կարեւորել սիմւոլիկան: Առիթ ունեցել եմ գրելու, որ այս ընտրութիւնները չափից աւելի են սիմւոլիզացւած, քանի որ համընկնում են Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին, բացի այդ էլ, էրդողանական իշխանութիւնը աւելացրել է եւս մէկ սիմւոլ՝ մայիսի 14-ը, որը 1950թ. քաղաքական իսլամի առաջին յաղթանակի օրն է ընդդէմ աշխարհիկ քեմալական գաղափարախօսութեան: Ընտրութիւնները յետաձգելու հարցի համապատկերում ինձ հետաքրքիր էր, թէ արդեօ՞ք Էրդողանը կը հրաժարւի սիմւոլներից՝ 2023 թւականից եւ մայիսի 14-ից, որոնց կարեւորութիւնը ոչ միայն քաղաքական է, այլեւ գաղափարական: Ենթադրելի էր, որ եթէ իրավիճակը ստիպի Էրդողանը կարող է գնալ միայն սիմւոլներից մէկի՝ մայիսի 14-ի զոհաբերմանը, սակայն դէպքերը ցոյց են տալիս, որ դիմակայելով երկրաշարժի քաղաքական հարւածին, ճիշտ վերադասաւորելով իր ուժերը եւ անցնելով հակագրոհի՝ Էրդողանը չի պատրաստւում հրաժարւել յիշեալ սիմւոլներից եւ ոչ մէկից: Այդ մասին նա անուղղակի յայտարարեց մարտի 1-ին ընդ որում՝ համադրելով նուրբ ակնարկը եւ ընդդիմութեանն ուղղւած սպառնալիքը. «մայիսի 14-ին այս ժողովուրդը կանի այն ինչ պէտք է»:

 

Էրդողանը չի պատրաստւում հրաժարւել իր քաղաքական կերպարից եւ կը պայքարի մինչեւ վերջ

Գալով ընտրութիւնների հաւանական ելքին եւ Էրդողանի պահւածքին՝ նշեմ, որ արդէն առիթ ունեցել եմ ասելու, որ այս ընտրութիւնները Էրդողանի քաղաքական կեանքի ամենավճռական եւ վերջին ճակատամարտի նշանակութիւն ունեն: Ուստի, շուրջ 20 տարի քաղաքական Օլիմպոսում գտնւած Էրդողանը կորցնելու ոչինչ չունի եւ պայքարելու է բոլոր հնարաւոր ու անհնար միջոցներով՝ ոչնչի առաջ կանգ չառնելով: Յաղթանակի հասնելու եւ երկրաշարժի առաջ բերած քաղաքական եւս մէկ բարդութիւնը յաղթահարելու համար Էրդողանը ունի՝

1. հմուտ պոպուլիստական գործելաոճ եւ հռետորական ձիրք,

2. ուժեղ եւ պրոֆեսիոնալ թիմ,

3. ադմինիստրատիւ ռեսուրս,

4. հասարակական բաւական լուրջ աջակցութիւն եւ ի վերջոյ յաղթելու իդեա ֆիքս (idée fixe):

Եթէ թւարկածս առաջին երեք հանգամանքները առաւել յստակ են եւ յայտնի նաեւ հայաստանեան հասարակութեան համար, ապա չորրորդ՝ հասարակական աջակցութեան հետ կապւած ցանկանում եմ ուշադրութիւն հրաւիրել մէկ առանձնայատկութեան վրայ: Թուրքիայում բացի Էրդողանին հաւատարիմ պահպանողական, ազգայնական եւ իսլամական ընտրազանգւածից իմ կարծիքով, կայ հասարակութեան մի շերտ, որի մօտ կայսերական պետական մտածելակերպը գերիշխող է դառնում յատկապէս ընտրութիւնների նախաշեմին: Աւելի պարզ ասած՝ Թուրքիայում կան մեծ թւով քաղաքացիներ, որոնք խաղաղ կամ ոչ նախընտրական շրջանում Էրդողանին չեն սատարում, սակայն բարդ, ճգնաժամային իրավիճակում կամ ընտրութիւնների ժամանակ նախապատւութիւն տալով իրենց «քաղաքացիական սնափառութեանը»՝ նախընտրում են, որ աշխարհում իրենց երկիրը ներկայացնի ուժեղ եւ ագրեսիւ Էրդողանը: Թուրքիայի հասարակութեան այդ շերտին իր երկրի արտաքին հեղինակութիւնը հոգեբանական անդորր է տալիս, կոմֆորտ է ստեղծում, ուստի չի բացառւում, որ այս անգամ էլ էրդողանից դժգոհ զանգւածը մանաւանդ ներկայիս աշխարհում տիրող իրավիճակի ազդեցութիւնից դրդւած եւ ենթագիտակցօրէն նախապատւութիւնը տայ էրդողանին:

Ինչ վերաբերւում է ընդդիմութեանը, ապա շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ նախ նրանց միասնական ֆորմատի՝ 6 ընդիդմադիր կուսակցութիւնների մէջ կայ պառակտւելու կամ միասնական որոշման չյանգելու լուրջ «ներուժ»: Բացի այդ, իշխանութիւնները վստահաբար նրանց հանդէպ կիրառելու են «բաժանիր, որ տիրես» դարաւոր փորձւած մեթոդը, իսկ դրա կիրառման հնարաւորութիւններ հաստատ կան: Ընդդիմութեան կողմից միասնական թեկնածուով հանդէս չգալու դէպքում՝ թեկնածուներից որեւէ մէկի յաղթելու կամ Էրդողանին լուրջ մրցակից դառնալու շանսերը քիչ են եւ շարունակում եմ կարծել, որ էրդողանական իշխանութեան համար այս պահին առաւել լուրջ եւ իրական խնդիր կարող է ստեղծել միայն Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որի առաջադրման հարցը, կապւած մի շարք հանգամանքների հետ, շատ հաւանական չի թւում: Իսկ ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցութեան լիդեր Քեմալ Քըլըչդարօղլուի միասնական կամ ոչ միասնական թեկնածու դառնալու պարագայում՝ Էրդողանի յաղթելու շանսերը էլ աւելի են մեծանալու հաշւի առնելով այն, որ ընդդիմադիր լիդերը մի շարք պարամետրերով զիջում է գործող նախագահին:

 

Չպէտք է մոռանալ, որ 1915-ին Հայոց Ցեղասպանութիւնը իրականացրել է կործանւող Թուրքիան, ուստի Հայաստանը լաւատեսութեան հիմք չունի

Երկրաշարժից յետոյ քննարկւող կարեւոր հարցերից է այն, թէ կը փոխւի արդեօք Թուրքիայի գլոբալ քաղաքականութիւնը: Կարելի է ենթադրել, որ Թուրքիայի գլոբալ քաղաքականութեան մէջ հնարաւոր է արձանագրւեն որոշ վերաձեւակերպումներ, սրբագրումներ, պաուզաներ, բայց չեմ կարծում թէ Էրդողանը կամ արդէն թուրքական պետական մեքենան համաձայնւի հրաժարւել «մեծ Թուրքիայի» գաղափարից՝ դրանից բխող հետեւանքներով: Իսկ ինչ վերաբերւում է Հայաստանի դէմ Թուրքիայի քաղաքականութեան մեղմացման հնարաւորութեանը, ապա յիշենք, որ Հայոց Ցեղասպանութիւնը տեղի է ունեցել ճիշտ այն տարիներին երբ թուրքական պետութիւնը ներգրաււած էր Առաջին համաշխարհային պատերազմի մէջ, պարտութիւն էր կրում, կործանւում էր, սակայն անգամ այդ պարագայում Հայոց Ցեղասպանութիւնը շարունակւեց, իսկ 1920թ. սեպտեմբերին Թուրքիան յարձակւեց Հայաստանի առաջին Հանրապետութեան վրայ:

Ամփոփելով՝ նշեմ, որ Էրդողանի եւ թուրքական իշխանութեան նախընտրական ու քարոզչական մարտավարութիւնը երբեմն մասնակի, երբեմն գլոբալ առումով կարող է փոխւել կապւած երկրաշարժի հետ, սակայն կարելի է կարծիք յայտնել, որ դեռ վաղ է Էրդողանի քաղաքական կարիերան համարել աւարտւած, ինչպէս նաեւ դժւար է նրան պատկերացնել շարքային ընդդիմադիրի կամ թոշակառու նախագահի դերում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։