Հա

Քաղաքական

09/03/2023 - 10:45

Իսրայէլը հսկայական քանակութեամբ ժամանակակից զէնքեր է մատակարարել Ադրբեջանին

Իսրայէլական «Հաարեց» (Haaretz) թերթը մարտի 5-ին ապշեցուցիչ յօդւած է հրապարակել՝ «Իսրայէլական բազայից 92 թռիչքները բացայայտում են զէնքի արտահանումն Ադրբեջան» վերնագրով։

Յօդւածում նշւում է, որ մարտի 2-ին ադրբեջանական Silk Way Airlines-ի բեռնատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Իսրայէլի Օւդա ռազմական օդանաւակայանում, իսկ երկու ժամ անց Թուրքիայի եւ Վրաստանի Հանրապետութեան տարածքով վերադարձել Բաքու։ 

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

 

Իսրայէլական «Հաարեց» (Haaretz) թերթը մարտի 5-ին ապշեցուցիչ յօդւած է հրապարակել՝ «Իսրայէլական բազայից 92 թռիչքները բացայայտում են զէնքի արտահանումն Ադրբեջան» վերնագրով։

Յօդւածում նշւում է, որ մարտի 2-ին ադրբեջանական Silk Way Airlines-ի բեռնատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Իսրայէլի Օւդա ռազմական օդանաւակայանում, իսկ երկու ժամ անց Թուրքիայի եւ Վրաստանի Հանրապետութեան տարածքով վերադարձել Բաքու։ Վերջին եօթ տարիների ընթացքում սա 92-րդ բեռնատար թռիչքն է Բաքւից դէպի Օւդա՝ Իսրայէլի միակ օդանաւակայանը, որտեղից թոյլատրւում է պայթուցիկ նիւթերի արտահանումը։ Այս ռազմական մատակարարումները զգալիօրէն աւելացել են 2016, 2020, 2021 եւ 2022 թւականներին Հայաստանի եւ Արցախի վրայ Ադրբեջանի յարձակումների ժամանակ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բնութագրել է Իսրայէլի գաղտնի յարաբերութիւններն Ադրբեջանի հետ արպէս սառցաբեկոր, որի ինը տասներորդ մասը գտնւում է մակերեւոյթից ցածր:

Իսրայէլը մատակարարում է Ադրբեջանի սպառազինութեան գրեթէ 70 տոկոսը եւ դրա դիմաց ստանում ներկրւող նաւթի մօտ կէսը։ «Հաարեց»-ը մէջբերում է արտասահմանեան լրատւամիջոցների աղբիւրները, որոնք բացայայտել են, որ «Ադրբեջանը թոյլ է տւել Մոսադին [Իսրայէլի հետախուզական գործակալութիւն] ստեղծել առաջնային մասնաճիւղ [Ադրբեջանում]՝ վերահսկելու, թէ ինչ է կատարւում Ադրբեջանի հարաւում գտնւող հարեւան Իրանում եւ նոյնիսկ նախապատրաստել է օդանաւակայան, որը նախատեսւած է Իսրայէլին օգնելու համար, եթէ նա որոշի յարձակւել Իրանի միջուկային օբիեկտների վրայ։ Երկու տարի առաջւայ հաղորդագրութիւններում ասւում էր, որ Մոսադի գործակալները, որոնք գողացել են Իրանի միջուկային արխիւը, այն մաքսանենգ ճանապարհով Իսրայէլ են տեղափոխել Ադրբեջանի տարածքով: Ադրբեջանի պաշտօնական հաղորդագրութիւնների համաձայն՝ տարիների ընթացքում Իսրայէլը նրան վաճառել է ամենաառաջադէմ սպառազինութեան համակարգերը՝ բալիստիկ հրթիռներ, հակաօդային պաշտպանութեան եւ էլեկտրոնային պատերազմի համակարգեր, կամիկաձէ անօդաչու թռչող սարքեր եւ այլն»:

«Հաարեց»-ը բացայայտել է, որ ադրբեջանական Silk Way Airlines աւիաընկերութիւնը «շաբաթական երեք չւերթ է իրականացնում Բաքւի եւ [Իսրայէլի] Բեն Գուրիոն միջազգային օդանաւակայանի միջեւ՝ Boeing 747 բեռնատար ինքնաթիռներով»։ Բացի այդ, Արեւելեան Եւրոպայի որոշ երկրներ շրջանցել են Ադրբեջանին զէնք վաճառելու արգելքը՝ դրանք առաքելով Իսրայէլով։

Եւրոպայի եւ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին զէնք վաճառելու սահմանափակումը հնարաւորութիւն է ստեղծել Իսրայէլի համար՝ միլիարդաւոր դոլարներ վաստակել Ադրբեջանին զէնք վաճառելով։

«Հաարեց»-ը հաղորդում է, որ «Իսրայէլը դէպի երկիր [Ադրբեջան] է արտահանել սպառազինութիւնների շատ լայն տեսականի՝ սկսած Tavor աւտոմատներից մինչեւ ամենաբարդ համակարգերը, ինչպիսիք են ռադարը, հակաօդային պաշտպանութիւնը, հակատանկային հրթիռները, բալիստիկ հրթիռները, նաւերը եւ անօդաչուների լայն տեսականին, ինչպէս հետախուզական, այնպէս էլ յարձակման նպատակով: Իսրայէլական ընկերութիւնները նաեւ մատակարարել են առաջադէմ լրտեսական տեխնոլոգիաներ, ինչպիսիք են Verint-ի հաղորդակցութեան մոնիտորինգի համակարգերը եւ NSO Group-ի Pegasus լրտեսող ծրագրերը, գործիքներ, որոնք օգտագործւել են Ադրբեջանում լրագրողների, ԼԳԲՏ համայնքի եւ իրաւապաշտպանների դէմ:

Ստոկհոլմի Խաղաղութեան միջազգային ինստիտուտը գրել է. «Իսրայէլի զէնքի արտահանումն Ադրբեջան սկսւել է 2005 թւականին՝ Իսրայէլի ռազմական արդիւնաբերութեան (IMI Systems) կողմից Lynx բազմակի հրթիռային համակարգերի վաճառքով, որի հեռահարութիւնը 150 կիլոմետր է: IMI-ը, որը 2018 թւականին ձեռք է բերել Elbit Systems-ը, նաեւ մատակարարել է LAR-160 թեթեւ հրետանային հրթիռներ՝ 45 կիլոմետր հեռահարութեամբ, որոնք, ըստ Human Rights Watch-ի զեկոյցի, Ադրբեջանն օգտագործւել է Լեռնային Ղարաբաղի բնակելի թաղամասերում արգելւած կասետային զինամթերք կրակելու համար», թէեւ Իսրայէլին եւ 123 այլ երկրների արգելւած է կասետային ռումբերի օգտագործումը։

«Հաարեց»-ը հաղորդում է, որ «2007թ. Ադրբեջանը պայմանագիր է ստորագրել Aeronautics Defense Systems-ից չորս հետախուզական անօդաչու թռչող սարք գնելու մասին: Դա բազմաթիւ գործարքներից առաջինն էր: 2008 թւականին նա գնել է տասը Hermes 450 անօդաչու թռչող սարք Elbit Systems-ից եւ 100 Spike հակատանկային հրթիռներ, որոնք արտադրւել են Rafael Advanced Defense Systems-ի կողմից, իսկ 2010թ. գնել է եւս 10 հետախուզական անօդաչու թռչող սարքեր։ Elbit-ին պատկանող Soltam Systems-ը նրան վաճառել է ATMOS ինքնագնաց հրանօթներ եւ 120 միլիմետրանոց Cardom ականանետեր, իսկ 2017 թւականին Ադրբեջանի զինանոցը համալրւել է աւելի առաջադէմ Hanit ականանետներով։ Wikileaks-ում գաղտնազերծւած հեռագրի համաձայն՝ առաջադէմ կապի սարքաւորումների վաճառքը Tadiran-ից նոյնպէս ստորագրւել է 2008 թւականին»։

Ըստ «Հաարեց»-ի՝ «2011 թւականին Իսրայէլն ու Ադրբեջանն ամրապնդել են իրենց յարաբերութիւնները 1.6 միլիարդ դոլար արժողութեամբ հսկայական գործարքով, որը ներառում էր Barak հրթիռների մարտկոց՝ ինքնաթիռներ եւ հրթիռներ որսալու համար, ինչպէս նաեւ Իսրայէլի օդատիեզերական արդիւնաբերութեան (IAI) արտադրած Searcher եւ Heron անօդաչու թռչող սարքերը: Հաղորդւել է, որ 2020 թւականին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի աւարտին մօտ Barak մարտկոցը խոցել է Հայաստանի կողմից արձակւած «Իսկանդեր» բալիստիկ հրթիռը։ Բացի այդ, Aeronautics Defense Systems-ն սկսեց համագործակցել նաեւ Ադրբեջանի տեղական սպառազինութեան արդիւնաբերութեան հետ, որտեղ արտադրւել են Orbiter կամիկաձէ (թափառող զինամթերք) 100 անօդաչու թռչող սարքերը, որոնք Ադրբեջանի պաշտպանութեան նախարարն անւանել էր «մղձաւանջ հայկական բանակի համար»:

2021 թւականին «[Իսրայէլի] Aeronautics Defense Systems-ի դէմ մեղադրանք է ներկայացւել՝ իր ամենայայտնի յաճախորդներից մէկի հետ առնչւելիս զէնքի արտահանումը կարգաւորող օրէնքը խախտելու համար: Դատարանի կողմից կիրառւած արգելքի որոշումը խոչընդոտում է յաւելեալ մանրամասների հրապարակումը։ Ադրբեջանական բանակի տանկերի արդիականացման նախագիծը սկսւել է 2010-ականների սկզբին։ Elbit Systems-ը արդիականացրել եւ համալրել է հին խորհրդային T-72 մոդելները նոր պաշտպանիչ հանդերձանքով՝ տանկերի եւ նրանց անձնակազմի գոյատեւման համար, ինչպէս նաեւ արագ եւ ճշգրիտ թիրախների յայտնաբերման ու կրակի կառավարման համակարգերով: Արդիականացւած տանկերը, որոնք յայտնի են «Ասլան» (Առիւծ) անունով, նկարահանւել են 2013 թւականի ռազմական շքերթի ժամանակ: 2013 թւականին Ադրբեջանի ռազմածովային ուժերը համալրւել են վեց պարեկային նաւերով՝ Իսրայէլի ռազմածովային ուժերի Sa’ar 4.5 դասի հրթիռային նաւերի հիման վրայ, որոնք արտադրւել են Իսրայէլի նաւաշինական գործարանների կողմից եւ կրում են Spike հրթիռների ռազմածովային տարբերակը, ինչպէս նաեւ վեց Shaldag MK V պարեկային նաւեր՝ Rafael’s Typhoon-ի հրետանային ամրակներով եւ Spike հրթիռային համակարգերով: Ադրբեջանի ռազմածովային ուժերը նաեւ գնել են 100 «Լահաթ» հակատանկային կառավարւող հրթիռներ»։

2014 թւականին «Ադրբեջանը IAI-ից պատւիրեց առաջին 100 Harop կամիկաձէ անօդաչու թռչող սարքերը, որոնք կարեւոր գործիք էին հետագայ մարտերում: Նոյն տարի Ադրբեջանը նաեւ օդային նախազգուշացման եւ պաշտպանութեան երկու առաջադէմ ռադիոտեղորոշիչ համակարգեր ձեռք բերեց IAI դուստր ձեռնարկութիւնից… Երկու տարի անց Ադրբեջանը Elbit Systems-ից գնել է եւս 250 SkyStriker կամիկաձէ անօդաչու թռչող սարքեր։ Մարտական շրջաններից բազմաթիւ տեսանիւթեր ցոյց են տւել, թէ ինչպէս են իսրայէլական անօդաչու թռչող սարքերը յարձակւում հայկական ուժերի վրայ… 2016 թւականին վարչապետ Բենիամին Նեթանեահուի Բաքու կատարած այցի ժամանակ Ալիեւը բացայայտեց, որ երկու երկրների միջեւ արդէն կնքւել են պայմանագրեր մօտ 5 միլիարդ դոլարի «պաշտպանական սարքաւորումներ» գնելու համար։

2017 թւականին Ադրբեջանը Elbit Systems-ից եւ Hermes 900 առաջադէմ անօդաչու սարքեր եւ LORA բալիստիկ հրթիռներ է գնել IAI-ից՝ 430 կիլոմետր հեռահարութեամբ։ 2018 թւականին Ալիեւը հանդիսաւոր բացել է բազան, որտեղ տեղակայւած են LORA հրթիռները՝ Հայաստանի մայրաքաղաք Երեւանից մօտ 430 կմ հեռաւորութեան վրայ։ 2020 թւականի պատերազմի ժամանակ առնւազն մէկ LORA հրթիռ է արձակւել, եւ ըստ տեղեկութիւնների՝ այն հարւածել է մի կամրջի, որով Հայաստանը զէնք եւ տեխնիկա էր մատակարարում Լեռնային Ղարաբաղում գտնւող իր ուժերին։ Աւելի առաջադէմ Spike հրթիռներ ուղարկւել են 2019 եւ 2020 թւականներին»։

Սոսկալի է, որ Հոլոկոստի ժառանգները նման զանգւածային մահացու զէնք են մատակարարում Ադրբեջանին՝ Հայոց Ցեղասպանութեան ժառանգներին սպանելու համար։

 

Թարգմանութիւնը՝ Ռուզաննա Աւագեանի

 

Յարակից լուրեր

  • «Երեւանի եւ Բաքւի միջեւ խոչընդոտները յաղթահարելի են, մեծ հաշւով, դրանք գոյութիւն չունեն». Պուտին
    «Երեւանի եւ Բաքւի միջեւ խոչընդոտները յաղթահարելի են, մեծ հաշւով, դրանք գոյութիւն չունեն». Պուտին

    Հէնց մեր այս ձեւաչափում է յաջողւել շատ բանի հասնել։ 2020 թւականի աշնանը ոչ միայն դադարեցւեցին ռազմական գործողութիւնները, այլ յետոյ սկսւեցին տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցութիւնների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման աշխատանքները։ Այս մասին մայիսի 25-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

  • Թէոդիւանագիտութեան հարթակ. Տարածաշրջանի հարցերով իրանցի փորձագէտ. «Եթէ այսօր անտարբեր անցնենք Փաշինեանի որոշումների կողքով, ապա ապագայում ծանր ենք վճարելու նաեւ մենք»
    Թէոդիւանագիտութեան հարթակ. Տարածաշրջանի հարցերով իրանցի փորձագէտ. «Եթէ այսօր անտարբեր անցնենք Փաշինեանի որոշումների կողքով, ապա ապագայում ծանր ենք վճարելու նաեւ մենք»

    Տարածաշրջանի հարցերով աւագ փորձագէտ Էհսան Մովահեդեանը «twitter»-ում տեղադրած իր վերջին գրառման մէջ անդրադարձել է անվտանգային առումով Իրանի համար խիստ կարեւոր Երեւան-Բաքու բանակցութիւններին, մասնաւորապէս վերջերս արւած մամլոյ ասուլիսի ժամանակ Փաշինեանի արած յայտարարութեանը եւ նշել, որ եթէ Արցախը Ադրբեջանի կազմում (բնագրում Բաքւի Հանրապետութիւն է նշւած) ճանաչելու կողքին պրն. Փաշինեանը պատրաստւում է համաձայնութիւն տալ նաեւ անկլաւների հարցում Բաքւի պահանջներին, ապա դա աննկարագրելիօրէն հարւածելու է Իրանի, եւ, առհասարակ, տարածաշրջանի կայունութեանն ու անվտանգութեանը:

  • Կասկածելի գրողները հակահայկական քարոզչութիւն են տարածում
    Կասկածելի գրողները հակահայկական քարոզչութիւն են տարածում

    Հայերը խստօրէն դատապարտում եւ մերժում են կասկածելի դրդապատճառներ ունեցող անհատներին, որոնք բազմիցս միջազգային մամուլում գրում են ատելութեամբ ու կեղծիքով լի յօդւածներ Հայաստանի մասին։ Այս յօդւածների թշնամական բովանդակութիւնը ստիպում է ենթադրել, որ դրանք ազնիւ կարծիքի արտայայտութիւն չեն, այլ արտացոլում են գրողների չար նպատակները։

    Եթէ մտնէք armeniapedia.org կայքը եւ նայէք «Ամօթի հայկական սրահ» (Armenian Hall of Shame) բաժինը, ապա կը գտնէք մի քանի հարիւր նման հակահայկական թեմաներով գրողների անուններ։

  • Խմբագրական. Հակապետական յայտարարութիւններ
    Խմբագրական. Հակապետական յայտարարութիւններ

    Պրիւքսէլեան հանդիպումներէն բխած Շարլ Միշելի յայտարարութեան հիմնական նորութիւնը՝ Հայաստան-Ազրպէյճան տարածքային ամբողջականութիւններու փոխճանաչումին առընթեր, թուանշաններով տարածքներու յստակացումն էր։

  • Թէոդիւանագիտութեան հարթակ. Շրջակայ միջավայրի իրանցի փորձագէտ-ակտիւիստ. «Ռաշտ-Աստարա-Բաքու երկաթգիծը Իրանի միակ հարթավայրային անտառի ոչնչացման նախագիծ է»
    Թէոդիւանագիտութեան հարթակ. Շրջակայ միջավայրի իրանցի փորձագէտ-ակտիւիստ. «Ռաշտ-Աստարա-Բաքու երկաթգիծը Իրանի միակ հարթավայրային անտառի ոչնչացման նախագիծ է»

    Արդէն գաղտնիք չէ, որ վերջին տարիների հակամարտութիւնների ու պատերազմների ենթատեքստում՝ միջանցքների պատերազմներն են: Չինաստանը արեւմուտքին կապող երթուղիների տարածութեան կրճատման, ինչպէս նաեւ շահախնդիր պետութիւնների միջամուխ լինելու խնդիրն է օրակարգում: Այլ հարց, եթէ նոյն լոյսի տակ փորձ է արւում տարածքային նկրտումներ իրականացնել, կամ խնդիրներ լուծել, ինչպիսին Արցախի դէպքն էր, սակայն փորձագիտական շրջանակների հաւաստմամբ դա կարող է միայն ժամանակաւոր բնոյթ կրել, քանի որ կողմերն այլ ելք չունեն կայունութեանը հարկաւոր իներցիաներին ենթարկւելուց բացի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։