Թուրքական ընդդիմութիւնը ակնկալում է, որ ընդդիմադիր Ժողովրդական դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն կարող է յաղթել նախագահական ընտրութիւնների առաջին փուլում, եթէ աջակցութիւն ստանայ քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութիւնից (ԺԴԿ):
«alikonline.ir» - Թուրքական ընդդիմութիւնը ակնկալում է, որ ընդդիմադիր Ժողովրդական դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն կարող է յաղթել նախագահական ընտրութիւնների առաջին փուլում, եթէ աջակցութիւն ստանայ քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութիւնից (ԺԴԿ): «ՌԻԱ Նովոստի»-ին յայտնել է ընդդիմութեանը մօտ կանգնած աղբիւրը։ Գրում է Panorama.am-ը:
Թուրքիայի բարձրագոյն ընտրական յանձնաժողովն ուրբաթ օրը միաձայն կողմ է քւէարկել մայիսի 14-ին նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնների անցկացնելու որոշմանը։ Նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլը, անհրաժեշտութեան դէպքում, նշանակւած է մայիսի 28-ին։
Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակառակորդը՝ Հանրապետական դաշինքի միասնական թեկնածուն, ընդդիմադիր Ժողովրդական դաշինքի միասնական թեկնածու, Հանրապետական ժողովրդական կուսակցութեան առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է։
«Եթէ ԺԴԿ-ն չառաջադրի իր թեկնածուին (եւ սատարի Քըլըչդարօղլուին - Խմբ.), ապա ընտրութիւնները կարող են աւարտւել մէկ փուլով»,- ասել է աղբիւրը՝ պատասխանելով երկրորդ փուլի հաւանականութեան մասին հարցին։
Ըստ նրա՝ Էրդողանին դէմ հանդէս եկող մնացած թեկնածուներին պէտք չէ հաշւի առնել։
Հարկ է նշել, ԺԴԿ-ի հետ յարաբերութիւնների հարցը, որը թուրքական իշխանութիւնները համարում են ահաբեկչական PKK-ի հետ կապւած, ամենակոնֆլիկտային հարցն է։ Քըլըչդարօղլուն աւելի վաղ HalkTV-ին ասել էր, որ ծրագրում է այցելել ԺԴԿ-ի կենտրոնակայան։ Ընդդիմադիր Ժողովրդական դաշինքի մաս կազմող «Լաւ կուսակցութեան» առաջնորդ Մերալ Աքշենէրը նշել է, որ Քըլըչդարօղլուն, անշուշտ, կարող է նման այց կատարել, սակայն ընդդիմադիր դաշինքին ԺԴԿ-ի մասնակցութիւնը բացառւում է։
Ընդդիմադիր ԺԴԿ-ի համանախագահ Միթհաթ Սանջարն աւելի վաղ ասել էր, որ չի բացառում, որ կը հրաժարւի կուսակցութեան կողմից նախագահի թեկնածու առաջադրել եւ սատարել Ժողովրդահանրապետական կուսակցութեան (CHP) առաջնորդ Քըլըչդարօղլուին, եթէ կոնսենսուս ձեռք բերւի։ Միաժամանակ, ընտրութիւններին ԺԴԿ-ի մասնակցութիւնը կասկածի տակ է յայտնւել դատական հայցի պատճառով, ինչի արդիւնքում կուսակցութեան գործունէութիւնը կարող է արգելւել։