Երբ առաջին անգամ լսեցի, որ Ադրբեջանում Իսրայէլի դեսպան Ջորջ Դիքը հայ է, մտածեցի, որ դա չի կարող ճիշտ լինել։ Այնուամենայնիւ, ես ապշեցի՝ պարզելով, որ դա իրողութիւն է։ Ինչպէս ասում էր Մարկ Տւէնը. «Ճշմարտութիւնն աւելի տարօրինակ է, քան յօրինւածքը»:
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Երբ առաջին անգամ լսեցի, որ Ադրբեջանում Իսրայէլի դեսպան Ջորջ Դիքը հայ է, մտածեցի, որ դա չի կարող ճիշտ լինել։ Այնուամենայնիւ, ես ապշեցի՝ պարզելով, որ դա իրողութիւն է։ Ինչպէս ասում էր Մարկ Տւէնը. «Ճշմարտութիւնն աւելի տարօրինակ է, քան յօրինւածքը»:
Բաքւում Իսրայէլի դեսպան դառնալուց շատ առաջ Դիքն իր թւիթերում գրել էր. «Հայրիկիս տատիկի անունը Անթառաան Համբարեան էր. նա հայ էր: Նա հայոց ողբերգութեան վերապրածներից է… http://fb.me/2WQnyz9Vu. 08:43. 12 ապրիլի, 2015թ.»:
Ֆէյսբուքեան յղումը, որը Դիքը ներառել էր իր թւիթում, կարեւոր էր, քանի որ այն վերաբերում էր 2015 թւականի ապրիլի 12-ի մի յօդւածի, որը վերնագրւած էր. «Թուրքիան զայրացած է Հռոմի պապի վրայ «ցեղասպանութեան» մասին յայտարարութիւններից յետոյ»: Այսպիսով, Դիքը տեղեակ էր, որ եղել է Հայոց Ցեղասպանութիւն, իր հօր տատիկը վերապրել է այդ Ցեղասպանութիւնը, եւ նրա անունը Անթառաան Համբարեան էր, թէեւ սխալ էր գրել նրա անունը, որը, ամենայն հաւանականութեամբ, եղել է Անթառամ:
Երբ 2019 թւականին Դիքը դարձաւ Ադրբեջանում Իսրայէլի դեսպանը, որոշ հայեր զայրացած քննադատեցին նրան՝ 2015 թւականին իր թւիթում Հայոց Ցեղասպանութիւնը «ողբերգութիւն» անւանելու համար: Ահա մի քանի արհամարհական պատասխաններ. «Ինչպէ՞ս ես ապրելու նախնիներիդ դաւաճանելուց յետոյ»։ «Նա կը հպարտանար քեզնով… որ ծառայում ես երկու երկրներին՝ որոնք ակտիւօրէն հերքելով այն, ինչը խլել էր նրա ընտանիքը», «Հաւանաբար նա ահաւոր ամօթ կը զգար քեզ համար», «Քո խեղճ տատիկը շուռ եկաւ իր գերեզմանում, որ դու ընդունում ես էթնիկ զտումները, պատերազմական յանցագործութիւնները եւ ցեղասպանութիւնը», «Չեմ կարող հաւատալ, որ դու հայկական արմատներ ունես… ԱՄՕ՛Թ ՔԵԶ 1500000 անգամ՝ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ Ադրբեջանին եւ Թուրքիային ԱՋԱԿՑԵԼՈՒ համար: ԱՄՕԹ ՄԵԶ, ՈՐ ՔՈ ԵՐԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԻՒՆ Է ՀՈՍՈՒՄ» եւ «Քո մեծ տատիկը կը թքէր քո երեսին, եթէ լսէր, թէ ինչեր ես ասում…»:
2021 թւականի սեպտեմբերի 30-ին Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը իր ֆէյսբուքեան էջում գրել էր. «Դիւանագիտութեան պատմութեան մէջ ամենաամօթալի դիւանագիտական նշանակումը։ Ցեղասպանութիւնը վերապրած Իսրայէլը Ջորջ Դիքին (Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածների` իրեն հայ համարող ժառանգին) որպէս իր դեսպան ուղարկում է Ադրբեջան, մի երկիր, որը բացայայտ աշխատում է աւարտին հասցնել այս ոճրագործութիւնը»:
2021 թւականի յուլիսին Դիքը կրկին զայրացրեց հայերին իր այս թւիթերեան գրառմամբ. «Ադրբեջանի դիւանագիտական խմբի հետ միասին ես պատմական առանձնաշնորհում ունեցայ լինելու Իսրայէլի առաջին դեսպանը, որն այցելեց ուշագրաւ Շուշա քաղաքը», նշանաւոր հայկական քաղաքը, որը գրաււել էր Ադրբեջանի կողմից 2020 թւականի պատերազմի ժամանակ։
2023 թւականի յունւարի 13-ին «Թայմս օֆ Իսրայէլ»-ին (Times of Israel) տւած հարցազրոյցում դեսպան Դիքն իրեն ներկայացրել է որպէս «արաբ եւ իսրայէլցի»։ Նրա հայրը ուղղափառ քրիստոնեայ էր՝ հայկական եւ պաղեստինեան խառը արմատներով։ Ահա մի հատւած այդ հարցազրոյցից.
«Թայմս օֆ Իսրայէլ». «Երբ հանդիպում ես ադրբեջանցիներին, եւ նրանք յայտնաբերում են, որ դու արաբ քրիստոնեայ ես, ինչպիսի՞ արձագանգներ ես ստանում»:
Դեսպան Դիք. «Բնականաբար, սա զարմացնող եւ շփոթեցնող է ադրբեջանցիների մեծ մասի համար։ Զարմանքի զգացումն օգնում է ինձ բացատրել իսրայէլական հասարակութեան բազմազանութեան մասին: Բայց, ճիշտն ասած, այս պահին ես դադարել եմ նրանց ուղղել, քանի որ դա յոգնեցուցիչ է դառնում։ Ամէն դէպքում ծիծաղելի է, երբ դեկտեմբերի 24-ին ինձ մաղթում են ուրախ Հանուկա, եւ ոչ թէ Սուրբ Ծնունդ»:
«Թայմս օֆ Իսրայէլ». «Որպէս իսրայէլցի քրիստոնեայ, ինչպիսի՞ն է ձեր տեսակէտը հայ համայնքի մասին, որը հիմնականում բաղկացած է իսրայէլցի քրիստոնեաներից, եւ այն մարտահրաւէրների մասին, որոնց նրանք բախւում են Իսրայէլում, ինչպէս Երուսաղէմ-Բաքու յարաբերութիւնների, այնպէս էլ դրան չառնչւող հարցերի վերաբերեալ»:
Դեսպան Դիք. «Ես խորը համակրանք եմ տածում Իսրայէլի հայ համայնքի նկատմամբ, մասնաւորապէս Եաֆֆայում, որտեղ ես մեծացել եմ: Մենք կիսում ենք նոյն հաւատքը եւ բազմաթիւ մշակութային աւանդոյթներ: Դպրոցի եւ երիտասարդական շարժումների իմ ընկերներից շատերը հայ են։ Ունեցել եմ ուսուցիչներ, որոնք մեծ ազդեցութիւն են ունեցել ինձ վրայ, որոնք հայ են, եւ ես նրանց համարում եմ մտերիմ ընկերներ»:
2023 թւականի յունւարի 5-ին ադրբեջանական Caliber.az կայքը մէջբերել է դեսպան Դիքի ասածը. «Իսրայէլն Ադրբեջանին առաջարկում է իր օգնութիւնը «խելացի քաղաքների» ստեղծման հարցում՝ Ադրբեջանի կողմից բռնագրաււած հայկական տարածքներում»։
2023 թւականի յունւարի 12-ին դեսպան Դիքը հարցազրոյց է տւել Caliber.az-ին մի տեսանիւթում, որը վերնագրւած է. «Տեսանելիից այն կողմ. պեղելով իսրայէլա-ադրբեջանական կապերի խորքերը դեսպան Ջորջ Դիքի հետ».
Այդ հարցազրոյցում դեսպան Դիքն արել է հետեւեալ անհանգստացնող յայտարարութիւնը. «Ամենակարեւոր իրադարձութիւնն այն է, երբ Ադրբեջանը մտաւ ղարաբաղեան երկրորդ պատերազմի մէջ, եւ մենք [Իսրայէլը] այստեղ կանգնել ենք՝ ուս ուսի տւած մեր գործընկեր ու բարեկամ Ադրբեջանի հետ։ Մեր ռազմավարական համագործակցութիւնը շարունակւել եւ ակտիւացել է այդ ընթացքում, բայց նաեւ մարդասիրական ոլորտում։ Փաստացի ես ռիսկի դիմեցի գնալով Գեանջա, քաղաքի վրայ յարձակումների ժամանակ, եւ զրուցել տեղի համայնքի հետ, հանդիպել նրանց, մարդասիրական աջակցութիւն ցուցաբերել այնպիսի սարքաւորումներով, ինչպիսիք են հիմնական իրերը՝ վերմակներ եւ տաքացուցիչներ եւ այլն, այն մարդկանց, որոնք կորցրել էին իրենց տները եւ այն ամէնը, ինչ ունէին: Եւ ես կարծում եմ, որ դա նաեւ կապ ստեղծեց սրտերում, այլ ոչ միայն մտքում, այնպէս որ, կարծում եմ, երկրորդ ղարաբաղեան պատերազմը ցոյց տւեց Ադրբեջանին, թէ ինչ նկատի ունենք, երբ ասում ենք ընկեր, ինչ նկատի ունենք, երբ ասում ենք գործընկեր: Մեզ համար սրանք դիւանագէտների դատարկ խօսքեր չեն… Սրանք բաներ են, որոնք բխում են սրտից եւ իրականում մեզ համար մեծ նշանակութիւն ունեն… Իսրայէլի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում վաղուց յստակ է. Իսրայէլը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը։ Դա արւել է խօսքով եւ գործով մինչեւ ղարաբաղեան երկրորդ պատերազմը եւ ղարաբաղեան երկրորդ պատերազմից յետոյ»:
Նա նաեւ սխալմամբ յաւելեց, որ «գործնականում, արաբա-իսրայէլական հակամարտութիւնը հիմնականում աւարտւած է»։ Դեսպան Դիքը յարգանք չի տածում ոչ միայն իր հայկական արմատների նկատմամբ, այլեւ չի յարգում իր պաղեստինեան արմատները: Նա պէտք է հոգին ծախած լինի սատանային՝ իր աշխատանքի համար:
Դեսպան Դիքի նշանակման ամենաապշեցուցիչ կողմն այն է, որ Իսրայէլի արտգործնախարարութեան պաշտօնեաները հայկական ծագումով դեսպան են ուղարկել Ադրբեջան… Չնայած Ադրբեջանի մասին Դիքի խանդավառ խօսքերին, ես կասկածում եմ, որ նախագահ Ալիեւն ու Ադրբեջանի ժողովուրդը լիովին վստահում են նրան։ Ադրբեջանում նրանք ատելութիւնից ու արհամարհանքից բացի ուրիշ ոչինչ չեն զգում ցանկացած հայի, նոյնիսկ մասամբ հայի նկատմամբ։
Թարգմանութիւնը՝ Ռուզաննա Աւագեանի