Radar Armenia -ի զրուցակիցը միջազգայնագէտ Շահան Գանտահարեանն է։
«alikonline.ir» - Radar Armenia -ի զրուցակիցը միջազգայնագէտ Շահան Գանտահարեանն է։
- Անցած շաբաթ Հայաստանում էին ԵԱՀԿ Մինսկի ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահները։ Ըստ Ձեզ, ի՞նչ էր նշանակում այդ այցը։
- Այո նկատւում է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաշխուժացում, բայց սա ձեւաչափի ամբողջութիւնը չէ։ Միջնորդական ձեւաչափը, ըստ էութեան, անդամալուծւել է, սակայն դէ իւրէ չի կազմալուծւել։ Իբրեւ միաւոր չի աշխատում, սակայն համանախագահներ են նշանակւում։ Իրապէս, ԵԱՀԿ ՄԽ-ը վերափոխւում է հաւաքական Արեւմուտքի Հարաւային Կովկասի ուղղութեամբ դերերի բաշխման եւ համակարգման հարթակի։ Չմոռանանք, որ ամերիկացի համանախագահը համատեղում է ԱՄՆ Հարաւային Կովկասի թղթածրարի պատասխանատուի եւ համանախագահի պաշտօնները։
- Այս համատեքստում նշենք՝ Ալիեւը յայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկանում էր, որ ղարաբաղեան հակամարտութիւնը յաւերժ սառեցւած լինի։ Նման հռետորաբանութեամբ ի՞նչ է փորձում հասկացնել ադրբեջանական կողմը։
- Կարծում եմ՝ Ադրբեջանն անհանգիստ է Հարաւային Կովկասում հաւաքական Արեւմուտքի շարժումներից։ Բաքուն Անկարայի միջոցով պայմանաւորւածութիւններ ունի Մոսկւայի հետ եւ հիմա շտապում է այդ շրջանակներում իրականացնել իր առաջադրանքները՝ «Զանգեզուրեան միջանցք», սահմանազատում-սահմանագծում, խաղաղութեան համաձայնագիր եւ այս առաջադրանքից ածանցեալ կէտեր՝ տարածքային ամբողջականութիւնների փոխճանաչում, Արցախի պաշտպանական բանակի լուծարում, եւ այլն։ Արեւմուտք-Մոսկւա մրցապայքարը կամ առճակատման միտումները խանգարում են Բաքւի առաջադրանքնեը իրականացնելու գործընթացին։
- Ալիեւը նախօրէին յայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութեան հասնելու համար որեւէ խոչընդոտ չկայ։ Ինչպէ՞ս հասկանալ։
- Սա ճնշման միջոց է եւ պարզագոյն ուղերձ՝ միջազգային ընտանիքին, որ Ադրբեջանը խաղաղութիւն է ուզում եւ դրա համար էլ առաջարկել է նախագիծ։ Ուզում է ասել նաեւ, որ Երեւանը համաձայն է Բաքւի ծրագրին։ Շտապողականութեան համարժէք յայտարարութիւն է։ Ալիեւը գիտի, որ ժամանակը Ադրբեջանի օգտին չի աշխատում` դրա համար շտապում է։
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ Ղարաբաղ միջազգային փաստահաւաք առաքելութեան գործուղման անհրաժեշտութիւնն աւելի հրատապ է դառնում։ Որքանով է իրատեսական սրա իրականացումը։
- Միջազգային ընտանիքը քայլ առ քայլ փորձում է ներգրաււել։ Դիտորդական, փաստահաւաք, կարիքների ուսումնասիրութեան, միջգործակալական, թէ նման բնոյթի առաքելութիւնների գործուղումը կամ ծրագրաւորումը դրա մասին են վկայում։ Ուշագրաւ է նաեւ ԱՄՆ դեսպանի այցը Բերձորի միջանցքի սկզբնամաս։ Մանաւանդ, երբ նկատի ունենանք դրան զուգահեռ պետքարտուղարի յայտարարութիւնը, թէ ԱՄՆ ամէն ինչ պէտք է անի՝ լուծելու համար արցախեան հակամարտութիւնը։ Իսկ ՄԱԿ փաստահաւաք առաքելութեան տեղակայումը Բերձորի միջանցքում, արցախեան տարածքներում, կը լինի միջազգային ընտանիքի ներգրաււածութեան առաջին քայլն Արցախում։ Նման քայլ առանց Բաքւի համաձայնութեան կը հանդիպի խոչընդոտների։ Իսկ սա Բաքւի ձեռքին կը լինի խաղաթուղթ՝ Մոսկւայի հետ իր յարաբերութիւններում ոչ միայն Բաքւի, այլ նաեւ Անկարայի։
Հայկ Մագոյեան