ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի 2023թ մարտի 18-ի ելոյթի կապակցութեամբ: Յայտարարութիւնն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ.
«alikonline.ir»- ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի 2023թ մարտի 18-ի ելոյթի կապակցութեամբ: Յայտարարութիւնն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ.
««Ոչ մի խաղաղութեան պայմանագիր չի լինելու»,- սա մէջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի 2023 թւականի մարտի 18-ին ունեցած ելոյթից: Գրում է Tert.am-ը:
Այս յայտարարութիւնն Ալիեւն արել է Լեռնային Ղարաբաղի Թալիշ գիւղում, որը 44-օրեայ պատերազմի հետեւանքով հայաթաւփւել է:
Ինչպէս Թալիշում, այնպէս էլ 44-օրեայ պատերազմի հետեւանքով հայաթափւած այլ շրջաններում Ադրբեջանն անթաքոյց կերպով իրականացնում է վերաբնակեցման ծրագրեր՝ փորձելով վերացնել հայկական հետքը Լեռնային Ղարաբաղի՝ իր վերահսկողութեան տակ անցած տարածքներից: 90-ականների սկզբին նման ճակատագրի արժանացել են նաեւ Շահումեանի շրջանը, Գետաշէնի ենթաշրջանը, հայկական հոծ բնակչութիւն ունեցող այլ բնակավայրեր:
Ադրբեջանի վերը նշւած գործողութիւններն ուղիղ հակասում են 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 7-րդ կէտին, համաձայն որի ներքին տեղահանւած անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ յարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխաւոր յանձնակատարի վերահսկողութեան ներքոյ:
Ապօրինի վերաբնակեցման քաղաքականութեամբ եւ Լեռնային Ղարաբաղի հայութեանն ահաբեկելու գործելակերպով պաշտօնական Բաքուն ամէն ինչ անում է եռակողմ յայտարարութեան վերը յիշատակւած դրոյթի կատարումն անհնարին դարձնելու համար:
Ադրբեջանն ամէն ինչ անում է տարածաշրջանում խաղաղութիւնն անհնար դարձնելու համար: 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում եւ հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներն ընդունել են յայտարարութիւններ, համաձայն որոնց Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ-ի կանոնադրութեանը եւ 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրի հիման վրայ ճանաչում են միմեանց տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը, եւ երկու երկրների միջեւ սահմանազատման գործընթացը պիտի տեղի ունենայ բացառապէս այս հենքի վրայ: Չնայած սրան, մարտի 18-ին Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարել է, թե սահմանազատումը պիտի տեղի ունենայ Ադրբեջանի առաջադրած պայմաններով եւ երկար ժամանակ շարունակաբար խօսում է ինչ-որ պատմական քարտէզների մասին:
Ադրբեջանը ոչ միայն օկուպացիայի տակ է պահում Հայաստանի Հանրապետութեան 2021թ. մայիսի 12-ին, նոյեմբերի 17-ին, 2022թ. սեպտեմբերին ապօրինի բռնազաւթած ինքնիշխան տարածքները, այլեւ ներմուծել է այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջանի» խօսոյթը եւ Հայաստանի Հանրապետութեան գործնականում ողջ տարածքը յայտարարում է ադրբեջանական հող:
Սա նշանակում է բացայայտ նկրտումների արտայայտում Հայաստանի Հանրապետութեան գործնականում ողջ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ադրբեջանը նաեւ սպառնում է Հայաստանին, եթէ վերջինս այդ նկրտումները չընդունի:
Ադրբեջանը շարունակում է տարբեր ձեւաչափերով ընդունած եռակողմ եւ քառակողմ յայտարարութիւնների կոպտագոյն ոտնահարումները եւ գործնականում չի մնացել այդ յայտարարութիւնների մի դրոյթ, որն այս պահի դրութեամբ Ադրբեջանը խախտած չլինի՝ Լաչինի միջանցքի ապօրինի փակումով սկսած, հայ գերիներին, պատանդներին, այլ պահւող անձանց մինչեւ օրս ապօրինի անազատութեան մէջ պահելով շարունակած, եւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը միջանցքային անհիմն խօսոյթով խոչընդոտելով աւարտած:
Դեռ աւելին, Ադրբեջանի նախագահը խախտել է 2023 թւականի փետրւարի 18-ին իր իսկ կողմից բարձրաձայնած պարտաւորութիւնը՝ Լեռնային Ղարաբաղի հայութեան հետ քննարկել նրանց իրաւունքների եւ երաշխիքների հարցը:
Այդ յայտարարութիւնից ընդամէնը մի քանի շաբաթ անց Ադրբեջանը յայտարարեց, թէ պատրաստւում է քննարկել «Ղարաբաղի հայութեան ինտեգրացիայի» հարցը, իսկ Թալիշում արած յայտարարութիւնները, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, մարտի 5-ի ահաբեկչութիւնը վկայում են, որ Ադրբեջանի մտադրութիւնն է լուծել Լեռնային Ղարաբաղի հայութեան առնւազն ասիմիլյացիայի հարցը, եւ պաշտօնական Բաքւի կողմից ԼՂ հայութեան ցեղասպանութեան ենթարկելու նախապատրաստութիւնների մասին Հայաստանի ահազանգերը չպէտք է անտեսւեն միջազգային հանրութեան կողմից:
Վերջին շրջանի խօսոյթում Ադրբեջանը նոր մեղադրանք է գտել Հայաստանի Հանրապետութեան հասցէին՝ նրան մեղադրելով մոնոէթնիկ լինելու մէջ եւ փորձ անելով ստեղծել տպաւորութիւն, թէ, ի տարբերութիւն Հայաստանի, Ադրբեջանը բազմաէթնիկ երկիր է: Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան համաձայն 4 ազգային փոքրամասնութիւնները մանդատ ունեն երկրի բարձրագոյն օրէնսդիր իշխանութեան կազմում, իսկ իրեն բազմազգ համարող Ադրբեջանում որևէ նման կարգաւորում չկայ:
Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան գնահատականը միանշանակ է. Ադրբեջանն իր ագրեսիւ խօսոյթով եւ գործելակերպով Լեռնային Ղարաբաղի հայութեանը ցեղասպանութեան ենթարկելու եւ Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստութիւններ է տեսնում:
Ստեղծւած իրավիճակում անհրաժեշտ է ցեղասպանութիւնների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկումը, միջազգային փաստահաւաք առաքելութեան գործուղումը Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ, ինչպէս նաեւ` Ադրբեջանի ագրեսիւ գործողութիւնների եւ քաղաքականութեան հասցէական դատապարտումը: Միեւնոյն ժամանակ Հայաստանի Հանրապետութիւնն արտայայտում է իր վստահութիւնը խաղաղութեան օրակարգին՝ 2020 թւականի նոյեմբերի 9-ի, 2021թ. յունւարի 11-ի, 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ եւ 2022թ. հոկտեմբերի 6-ի քառակողմ յայտարարութիւնների հիման վրայ»: