Հա

Քաղաքական

19/03/2023 - 12:10

Փարիզի ոստիկանութիւնն արգելել է հաւաքները Համաձայնութեան հրապարակում

Փարիզի ոստիկանութիւնն արգելել է հաւաքներ անցկացնել Համաձայնութեան հրապարակում, քանի որ հազարաւոր ցուցարարներ շարունակում են բողոքի ցոյցերը՝ առանց խորհրդարանում քւէարկութեան կենսաթոշակային տարիքը փոխելու Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի որոշման դէմ:

«alikonline.ir» - Փարիզի ոստիկանութիւնն արգելել է հաւաքներ անցկացնել Համաձայնութեան հրապարակում, քանի որ հազարաւոր ցուցարարներ շարունակում են բողոքի ցոյցերը՝ առանց խորհրդարանում քւէարկութեան կենսաթոշակային տարիքը փոխելու Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի որոշման դէմ, ըստ News.am-ի՝ գրում է The Guardian-ը։

Շաբաթ օրը բողոքի ցոյցեր են տեղի ունեցել կամ պլանաւորւել այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Բորդոն, Նանտը, Մարսէլը, Բրեստը եւ Փարիզի շրջաններում այն բանից յետոյ, երբ արհմիութիւնները կոչ են արել վճռական դիմադրութիւն ցոյց տալ հինգշաբթի օրը նախատեսւած համազգային գործադուլի իններորդ օրւան ընդառաջ:

Մակրոնը դիմել է վիճայարոյց գործադիր լիազօրութիւններին, որպէսզի ընդունի իր օրինագիծը հինգշաբթի օրը այն բանից յետոյ, երբ նա եկել է այն եզրակացութեան, որ կառավարութիւնը վստահ չէ, որ յաղթելու է փոփոխութիւնների վերաբերեալ Ազգային ժողովի քւէարկութիւնում, որոնք ներառում են կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելը:

Թէեւ այդ քայլն օրինական է Ֆրանսիայի սահմանադրութեամբ, այն զայրացրել է ընդդիմադիր կուսակցութիւններին եւ առաջացրել փողոցային ինքնաբուխ բողոքի ցոյցեր՝ ներկայացնելով նախագահի իշխանութեան ամենամեծ մարտահրաւէրը 2018 թւականի «դեղին բաճկոնների» ցոյցերից ի վեր:

Շաբաթ օրը նաւթավերամշակման գործարաններում գործադուլներն ակտիւացել են, իսկ երկաթուղիներում գործադուլները շարունակւում են։ Արհմիութիւնների CGT ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Մարտինեսն ասել է, որ Մակրոնին «նախազգուշացրել են, որ իրավիճակը պայթիւնավտանգ է»:

Սպասւում է, որ Փարիզում աղբահանողների 13-օրեայ գործադուլը կը տեւի առնւազն մինչեւ երեքշաբթի՝ թողնելով աւելի քան 10000 տոննա աղբ կուտակւած մայրաքաղաքի 20 շրջաններից 10-ի մայթերին, որոնք կախւած են քաղաքային, այլ ոչ թէ մասնաւոր աղբահանողներից:

Չնայած փողոցային ցոյցերը հիմնականում խաղաղ բնոյթ են կրում, ուրբաթ երեկոյեան Փարիզում, որտեղ 61 մարդ ձերբակալւել էր Ազգային ժողովի մօտ գտնւող Համաձայնութեան հրապարակում խարոյկ վառելուց յետոյ, ոստիկանութիւնը արցունքաբեր գազ է կիրառել եւ բախւել ցուցարարների հետ։

Վախենալով նոր անկարգութիւններից՝ շաբաթ օրը Փարիզի ոստիկանութիւնն արգելել է հետագայ հաւաքները հրապարակում եւ դրա շուրջը, ինչպէս նաեւ Ելիսէյեան դաշտերում՝ «հասարակական կարգը խախտելու լուրջ վտանգի» պատճառով։

Հարաւարեւելեան Լիոն քաղաքում ուրբաթ երեկոյեան 36 մարդ է ձերբակալւել՝ փորձելով ներխուժել քաղաքապետարան եւ հրկիզել այն, յայտնել են տեղական իշխանութիւնները։

Սոցիոլոգիական հարցումները ցոյց են տւել, որ ֆրանսիացիների մօտ երկու երրորդը դէմ է Մակրոնի կենսաթոշակային փոփոխութիւններին, նա ասել է, որ դրանք անհրաժեշտ են՝ ապագայում համակարգի սնանկացումը կանխելու համար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։