Թուրքիային վրդովեցրել է Եւրոխորհրդարանի 2023 թւականի մարտի 15-ի զեկոյցում մէկ նախադասութեամբ Հայոց Ցեղասպանութեան յիշատակումը։
«alikonline.ir» - Թուրքիային վրդովեցրել է Եւրոխորհրդարանի 2023 թւականի մարտի 15-ի զեկոյցում մէկ նախադասութեամբ Հայոց Ցեղասպանութեան յիշատակումը։
Մասնաւորապէս, Թուրքիայի արտգործնախարարութեան մամուլի քարտուղար Թանջու Բիլգիչը մեկնաբանել է 1915 թւականին Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան յիշատակումը։ Գրում է News.am-ը:
«Այդ տեսակէտները անհամատեղելի են պատմական փաստերի եւ միջազգային-իրաւական նորմերի հետ: Դրանք մեզ համար վաւերական չեն»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը` չնայած աշխարհի բազմաթիւ երկրների արխիւներում սարսափելի յանցագործութեան բազմաթիւ վկայութիւններին:
«Երեւում է, որ Եւրոխորհրդարանը 2023 թւականի մարտի 15-ի «ԵՄ-Հայաստան յարաբերութիւններ» իր սովորական զեկոյցում պնդում է մեր երկրի եւ 1915 թւականի իրադարձութիւնների վերաբերեալ անհիմն մեղադրանքները»,- շարունակել է նա։
«Պատմական փաստերի եւ միջազգային իրաւունքի հետ անհամատեղելի այս տեսակէտները մեզ համար ուժ չունեն։ Կոչ ենք անում Եւրոխորհրդարանին գործել քաղաքական բարոյականութեան եւ միջազգային իրաւունքի համաձայն, այլ ոչ թէ կրկնել այսպիսի միակողմանի եւ անհիմն յայտարարութիւնները»,- ասւած է ԱԳՆ յայտարարութեան մէջ։
Նշենք, որ Եւրոխորհրդարանի «Արեւելեան գործընկերութիւն երեք հարեւաններ Հարաւային Կովկասում» զեկոյցում խօսւում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ միջազգային կառոյցի յարաբերութիւնների մասին։
«2022 թւականի մարտին ընդունւած բանաձեւում խորհրդարանը «վճռականօրէն դատապարտել է Լեռնային Ղարաբաղում եւ նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգութիւնը ջնջելու եւ ժխտելու Ադրբեջանի շարունակական քաղաքականութիւնը»։ Հայաստանում իրավիճակին հետեւող Եւրոխորհրդարանի առաջատար պատգամաւորները մի շարք յայտարարութիւններ են արել հակամարտութեան վերաբերեալ՝ պնդելով համապարփակ բանակցային կարգաւորման անհրաժեշտութիւնը եւ մտահոգութիւն յայտնելով այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են սահմանային միջադէպերն ու յարձակումները, հայ գերիները, ականները, սադրիչ հռետորաբանութիւնը, մարդասիրական հասանելիութիւնը եւ մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը։ 2015 թւականին Եւրոխորհրդարանը Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի վերաբերեալ բանաձեւ է ընդունել»,- նշւում է զեկոյցի հատւածներից մէկում, որտեղ բերւում է Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւի յղումը։