Հա

Քաղաքական

25/03/2023 - 12:43

«Եթէ Ադրբեջանի վրայ ճնշում չգործադրւի, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը կարող է վերածւել հումանիտար աղէտի․ մօտալուտ էթնիկ զտման լուրջ վտանգ կայ»․ ՆԱՏՕ-ի նախկին գլխաւոր քարտուղար

Ակնյայտօրէն խախտելով 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հրահրում եւ կրկին սպառնում հարեւան Հայաստանին ռազմական ագրեսիայով։ Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, նման կարծիք է յայտնել ՆԱՏՕ-ի նախկին գլխաւոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսէնը, որը ծաւալուն յօդւած է հրապարակել «Project Syndicate»-ի կայքէջում՝ խօսելով հայ-ադրբեջանական հակամարտութեան, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ տարածաշրջանում առաջիկայ զարգացումների մասին։

«alikonline.ir» - Ակնյայտօրէն խախտելով 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հրահրում եւ կրկին սպառնում հարեւան Հայաստանին ռազմական ագրեսիայով։ Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, նման կարծիք է յայտնել ՆԱՏՕ-ի նախկին գլխաւոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսէնը, որը ծաւալուն յօդւած է հրապարակել «Project Syndicate»-ի կայքէջում՝ խօսելով հայ-ադրբեջանական հակամարտութեան, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ տարածաշրջանում առաջիկայ զարգացումների մասին։

«Քանի որ Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եւրոմիութիւնը պէտք է աւելի կարեւոր դեր ստանձնի Հարաւային Կովկասում խաղաղութեան եւ կայունութեան պահպանման գործում: Մեր ամբողջ ուշադրութիւնն արդարացիօրէն կենտրոնացած է Ուկրայինայում Ռուսաստանի պատերազմի վրայ։ Բայց դա արդարացում չէ անտեսելու եւս մէկ ճգնաժամ, որը հասունանում է Եւրոպայի դռան շեմին»,- նշել է Ռասմուսէնը։

Ըստ ՆԱՏՕ-ի նախկին գլխաւոր քարտուղարի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարւածութիւնը կրկին աճում է, ինչը մեծացնում է նոր պատերազմի հաւանականութիւնը։

«Անցեալ շաբաթ ես այցելեցի Լաչինի միջանցք՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչութեանը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերից բնապահպանական բողոքի պատրւակով ադրբեջանցիները արգելափակել են միջանցքը։ Այդ գործընթացը տեղի է ունենում Բաքւի ռեժիմի բացայայտ աջակցութեամբ։ «Amnesty International»-ը զգուշացնում է, որ այն պատճառով, որ «ցուցարարները» արգելափակում են Լեռնային Ղարաբաղ բոլոր քաղաքացիական եւ առեւտրային փոխադրումները, շուրջ 120 հազար էթնիկ հայեր զրկւած են հիմնական ապրանքներից եւ ծառայութիւններից, ներառեալ կենսական նշանակութեան դեղամիջոցներն ու բժշկական սպասարկումը»,- ասել է Ռասմուսէնը։

ՆԱՏՕ-ի նախկին գլխաւոր քարտուղարը յիշեցրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2020 թւականի Լեռնային Ղարաբաղի պատերազմին վերջ դրած հրադադարի յայտարարութեամբ՝ Ադրբեջանը պարտաւորւել է ապահովել ազատ տեղաշարժը ճանապարհով:

«Ընդունելով, որ Ադրբեջանը խախտում է իր պարտաւորութիւնները՝ հրաժարւելով վերացնել շրջափակումը, ՄԱԿ-ի Միջազգային դատարանը փետրւարի 22-ին որոշում է հրապարակել, որով Ադրբեջանից պահանջում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջանցքի ապաշրջափակման համար: Բայց անցաւ մէկ ամիս, եւ ոչինչ չփոխւեց։ Անգործութեան էին մատնւած նաեւ միջանցքի երկայնքով տեղակայւած ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք պէտք է պահպանէին երթուղին։

Եթէ եւրոպան եւ ողջ միջազգային հանրութիւնը ճնշում չգործադրեն Ադրբեջանի վրայ շրջափակումը վերացնելու համար, ներկայիս հումանիտար ճգնաժամը կարող է վերածւել հումանիտար աղէտի»,- ընդգծել է Ռասմուսէնը։

ՆԱՏՕ-ի նախկին գլխաւոր քարտուղարի կարծիքով՝ Ադրբեջանն օգտագործում է շրջափակումը եւ այլ միջոցներ՝ Լեռնային Ղարաբաղը «խեղդելու» համար։

«Բնակիչներին յաճախ թոյլ չեն տալիս վերադառնալ իրենց տները, իսկ գազն ու էլեկտրաէներգիան պարբերաբար անջատւում են՝ առանց նախազգուշացման եւ բացատրութեան: Այս ամենի նպատակն ակնյայտօրէն հայ բնակչութեան կեանքն առաւելագոյնս բարդացնելն է, եւ մօտալուտ էթնիկ զտման լուրջ վտանգ կայ։ Մենք չպէտք է հեռացնենք մեր հայեացքը այն ամենից, ինչ տեղի է ունենում այնտեղ»,- շեշտել է Ռասմուսէնը։

ՆԱՏՕ-ի նախկին գլխաւոր քարտուղարի խօսքով՝ իր հերթին, ադրբեջանական ռեժիմը (եւ նրա առցանց թրոլները) շարունակում են նսեմացնել շրջափակման կամ նոյնիսկ դրա գոյութեան հետեւանքները:

Ռասմուսէնն առաջնային խնդիր է համարում Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան հովանու ներքոյ փաստահաւաք առաքելութիւն ուղարկելը։

«Ադրբեջանը նաեւ հրաժարւում է միջազգային դիտորդներին հնարաւորութիւն ընձեռել իրավիճակը գնահատելու համար:

Այսպիսով, միջազգային հանրութեան առաջնային խնդիրը ՄԱԿ-ի կամ Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան հովանու ներքոյ փաստահաւաք առաքելութեան ուղարկելն է: Մենք պէտք է յստակ հասկացնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կը բախւի հետեւանքների հետ, եթէ շարունակի անտեսել միջազգային դատարանի պարտաւորեցնող վճիռը:

2020 թւականի Լեռնային Ղարաբաղի պատերազմը յստակ ցոյց տւեց, որ Ադրբեջանը զգալի ռազմական առաւելութիւն ունի Հայաստանի նկատմամբ՝ շնորհիւ այն զէնքի, որը նա ձեռք էր բերում Ռուսաստանից, Թուրքիայից եւ Իսրայէլից: Այս փաստը հաստատւեց անցեալ տարւայ սեպտեմբերին, երբ Ադրբեջանը զաւթեց տարածքներ հէնց Հայաստանում, այդ թւում՝ ռազմավարական դիրքեր Ջերմուկ քաղաքի մօտ, ընդամէնը երկու օր վերսկսւած մարտերից յետոյ։

Չնայած Հայաստանը շարունակում է մնալ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան անդամ, տարածաշրջանային դաշինք, որը Ռուսաստանը կապում է հինգ նախկին խորհրդային պետութիւնների հետ, ոչ մի աջակցութիւն չեղաւ, երբ Հայաստանն օգնութիւն խնդրեց իր ինքնիշխան տարածքի վրայ յարձակման ժամանակ։ Նա մնաց խոցելի եւ մենակ։

Աւելի վատ է, որ Ադրբեջանն իր զօրքերը թողել է Հայաստանի տարածքում եւ հրաժարւել է վերադարձնել հայ ռազմագերիներին։ Քանի որ խաղաղ բանակցութիւնները փակուղի են մտել, ակնյայտ նշաններ կան, որ Ադրբեջանը կարծում է, որ ռազմական միջոցներով կարող է աւելիին հասնել, քան խաղաղ բանակցութիւնների միջոցով»,- արձանագրել է Ռասմուսէնը։

Ըստ ՆԱՏՕ-ի նախկին գլխաւոր քարտուղարի՝ չի կարելի բացառել առաջիկայ ամիսներին Հայաստանի վրայ Ադրբեջանի յարձակման վերսկսումը։

«Քանի որ Հայաստանի անվտանգութեան աւանդական երաշխաւորը՝ Ռուսաստանը, չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եւրոպական Միութիւնը պէտք է աւելի կարեւոր դեր խաղայ տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան պահպանման գործում: Եւ Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլը, եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը ճանաչել են դա, եւ այդ հարցում զգալի քաղաքական կապիտալ են ներդրել:

Սեպտեմբերին ռազմական գործողութիւնների վերսկսումից յետոյ ԵՄ-ն քաղաքացիական առաքելութիւն է ուղարկել Հայաստան Ադրբեջանի հետ սահմանը դիտարկելու համար: Բայց դեռ շատ բան կայ անելու։ ԵՄ առաքելութիւնը, որը ներկայումս տեղակայւած է միայն Հայաստանի տարածքում, պէտք է արագ ընդլայնւի՝ դիտարկելու հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկարութիւնը: Եւրոպացի առաջնորդները պէտք է ճնշում գործադրեն Ալիեւի կառավարութեան վրայ, որպէսզի վերջինս թոյլ տայ ԵՄ անձնակազմին մուտք գործել Ադրբեջանի տարածք: Իհարկէ, ԵՄ անզէն առաքելութիւնը չի կարողանայ կանգնեցնել ռազմական գործողութիւնները, սակայն դիտորդների ներկայութեան աւելացումը լրացուցիչ ճնշում կը գործադրի Ադրբեջանի վրայ, որպէսզի այդ երկիրը բանակցութիւնները գերադասի ռազմական առճակատումից»,- եզրափակել է Ռասմուսէնը։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։