«Քարտէզում նշւած կէտերով մանրամասն ներկայացւած է, թէ ինչ աշխարհաքաղաքական, անվտանգային եւ տնտեսական աղէտ է սպասւում Իրանին ու Հայաստանին՝ Արցախն ամբողջութեամբ Բաքւին յանձնելուց յետոյ, եթէ յանձնւելու լինի նաեւ անկլաւների անւան տակ Հայաստանում գտնւող գիւղերն ու շրջանները: Իսկ այդ աղէտը աննկարագրելի հետեւանքներ կունենայ երկու պատմական երկրների համար»,- հերթական գրառումը տեղադրելով «twitter»-ում արձանագրել է իրանցի փորձագէտը:
«ԱԼԻՔ» - «Քարտէզում նշւած կէտերով մանրամասն ներկայացւած է, թէ ինչ աշխարհաքաղաքական, անվտանգային եւ տնտեսական աղէտ է սպասւում Իրանին ու Հայաստանին՝ Արցախն ամբողջութեամբ Բաքւին յանձնելուց յետոյ, եթէ յանձնւելու լինի նաեւ անկլաւների անւան տակ Հայաստանում գտնւող գիւղերն ու շրջանները: Իսկ այդ աղէտը աննկարագրելի հետեւանքներ կունենայ երկու պատմական երկրների համար»,- հերթական գրառումը տեղադրելով «twitter»-ում արձանագրել է իրանցի փորձագէտը:
«Այս դէպքում Հայաստանը դառնալու է թշնամիներով շրջապատւած ու արժէզրկւած մի հողակտոր, որը հեշտօրէն կուլ է գնալու եւ ոչնչանալու է քարտէզի երեսից,- յաւելել է Մովահեդեանը եւ նշել. «Սա այն բոլորը չէ, ինչ տեղի է ունենալու տարածաշրջանի հետ: Իրանը կորցնելու է իր տարանցիկ կապը Հայաստանի ու Վրաստանի հետ, եւ գործնականում ենթարկւելու է իրական շրջափակման՝ Բաքւի ու Թուրքիայի կողմից»:
Հայաստանի տարածքում եւ Նախիջեւանի մերձակայքում Բաքւի յաւակնած գիւղերից մէկը, որը ռազմավարական մեծ նշանակութիւն ունի Իրանի սահմանին նայող բարձունքների պատճառով, Տիգրանաշէնն է, ինչը Բաքւին յանձնելուց յետոյ Իրանը կտրւելու է միջազգային նշանակութեան մայրուղուց, ինչպէս նաեւ դէպի Վրաստան տանող երթուղուց: Մովահեդեանը խօսելով յատկապէս այս տարածքի մասին յաջորդ «twitter»-ում գրում է. «Հաշւի առնելով այս տարածքի անանցանելիութիւնն ու լեռնային լինելը, այն միտքը, որ նշւած խնդիրը լուծւելու է այլընտրանքային ճանապարհի կառուցմամբ, լիովին միամտութիւն է եւ անիրական:
Զարգացումների միւս երեսը Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանն աննշան դարձնելն է, Հիւսիս-Հարաւ միջանցքի կարեւորութեան նւազեցմանը զուգահեռ, Անդրկասպեան միջանցքի (Խազար-թրանս) հետագայ կայունացումն է, որի իրականացմանն աջակցում են Թուրքիան, ՆԱՏՕ-ն եւ սիոնիստները: Իսկ սրանք մարտահրաւէր են նետւած Իրանի անվտանգութեանն ու տնտեսական կայունութեանը»,- նշել է փորձագէտը:
Մովահեդեանն անդրադառնալով Արցախի բռնագրաււած տարածքները Բաքւի կողմից սիոնիստներին յանձնելու կամ թեքֆիրականներով բնակեցնելու փաստին նշել է, որ կասկածից վեր է, որ, եթէ, Ալիեւի ռեժիմի վերահսկողութեանն անցնի Տիգրանաշէնը եւ նրան նայող բարձունքները, ապա Բաքուն արագօրէն այս գիւղն առաջարկելու է սիոնիստական ռեժիմին՝ եւս մէկ լրտեսական յենակէտ ստեղծելու եւ Իրանից տեղեկութիւններ հաւաքելու համար:
Մովահեդեանը կարեւորելով ժամանակի ֆակտորը աշխարհաքաղաքական հարցերում, գրանցւող յաջողութիւնների կամ կորուստների հարցը արձանագրել է. «Անցած չորս տարիների ընթացքում Կովկասի հարցերով բազմաթիւ այլ փորձագէտների հետ միասին ԱԳ նախարարութիւնը բազմիցս է զգուշացւել նման զարգացումների սողացող հետեւանքների մասին, սակայն լսող ականջ չկար»:
Փորձագէտը նշել է, որ քանի դեռ ուշ չէ կարելի է հաշւարկւած շրջադարձ կատարել եւ խօսքից անցնել գործի. «Իհարկէ բացթողումներն ուղղելու հնարաւորութիւնը դեռ կորած չէ: Իրանի կարեւորագոյն գործողութիւնը պէտք է լինի Հայաստանի հետ կապի եւ ուղիների շինարարական աշխատանքների աւարտն ու եղած ճանապարհների բարելաւումը: Դիւանագիտական ասպարէզներում եւս անհրաժեշտութիւն կայ ակտիւացնել գործողութիւնները: Կապանում մեր հիւպատոսութեան ակտիւութիւնն ու հզօրացումը պէտք է համալրել ռազմական կցորդների երեւելի ներկայութեամբ: Զուգահեռ պէտք է նկատելի դարձնել իրանական արդիւնաբերողների ու գործարարների ներկայութիւնը Հայաստանի հարաւային շրջաններում: Դա անհրաժեշտ է իրականացնել տարբեր ձեւերով, յատկապէս, ներդրումային եւ տնտեսական խթանիչ միջոցներով: Իսկ ամենակարեւորը պէտք են շարունակական եւ անդադար խորհրդակցութիւններ՝ Հայաստանի կառավարութեան եւ իրանական կողմի միջեւ՝ վնասների դէմն առնելու նպատակով: Եթէ Իրանը դրսեւորի այնպիսի վարքագիծ, որով Հայաստանին նկատելի դառնայ, որ հարեւան երկիրը պոտենցեալ դաշնակցից փաստացի դաշնակցի է վերածւում, այդ դէպքում կարող ենք յոյս ունենալ, որ Հայաստանը դիմակայելու համար աւելի լուրջ պատճառներ կունենայ: