Հա

Քաղաքական

16/02/2017 - 10:30

Հանրապետութեան նախագահը խօսել է տարածաշրջանի երկրների հետ համագործակցելու Իրանի ցանկութեան մասին

Օմման եւ Քովէյթ կատարած այցերի ընթացքում՝ Հանրապետութեան նախագահը խօսել է տարածաշրջանի երկրների հետ համագործակցելու Իրանի ցանկութեան մասին:

Օմման եւ Քովէյթ կատարած այցերի ընթացքում՝ Հանրապետութեան նախագահը խօսել է տարածաշրջանի երկրների հետ համագործակցելու Իրանի ցանկութեան մասին

 

«alikonline.ir» - Ինչպէս արդէն տեղեկացրել ենք, երէկ՝ յունւարի 15-ին Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին մէկ օրեայ այցով եղել է Օմմանում եւ Քուվէյթում:

Օմմանի մայարքաղաք Մասկաթում դոկտ. Ռոհանիին եւ նրան ընկերակցող պատւիրակութեանը դիմաւորել է այդ երկրի թագաւոր Սոլթան Ղաբուսը, որից յետոյ կայացել է երկու առաջնորդների երկկողմ ապա նաեւ ընդլայնւած ձեւաչափով հանդիպումները:

Սոլթան Ղաբուսի հետ հանդիպմանը, դոկտ. Ռոհանին անդրադառնալով երկու երկրների պատմական ու բարեկամական յարաբերութիւններին, դրւատանքով է խօսել Իրանի միջուկային ծրագրի հետ կապւած խնդիրների կարգաւորման ժամանակ հարեւան երկրի գործադրած անկեղծ միջնորդական առաքելութեան մասին՝ ընդգծելով, որ այժմ երկու երկրների յարաբերութիւնների առաւել ընդլայնման համար առկայ են անհրաժեշտ բոլոր պայմանները:

Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգութեան հետ կապւած խնդիրներին, Հանրապետութեան նախագահն ասել է. «Իրանը եւ Օմմանը Հորմոզ նեղուցի պատմական պահակներն են, որոնք երաշխաւորում են դրա՝ որպէս ազատ առեւտրի երթուղու անվտանգութիւնը: Երկու երկրների համագործակցութիւնը կարեւոր նշանակութիւն ունի տարածաշրջանի անվտանգութեան, կայունութեան եւ զարգացման երաշխաւորման համար»:

Դոկտ. Ռոհանին ընդգծել է, որ Իրանը միշտ էլ բաց է երկկողմ եւ բազմակող ձեւաչափով տարածաշրջանի երկրների հետ համագործակցութեան համար: Նա նշել է, որ իրանոֆոբիայի տարածումն արտատարածաշրջանային ուժերի դաւադրութեան արդիւնքն է:

«Իրանը միշտ էլ ողջունել է բանակցութիւնների միջոցով առկայ տարաձայնութիւնների եւ խնդիրների կարգաւորումը»,- շեշտել է դոկտ. Ռոհանին՝ յիշեցնելով, որ Իրանի ռազմական կարողականութիւնն ունի բացառապէս պաշտպանական գործառոյթ եւ տարածաշրջանի անվտանգութեան երաշխիքն է:

Օրւայ երկրորդ կէսում Հանրապետութեան նախագահն ուղեւորւել է Քուվէյթ, ուր հանդիպել է Քուվէյթի էմիր Շէյխ Սաբահ Ահմադ Ջաբեր ալ-Սաբահի հետ:

Հանդիպմանը, կողմերը տարաշարջանում անվտանգութեան եւ կայունութեան ամրապնդման համար կարեւորել են տարածաշրջանի երկրների միջեւ երկխօսութիւնն ու համադրւած գործակցութիւնը:

Ինչպէս Մասկաթում, այնպէս էլ Քուվէյթում Հանրապետութեան նախագահը խօսել է տարածաշրջանի երկրների հետ առկայ խնդիրները երկխօսութեան միջոցով կարգաւորելու եւ նրանց հետ առանց նախապայմանների համագործակցելու Իրանի պատրաստակամութեան մասին:

Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ յարաբերութիւնների ընդլայնմանը վերաբերւող թեմաներ:

Երէկ՝ ուշ երեկոյեան դոկտ. Ռոհանին վերադարձել է Թեհրան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։