Ալի Ջաննաթին, հինգշաբթի, օգոստոսի 22-ի երեկոյեան, «Վահդաթ» դահլիճում հանդիպեց գրողների, կինոգործիչների, արւեստագէտների եւ զանգւածային լրատւամիջոցների ներկայացուցիչների հետ: Մշակոյթի եւ իսլ. առաջնորդութեան նորընտիր նախարար Ալի Ջաննաթին հանդիպման ընթացքում նշել է. «Արւեստի բնագաւառը քաղաքական խաղերի, քաղաքական եւ կուսակցական բախումների բնագաւառ չէ:
«ԱԼԻՔ» - Ալի Ջաննաթին, հինգշաբթի, օգոստոսի 22-ի երեկոյեան, «Վահդաթ» դահլիճում հանդիպեց գրողների, կինոգործիչների, արւեստագէտների եւ զանգւածային լրատւամիջոցների ներկայացուցիչների հետ:
Մշակոյթի եւ իսլ. առաջնորդութեան նորընտիր նախարար Ալի Ջաննաթին հանդիպման ընթացքում նշել է. «Արւեստի բնագաւառը քաղաքական խաղերի, քաղաքական եւ կուսակցական բախումների բնագաւառ չէ: Քաղաքականութեամբ տարւելը տիրական է դարձնում կեղծաւոր պահպանողականութիւնն ու մշակութային վարիչներից առնում նրանց շարժում ստեղծելու եւ նոյնիսկ վտանգների դիմելու կարողականութիւնը, նրանց էներգիան վատնում կողմնակի հարցերի ուղղութեամբ»:
Իր յայտարարութիւնների մէկ այլ բաժնում նա ասել է. «Մշակոյթի բնագաւառի աղէտը այն վարիչ-տնօրէններն են, որոնց մշակոյթի հանդէպ հայեացքը նեղ ու սահմանափակ է»:
Նա յստակեցրել է. «Մեծագոյն տմարդութիւնն այն է, որ մշակոյթի բնագաւառը յանձնւի այս ասպարէզին անտեղեակ անձանց ձեռքը: Երկրի մշակոյթի տնօրինումը յանձնում եմ այդ բնագաւառի մասնագէտ անձանց»:
Պրն. Ջաննաթին իր արտայայտութիւններում վերոյիշեալ կէտերից բացի՝ ասել է. «Բարոյական եւ իմացական իրաւունքների հովանաւորումը բացում է ճամբան մշակութային ու գեղարւեստական ստեղծագործութիւնների համար եւ մենք պէտք է քայլեր առնենք այս բնագաւառում»:
Նա իր արտայայտութիւնների մէկ այլ բաժնում ասել է. «Մշակութային արդարութիւն, այսինքն՝ մշակութային գործունէութեանց մակարդակի բարձրացում շրջաններում եւ այլ քաղաքներում՝ արւեստի ամենաշքեղ երկերը տանել հասցնել երկրի հեռւագոյն աւանները: Մշակութային արդարութիւնը այս նորընտիր կառավարութեան հիմնական սկզբունքներից է»:
Յիշատակելի է, որ «Ալիք» օրաթերթի տնօրէնութեան կողմից այս միջոցառմանը ներկայ է եղել պրն. Վարուժ Յովհաննիսեանը: