Հա

Քաղաքական

18/06/2019 - 12:00

«Իրանին ծնկի բերելը կարելի է բացառել»․ Կարէն Խանլարեանը՝ Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների լարւածութեան մասին

Իրանահայ պատգամաւոր Կարէն Խանլարեանի խօսքով՝ Միացեալ Նահանգների եւ Իրանի միջեւ վերջին շրջանի սրացումները դժւար թէ ռազմական գործողութիւնների վերածւեն: Նա «Tert.am»-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով երկու երկրների յարաբերութիւններում նկատւող լարւածութեանը:

«alikonline.ir» - Իրանահայ պատգամաւոր Կարէն Խանլարեանի խօսքով՝ Միացեալ Նահանգների եւ Իրանի միջեւ վերջին շրջանի սրացումները դժւար թէ ռազմական գործողութիւնների վերածւեն: Նա «Tert.am»-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով երկու երկրների յարաբերութիւններում նկատւող լարւածութեանը:

«Չեմ կարծում, որ ամերիկացիները նման քայլի գնան: Թրամփի վարչակազմի օրօք ամերիկացիները փորձում են «զոռբայական» տարբերակով հարցերը լուծել, բայց Իրանի վարչակազմը եւ ժողովուրդը, կարծում եմ, չեն ընկրկելու այդ «զոռբայութեան» առջեւ»,- ասաց նա:

Նա նկատեց, որ այն, որ ամերիկացիները պարբերաբար բարձրացնում են բանակցելու հարցը, նշանակում է, որ նրանք չեն ցանկանում ռազմական գործողութիւնների անցնել:

Իսկ բանակցութիւնները, ըստ իրանահայ պատգամաւորի, մօտ ապագայում հնարաւոր կը լինեն, Իրանը դրանց դէմ չի լինի, եթէ ԱՄՆ-ն հրաժարւի իր առաջ քաշած նախապայմաններից:

«Դրանք ոչ մի բանակցային տրամաբանական գործընթացի նախապայման չեն կարող լինել, ոչ մի տրամաբանութիւն չկայ դրանց մէջ: Բայց չեն էլ հրաժարւում դրանցից, միւս կողմից էլ ակնկալում են, որ պէտք է բանակցութիւններ լինեն: Այնինչ բանակցութիւնները պէտք է լինեն առանց նախապայմանների»,- ասաց նա՝ յաւելելով, որ իրեն յարգող ոչ մի պետութիւն նման նախապայմանների պարագայում բանակցային սեղանի շուրջ չի նստի:

Նա նաեւ մատնանշեց, որ բանակցութիւններ արդէն Իրանի հետ տարիներ առաջ տարւել են, Իրանի հետ Միջուկային ծրագրի շուրջ համաձայնութիւն է ձեռք բերւել, սակայն Միացեալ Նահանգներն է, որ Թրամփի վարչակազմի օրօք, հրաժարւել է իր պարտականութիւնների կարարումից եւ դուրս է եկել արդէն կնքւած համաձայնագրից եւ յայտարարել իր նախապայմանների մասին:

«Ես կարծում եմ, որ ներկայ պայմաններում ոչ մի տրամաբանութիւն չկայ բանակցութիւնների անցնելու, դրանք արդիւնաւէտ չեն լինի»,- ասաց նա:

Կարէն Խանլարեանը նաեւ համաձայնեց, որ Միջուկային համաձայնագրին միացած մնացած երկրները փորձում են այս գործընթացում աջակցել Իրանին՝ իրավիճակը հանդարտեցնելու: «Տեսնում ենք, որ եւրոպական եռեակը (նկատի ունի՝ Գերմանիային, Ֆրանսիային եւ Մեծ Բրիտանիային- «Tert.am») եւ Չինաստանն ու Ռուսաստանը փորձում են իրենց հերթին փորձում են ամերիկացիներին հետ բերել բանակցութիւնների շրջագիծ, բայց ամերիկացիները, կարծես, անդրդւելի են: Ցաւով եմ ասում, բայց կարծես, իրենց քաղաքական էլիտայում էլ քաղաքական երկւութիւն կայ․ նրանք էլ են փորձում ԱՄՆ գործադիր մարմնին ճնշումներով վերադարձնել այդ շրջագիծ: Չեմ կարող ասել, թէ ինչու՝ իմպերիալիզմի յատուկ դրսեւորում է, թէ ինչ է, բայց ամերիկացիները չեն փորձում զիջել եւ նախապայմանները բռի կերպով դնում են սեղանին»:

Իրանը չի պատրաստւում դուրս գալ Մերձաւոր Արեւելքից, ինչպէս ցանկանում է ԱՄՆ-ն, քանի որ, ըստ Կարէն Խանլարեանի, Իրանի ներկայութիւնը Սիրիայում, Իրաքում եղել է տւեալ պետութիւնների հրաւէրով: «Նրանք հրաւիրել են Իրանին, որ իր ներկայութեամբ օժանդակի կայունութեանը, եւ այդ երկրները դեռ չեն հրաժարւել իրենց այդ հրաւէրից»,- ասաց նա:

Թէ որն է հիմա Միացեալ Նահանգների նպատակը, ըստ պատգամաւորի՝ հիմա ամերիկացիները կարծես թէ փորձում են բացառել Իրանում վարչակազմի փոփոխութեան հարցը:

«Ես կարծում եմ, որ Իրանի գխաւոր նպատակը Իրանին՝ միջինարեւելեան տարածաշրջանի գործընթացներից չէզոքացնելն է: Եւ այստեղ ԱՄՆ-ի շահակիցը Իսրայէլն է: Երկուստեք փորձում են Իրանին հանել այդ հաւասարակշռութիւնից, ինչը, բխում է իրենց շահերից: Պէտք է նաեւ նկատի առնել Թուրքիային եւ Սաուդական Արաբիային այս գործընթացներում: Նրանք էլ են շահակից, որ Իրանը դուրս գա այս տարածաշրջանից․ նրանք բաւականին նեղութիւն են քաշել եւ էներգիա են վատնել Միջին Արեւելքի վիճակն ապակայունացնելու հարցում՝ իրենց շահերն ապահովելու համար: Իրանն էլ, բնականաբար, իր խնդիրներն ունի, եւ չեմ կարծում, որ հեշտ կը լինի նրան հետ կանգնեցնել խաղաղութիւն ապահովելու գործընթացից»,- ասաց նա:

Ինչպէ՞ս է դիմագրաւելու Իրանն ամերիկեան պատժամիջոցների արդիւնքում տնտեսական ծանր մարտահրաւէրների դէմ: Կարէն Խանլարեանը նկատեց, որ Իրանն արդէն յայտնւել է տնտեսական խնդիրների առջեւ, նա նշեց, որ ցաւալին այն է, որ պատժամիջոցները, ինչպէս օրինակ՝ դեղերի նկատմամբ կիրառւողները, նաեւ խախտում են մարդու իրաւունքները:

«Նրանք անգամ նման քայլի են գնում իրենց պարտադրանքները թելադրելու համար, ինչն անընդունելի է: Նորից պէտք է կրկնեմ՝ իրեն յարգող որեւէ պետութիւն մինչեւ վերջ պէտք է պայքարի նման պահանջների դէմ»,- ասաց նա:

Ըստ Կարէն Խանլարեանի՝ այնուամենայնիւ, պէտք է հաշւի առնել, որ Իրանը հզօր պետութիւն է եւ ունի տնտեսական, արդիւնաբերական հնարաւորութիւններ: «Իրանին ծնկի բերելը կարելի է բացառել: Այս տարբերակներով դա անելն անհնար է: Իրանը կը մնայ կանգուն: Ես սա ասում եմ՝ վերջին տարիներին Իրանի քաղաքականութեան մէջ լինելու արդիւնքում: Մի ժամանակ ամերիկացիները կարծում էին, որ այդ պատժամիջոցներով իրանական վարչակազմին նեղւածութեան մէջ դնել, բայց իրականութիւնն այն է, որ դրանով ոչ միայն վարչակազմին, այլ նաեւ Իրանի ամբողջ ժողովրդին են նեղւածութեան մէջ դնում, եւ դա տրամաբանորեն հանգեցնելու է ոչ թե ընկրկման, այլ դիմադրության, եւ այդ դիմադրութիւնը գոյութիւն ունի եւ փորձում են պահպանել այն: Կարծում եմ՝ Իրանին կը յաջողւի ստեղծւած իրավիճակից դուրս գալ»,- ասաց նա:

Ինչպիսի՞ն են այս իրավիճակում հայ-իրանական յարաբերութիւնները: Կարէն Խանլարեանի տպաւորութեամբ՝ Հայաստանի անկախացումից յետոյ հայ-իրանական յարաբերութիւնները եղել են բաւականին բարձր մակարդակի վրայ, եւ այս ընթացքում միմեանց օգնելու բազմաթիւ փաստեր են արձանագրւել:

«Երբ Հայաստանն է գտնւել վատ իրավիճակում, Իրանն է օգնել, հակառակ պարագայում եւս, Իրանը օգնել է Հայաստանին: Այդ օժանդակութեան սպասելիքը երկուստեք գոյութիւն ունի, եւ երկու կողմերի քաղաքականութիւնն էլ բաւարարում է սպասելիքները»,- ասաց նա՝ վստահութիւն յայտնելով, որ երկու երկրներն այլ ճանապարհ չունեն, քան փոխյարաբերութիւնների ռազմավարական մակարդակը բարձրացնելն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։