Հա

Քաղաքական

03/07/2019 - 10:10

«Իրանահայ համայնքում էլ կան տարրեր, որոնք ցանկանում են իրենց բախտը փորձել այլ ափերում, բայց խուճապ չկայ»․ Ժորժիկ Աբրահամեան

Իրանահայ պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի խօսքով՝ Իրանի քաղաքականութիւնն ու մօտեցումները ԱՄՆ-ի նկատմամբ յայտնի են եւ արտայայտւել են ամենատարբեր եւ ամենաբարձր պաշտօնեաների կողմից: 

«alikonline,ir» - Իրանահայ պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի խօսքով՝ Իրանի քաղաքականութիւնն ու մօտեցումները ԱՄՆ-ի նկատմամբ յայտնի են եւ արտայայտւել են ամենատարբեր եւ ամենաբարձր պաշտօնեաների կողմից: 

Նա «Tert.am»-ի հետ զրոյցում նշեց, որ իրանական կողմը իրավիճակը վերլուծում է հետեւեալ կերպ․ Միացեալ Նահանգները՝ իր մեծապետական նկրտումներով եւ քաղաքականութեամբ ձգտում է իր կամքը թելադրել Իրանի Իսլամական Հանրապետութեանը, իսկ դրա հիմնական պատճառն այն է, որ աշխարհում առաջացել է մի ուժ, որը չի ենթարկւում Արեւմտեան մեծապետական իմպերիալիստական ցանկութիւններին եւ քաղաքականութեանը:

«Հետեւաբար բոլոր միջոցներով նրանք ձգտում են դժւարութիւններ ստեղծել Իրանի համար, մեղմացնել Իրանին»,- ասաց նա՝ նկատելով, որ ԱՄՆ-ի ձգտումները արմատական հակադրութիւն են, եւ իրավիճակի լուծումները հեշտ չեն կարող լինել՝ տեւական ժամանակ են պահանջելու:

Ժորժիկ Աբրահամեանի նկատառմամբ՝ ԱՄՆ-ը ենթադրում է, որ կիրառւող պատժամիջոցներով կարելի է Իրանին ստիպել, որ բանակցի: «Իրանը երբեք բանակցութիւններին դէմ չէ: Իրանը, շատ լաւ բանակցող է եւ բանակցելու է այնպիսի պայմաններում, որ բանակցող կողմը արժանի լինի բանակցութեան: Եթէ բանակցող կողմերը համաձայնութեան  են գալիս, բայց կողմերից մէկը դրժում է, բանակցութիւնները իմաստազրկւում են»,-ասաց նա՝ նշելով, որ Իրանը պարզապէս չի վստահում ԱՄՆ-ին՝ հաշւի առնելով, որ վերջինս ոչ վաղ անցեալում միակողմանիօրէն դուրս եկաւ Միջուկային համաձայնագրից:

Հարցին՝ բանակցութիւնների և զիջումների բացակայութեան պայմաններում հնարաւո՞ր է, որ ռազմական գործողութիւններ սկսւեն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ, հայազգի պատգամաւորը նշեց, որ դա բացառւում է: «Ցանկացած ռազմական գործողութիւն սանձարձակ տեմպերով մեծանալու է, և ոչ միայն տարածաշրջանը, այլ դեռ աւելին՝ հեռուն կը վերածւի քաոսը: Հետեւաբար, տուժողները շատ կը լինեն»,- ասաց նա:

Իրանը, ըստ նրա, ունի իր աշխարհայեացքը եւ պատրաստ է ցանկացած սցենարի: «Իրանը ցոյց է տւել, որ ցանկացած դէպքում պատրաստ է պաշտպանւելու: Հետեւաբար, ինչպէս բազմաթիւ անգամ ասւել է, եւ վերջերս էլ երկրի առաջնորդի կողմից էլ շեշտւեց՝ ոչ թէ Ամերիկան չի ցանկանում հարւածել Իրանին, այլ՝ կարողութիւնը չունի նման բան անելու»,- ասաց նա:

Հարցին՝ հնարաւո՞ր է, որ ամերիկեան տնտեսական պատժամիջոցների արդիւնքում Իրանը չկարողանայ դիմադրել ԱՄՆ-ին, Ժորժիկ Աբրահամեանը պատասխանեց․ «Ես բացառում եմ նման երեւոյթ: Իհարկէ, պատժամիջոցներն ազդեցութիւն ունեն, սակայն այն մեթոդները, որ Իրանն է օգտագործում, ազդեցութիւնները նւազեցնում են: Այս պարագայում շատ կարեւոր է նաեւ ժողովրդի դիմադրութիւնը, իսկ ժողովուրդն ընդունակ է դիմադրել, որոշ խնդիրներին գիտակցաբար մօտենալ»: Նա նշեց, որ պէտք է նաեւ նկատել, որ մինչ հիմա այդ պատժամիջոցները Միացեալ Նահանգների ցանկութիւնը չեն իրագործել:

Իսկ ԱՄՆ-ի ցանկութիւնը՝ Իրանում վարչակազմ փոխել, ըստ Ժորժիկ Աբրահամեանի, կարելի է բնորոշել որպես երազանք: «Դա իրականութիւնից շատ հեռու է: Իրանի վարչակազմը գիտի, թէ ինչ է ցանկանում եւ ինչպէս է պատասխանելու իր թշնամիներին»,- ասաց նա:

Անդրադառնալով Իրան-ԱՄՆ լարւածութեան ֆոնին իրանահայ համայնքում առկայ տրամադրութիւններին՝ իրանահայ պատգամաւորը նշեց․ «Խուճապ չկայ: Իսկ համայնքում նկատւող արտագաղթը տեւական երեւոյթ է: Բոլորս էլ գիտեն, որ ինչ-որ տնտեսական բարդութիւններ են առաջանում, եւ այդ պարագայում նաեւ մեր համայնքում կան տարրեր, որոնք ցանկանում են իրենց բախտը փորձել այլ ափերում: Այդ արտահոսքը շատ երկրներում կայ. Իրանում, կարծում եմ, համեմատութեան մէջ մեծ տոկոս չի կազմում»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։