Հա

Քաղաքական

31/08/2019 - 12:30

Մեղրին տապալւե՞ց, Գիւմրին կը յաջողի՞. ազատ տնտեսական գօտիների հին ու նոր պատմութիւնները

Գիւմրիում ազատ տնտեսական գօտի ստեղծելու նախագիծը, տնտեսագէտների գնահատմամբ, կարող է դրական արդիւնքի հասնել։ Իսկ Մեղրին յաջողութեան չհասաւ, որովհետեւ PR-ն աւելի շատ էր, քան հաշւարկը։

«alikonline.ir» - Գիւմրիում ազատ տնտեսական գօտի ստեղծելու նախագիծը, տնտեսագէտների գնահատմամբ, կարող է դրական արդիւնքի հասնել։ Իսկ Մեղրին յաջողութեան չհասաւ, որովհետեւ PR-ն աւելի շատ էր, քան հաշւարկը։ Գրում է Sputnik Արմենիան:

Մեղրիում ազատ տնտեսական գօտի ունենալու՝ նախորդ իշխանութեան յաւակնոտ ծրագիրը թղթի վրայ թողնելով, Հայաստանի նոր իշխանութիւնը նոր յաւակնոտ ծրագրի մեկնարկ ազդարարեց. Գիւմրիի օդանաւակայանի հարեւանութեամբ կը ստեղծւի նոր ազատ տնտեսական գօտի։

Տնտեսական գօտու նախագիծը հաստատւեց կառավարութեան վերջին նիստում` միաձայն։ Բայց քննարկման մասնակիցները յիշեցին նաեւ նախորդ անյաջող փորձը` յոյս յայտնելով, որ նոր ծրագիրը նախորդի ճակատագրին չի արժանանայ։

Տնտեսագէտ Թաթուլ Մանասէրեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում եւս յոյս յայտնեց, որ հարկային արտօնութիւններ տրամադրելուց առաջ կառավարութիւնը շախմատային զոհողութեան օրինակով՝ պէտք է որ նախապէս հաշւարկած լինի, թէ որն է լինելու արդիւնքը։

«Ես ենթադրում եմ, որ նման հաշւարկներ պէտք է արւած լինեն։ Շատ կափսոսամ, եթէ առանց հաշւարկի, ուղղակի կամայական տրւած լինի։ Պէտք է ակնկալել կառավարութիւնից գոնէ ընդհանուր պատկեր, թէ դա ինչ պէտք է տայ»,- ասաց տնտեսագէտը։

Նախագծի ընդհանուր պատկերը ներկայացւած է կառավարութեան որոշման մէջ։ Դրա համաձայն, առաջիկայ 10-12 տարիների ընթացքում նախատեսւում է կառուցել 320 հա. տարածքով ազատ տնտեսական գօտի։ Տնտեսական գօտու ամբողջական գործարկման արդիւնքում աշխատանքով կապահովւի 13 հազար մարդ:

Համեմատութեան համար նշենք, որ Մեղրիի ազատ տնտեսական գօտու համար նախատեսւած էր 70 հա տարածք, մինչեւ 2027 թ.-ը` 1 500 աշխատատեղ եւ 300 մլն. դոլարի ներդրում։

Ընդ որում, ծրագրի առաջին փուլը նախատեսւած էր մեկնարկել 2018 թ.-ից ու աւարտել 2020-ին։

2017 թւականի օգոստոսին կառավարութեան որոշմամբ ստեղծւած, նոյն տարւայ դեկտեմբերին պաշտօնապէս բացւած Մեղրու ազատ տնտեսական գօտուն յատկացւած տարածում այսօր միայն որոշ ենթակառուցւածքներ կան։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարութիւնից Sputnik Արմենիային յայտնեցին, որ տնտեսական գօտու տարածքում որեւէ ընկերութիւն չի գործում։ Իսկ գօտու կառավարիչ` «Մեղրի ազատ տնտեսական գօտի» ընկերութեան հեռախօսահամարներն անջատւած են, նախկինում` Էկոնոմիկայի նախարարութեան շէնքում տեղակայւած գրասենեակը` փակ։

Խօսելով տնտեսական ծրագրի անյաջող վերջաբանի մասին, Թաթուլ Մանասէրեանը կարծիք յայտնեց, որ ցանկութեան դէպքում այն հնարաւոր էր կեանքի կոչել։

«Ես, այնուամենայնիւ, այն կարծիքին եմ, որ կառավարութիւնը բաւական ջանք ու նախաձեռնողականութիւն չցուցաբերեց, որովհետեւ ինձ յայտնի են առնւազն մինչեւ 5 տասնեակի հասնող ընկերութիւններ, որոնք շահագրգռւածութիւն ունէին այդտեղ ձեռնարկութիւններ բացելու»,-ասաց նա։

Տնտեսագէտ Ատոմ Մարգարեանն էլ Sputnik Արմենիայի հետ զրոյցում նշեց, որ տնտեսական գործօններից բացի, Մեղրիի նախագիծը նաեւ արտաքին քաղաքական բաղադրիչներ ունի, որոնք ժամանակին արժէր աւելի խորն ուսումնասիրել` մինչ ծրագրի պաշտօնական մեկնարկը յայտարարելը։

«Այս պասիւութիւնը ես կը կապէի Իրանի նկատմամբ կիրառւող պատժամիջոցների խստացման հետ, որ տեղի ունեցաւ ամերիկեան ադմինիստրացիայի ճնշումների հետեւանքով։ Այն ակնկալիքները, որ կային, որ Իրանը կարող է որպէս հարթակ օգտագործել տնտեսական գօտին համատեղ արտադրութիւններ, նախագծեր, ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում, որոշակիօրէն սառեցին»,- ասաց Մարգարեանը։

Նախագծի վրայ, տնտեսագէտի համոզմամբ, բացասաբար է ազդել նաեւ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութիւնն ու Իրանում լարւած քաղաքական իրավիճակը։

Աւելորդ չէ յիշել նաեւ, որ Մեղրիի ազատ տնտեսական գօտու տարածքում տեղի ունեցած չարաշահումների փաստով քրէական գործը յարուցւեց յատկապէս իշխանափոխութիւնից յետոյ` 2018 թ.-ին։

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ, նախապէս տեղեակ լինելով նախագծի մասին, տնտեսական գօտու տարածքի հողերը նախ «ծիծաղելի գներով» պետութիւնից գնել են, հետագայում շատ աւելի թանկ գներով պետութեանը վաճառելու համար։

«Երբ ես անցեալ տարի այցելեցի Մեղրիի ազատ տնտեսական գօտի, արձանագրւեց, որ այնտեղ, ըստ էութեան, ազատ հողատարածք չկայ»,- յայտարարել էր Փաշինեանը:

Քրէական կոմիտէն այս փաստերին իրաւական գնահատական տւեց` քրէական գործ յարուցելով պաշտօնեական լիազօրութիւնների չարաշահման եւ պաշտօնեական կեղծիքի առերեւոյթ դէպքերի առթիւ։ Քրէական գործով ձեռք բերւած տեղեկութիւններով, օրինակ, Մեղրիի ազատ տնտեսական գօտու հարեւանութեամբ գտնւող համայնքի ղեկավարը 32 հեկտար հողատարածքը 2014 թւականին օտարել է 2.5 միլիոն դրամով, իսկ 2016 թւականին գիւղապետն այն կեղծ աճուրդով վաճառել է իր աներորդուն` արդէն 1.4 հա.` 2 միլիոն դրամով։

Քրէական գործի նախաքննութիւնը չի աւարտւել։ Նախաքննական մարմինն առայժմ այլ մանրամասներ չի հրապարակում։

Վերադառնալով Գիւմրիի ազատ տնտեսական գօտու նախագծին, նշենք, որ մեր զրուցակից տնտեսագէտները դրա վերաբերեալ անհամեմատ աւելի լաւատես են, քան Մեղրիի։

«Ես մի քիչ հակւած եմ աւելի լաւատեսօրէն նայելու նոր ծրագրին, որովհետեւ Գիւմրին այդ առումով արդէն յաջողել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի ազատ տնտեսական հարթակի ստեղծմամբ։ Երկրորդ քաղաքը, չնայած առկայ խնդիրներին, կարծես թէ կարողանում է յաջողութիւններ գրանցել»,- ասաց Թաթուլ Մանասէրեանը։

Տնտեսագէտ Ատոմ Մարգարեանը եւս կարծում է, որ Գիւմրիի շանսերն անհամեմատ աւելի մեծ են։

«Գիւմրին այս առումով ունիկալ է, եթէ նկատի ունենանք Գիւմրիի պոտենցիալը` հաշւի առնելով օդանաւակայանի առկայութիւնը, լոգիստիկան, դէպի հիւսիս` Վրաստանի տարածքով աւտօ եւ երկաթուղային ճանապարհները»,- ասաց Մարգարեանը։

Դէ, իսկ եթէ հետագայում նաեւ հայ-թուրքական սահմանը բացւի, Ատոմ Մարգարեանի համոզմամբ՝ կարող է նաեւ Արեւմուտքից ներդրումների հնարաւորութիւն ստեղծել, ու դա Գիւմրիի տնտեսական գօտին իսկապէս հեռանկարային, հետաքրքիր նախագիծ կը դարձնի։

Յիշեցնենք՝ Գիւմրիում ազատ տնտեսական գօտի հիմնելու նախագիծը հաստատւեց ՀՀ կառավարութեան՝ օգոստոսի 29-ի նիստում։ Բիզնես նախագծի հեղինակը «Եւրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գօտի» սահմանափակ պատասխանատւութեամբ ընկերութիւնն է, որը շուրջ 540 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում է խոստանում նախագծի իրականացման ընթացքում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։