Հա

Քաղաքական

04/09/2019 - 10:30

«Միջուկային գործարքի աւարտի մասին խօսելը դեռ վաղ է». Զարիֆը

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը ռուսական Russia Today հեռուստաալիքին տւած հարցազրոյցում նշել է, որ Միջուկային համապարփակ համաձայնագիրը մեռած չէ, եւ դեռ վաղ է խօսել դրա աւարտի մասին:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը ռուսական Russia Today հեռուստաալիքին տւած հարցազրոյցում նշել է, որ Միջուկային համապարփակ համաձայնագիրը մեռած չէ, եւ դեռ վաղ է խօսել դրա աւարտի մասին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Եւորպական երկրներն անհրաժեշտ աջակցութիւնը չեն ցուցաբերել Միջուկային համապարփակ համաձայնագրին, եւ պատրաստ չէին ռիսկի դիմել ու մասնակցել դիւանագիտական այդ մեծ նւաճման պահպանման գործին, եւ, ցաւօք, չկարողացան կատարել իրենց ստանձնած պարտաւորութիւնները»,- ասել է Զարիֆը՝ յաւելելով. «Մենք չենք ապաւինում Միջուկային գործարքին եւ մեր ապագան կը կառուցենք դրա հետ կամ առանց դրա: Մենք հաւատում ենք, որ այս կարեւոր ձեռքբերումը չպէտք է ոչնչացւի: Դրա ոչնչացումը հարւած է ոչ թէ Իրանին, այլ դիւանագիտութեանը: Մենք բազմաթիւ տարբերակներ ունենք: ԱՄՆ-ի Միջուկային գործարքից դուրս գալուց ի վեր, Իրանը կարողացել է հասնել տնտեսկան կայունութեան, սղաճի նւազեցման եւ տնտեսական աճի»: 

Ըստ նրա՝ Միջուկային գործարքի ոչնչացումից կը տուժեն բոլորը, այդ թւում՝ ԱՄՆ-ը: 

Անդրադառնալով Պարսից ծոցում արտատարածաշրջանային ուժերի ներկայութեանն, Իրանի ԱԳՆ ղեկավարն ասել է. «Պարսից ծոցում ռազմական ներկայութեան աւելացումը ոչ թէ կը բարձրացնի անվտանգութիւնը, այլ կը նպաստի անկայունութեանը»:

Ընդգծելով, որ Պարսից ծոցում եւ Հորմոզի նեղուցում առանց Իրանի մասնակցութեան անհնար է հասնել անվտանգութեան, Զարիֆն ասել է. «Մենք տարածաշրջանում ամենամեծ տէրութիւնն ենք: Մենք ծովային սահման ունեցող երկիր ենք, եւ այս տարածք եկող ցանկացած ուժ երբեք չի կարողանայ դա փոխել»:

Նա շեշտել է, որ նաւարկութեան ազատութիւնը եւ էներգետիկ անվտանգութիւնը պէտք է լինեն բոլորի համար, եւ որ ոչ ոք չի կարող որոշել, թէ ով է դրանից շահելու, իսկ ով՝ ոչ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։