Հա

Քաղաքական

21/09/2019 - 09:50

Վարչապետի 100 փաստերին իրական հակափաստարկներ

Օրերս վարչապետի տւած երկարաժամկէտ խոստաների շարքում իմացանք, որ մինչեւ 2050 թւականը ունենալու ենք ՀՆԱ-ի 15-ապատկում, այսինքն՝ տարեկան միջինը առնւազն 9.5 տոկոս աճ: Բայց որպես դրական փաստ՝ անհասկանալիօրէն ներկայացւում է 2019 թւականի 7 ամիսների տնտեսական ակտիւութեան ցուցանիշը՝ 6.8 տոկոս: Սա էլ այն դէպքում, երբ 2018 թւականի առաջին կիսամեակին այդ ցուցանիշը եղել է 9.1 տոկոս:

Տնտեսութեանը վերաբերող

Օրերս վարչապետի տւած երկարաժամկէտ խոստաների շարքում իմացանք, որ մինչեւ 2050 թւականը ունենալու ենք ՀՆԱ-ի 15-ապատկում, այսինքն՝ տարեկան միջինը առնւազն 9.5 տոկոս աճ: Բայց որպես դրական փաստ՝ անհասկանալիօրէն ներկայացւում է 2019 թւականի 7 ամիսների տնտեսական ակտիւութեան ցուցանիշը՝ 6.8 տոկոս: Սա էլ այն դէպքում, երբ 2018 թւականի առաջին կիսամեակին այդ ցուցանիշը եղել է 9.1 տոկոս:

Փաստում են, որ օտարերկրեայ ուղղակի ներդրումների ներհոսքը աճել է: Բայց չեն նշում, որ դրանց ծաւալը՝ զուտ հոսքերի (ներհոսքից հանած արտահոսք) տեսանկիւնից 30 միլիարդ դրամով կրճատւել է: 2019 թւականի առաջին 6 ամիսներին զուտ հոսքերը եղել են ընդամենը 7.8 միլիարդ դրամ, իսկ նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածում՝ 38.6 միլիարդ դրամ:
Պետական բիւջէի հարկային եկամուտները 2019 թւականի 7 ամիսներին յաւելեալ աճել են 57 միլիարդ դրամով, իսկ տարին խոստանում են ապահովել 62 միլիարդ դրամ: Նոյնիսկ խոստացածը կատարելու պարագայում՝ 2018 թւականի համեմատ կը լինի ընդամենը 15 տոկոս աճ: Նախորդ 2-3 տարիներին արձանագրւել են համադրելի աճեր՝ 10-11 տոկոս: «Բա ո՞ւր մնաց 40-50 տոկոս հարկային ստւերը, որի տեղն օրւայ իշխանութիւնը գիտէր եւ խոստացել էր օր առաջ վերացնել»:

Ասում են՝ իշխանափոխութիւնից յետոյ աննախադէպ աւելացրել է օրինական գրանցւած աշխատողների թիւը: Իրական պատկերն այլ է՝ 2018 թւականի մայիսից մինչեւ օգոստոս այս ցուցանիշի ամսական միջին աճը կազմել է 4062, իսկ մինչեւ իշխանափոխութիւնը՝ 2018 թւականի յունւար-ապրիլին այդ աճը եղել է 7095: Այսինքն՝ իշխանափոխութիւնից յետոյ այս ցուցանիշի աճի ամսական միջին տեմպը նւազել է 43 տոկոսով:

Զուգահեռաբար՝ անհասկանալի բացատրութիւններով փորձում են արդարացնել վերջերս իրենց նախաձեռնած հարկային փոփոխութիւնները, որի հետեւանքը լինելու է այդ համակարգից սոցիալական բաղադրիչի իսպառ վերացումը: Այս մասին եւս բազմիցս ներկայացրել ենք հիմնաւորւած փաստարկներ:

Պետական բիւջէի կապիտալ ծախսերի 74 տոկոս թերակատարումը (65 միլիարդ դրամի չափով) բացատրում են հնարաւոր կոռուպցիոն ռիսկերով: Պարզ հարց է առաջանում. «Ինչո՞վ էք զբաղւած եւ ինչո՞ւ չէք ստեղծել անհրաժեշտ մեխանիզմներ՝ երկրի տնտեսական զարգացման համար առանցքային այս խնդիրը լուծելու նպատակով»:

Կառավարութիւնն իր հնգամեայ «ծրագրով» խոստացել էր՝ մեր երկիրը պէտք է ունենայ արտահանմանը միտւած տնտեսական զարգացման մոդել: Բայց 2019 թւականի առաջին կիսամեակում արտահանումը նւազել է 0.5 տոկոսով, իսկ 7 ամիսների տւեալներով աճել է ընդամենը 3 տոկոսով: Սա էլ այն դէպքում, երբ 2018 թւականի առաջին կիսամեակում արտահանումն աճել է շուրջ 25 տոկոսով:

 

Սոցիալական ոլորտին վերաբերող

Օրւայ իշխանաւորները հեռահար խոստացան 2050 թւականին 2.5 միլիոն մարդու դարձնել զբաղւած: Նորից «բայց»՝ 2019 թւականին զբաղւածութեան մակարդակը նւազել է 0.2 տոկոսային կէտով, գործազուրկների թիւն աճել է 16 հազարով, գործազրկութեան մակարդակը դարձել է 22 տոկոս՝ աճելով շուրջ 1 տոկոսային կէտով: Իսկ բացասական այս միտումների պարագայում՝ 2018 թւականին զբաղւածութեան պետական ծրագրերի կատարողականը եղել է աննախադէպ ցածր՝ 25 տոկոս: Այսինքն՝ նոյնիսկ եղած սուղ հնարաւորութիւնների պայմաններում շուրջ 3000-4000 գործազուրկներ չեն ստացել հնարաւոր աջակցութիւն պետութիւնից եւ չեն դարձել զբաղւած:

Այս իրավիճակը բացատրելու փոխարէն՝ «100 փաստի» 47-րդ կէտից տեղեկանում ենք, որ զբաղւածութեան պետական ծառայութեան մասնագէտները կապ են հաստատել շուրջ 12000 գործատուների հետ, ներկայացւել են 7488 թափուր աշխատատեղ, պետական ծրագրերի միջոցով աշխատանքի է տեղաւորւել շուրջ 1008 աշխատանք փնտրող: Իհարկէ, այստեղ էլ կան անպատասխան թողնւած առարկայական հարցեր: «Դրական փաստ է՞, որ շուրջ 300 աշխատողներ ունեցող զբաղւածութեան պետական ծառայութեան աշխատողները 7 ամսւայ ընթացքում կապ են հաստատել գործատուների ընդամենը 25 տոկոսի հետ, որը նրանց հիմնական գործառոյթն է»: Փաստօրէն, պետական այդ ծառայութեան 1 աշխատողը 1 ամսւայ ընթացքում կապ է հաստատել ընդամենը 5 գործատուների հետ: «Ինչպէ՞ս բացատրել նաեւ հետեւեալ փաստը. պաշտօնական վիճակագրութեամբ 2019 թւականի 7 ամիսներին վարձու աշխատողների թիւն աճել է 40 հազարով, իսկ զբաղւածութեան պետական ծառայութիւնը հաւաքագրել է ընդամենը 7488 թափուր աշխատատեղ (ենթադրեալ 40 հազար թափուր աշխատատեղերի ընդամենը 18 տոկոսը)»: Ի դէպ՝ զբաղւածութեան պետական ծրագրերով 2019 թւականին աշխատանքի տեղաւորւած անձանց թիւը նախորդ 2-3 տարիների միջին ցուցանիշի համեմատ նւազել է շուրջ 3 անգամ: Եւ վերջապէս՝ «Ի՞նչ եղան իշխանափոխութեան օրերին խոստացւած «Աշխատի՛ր Հայաստան» ծրագրի, «մշակելու ենք զբաղւածութեան նոր ռազմավարութիւն», «որակեալ կրթութեան միջոցով խթանելու ենք արժանապատիւ աշխատանքը», «ունենալու ենք սոցիալական ներառական զարգացում», «աղքատութիւնը հանելու ենք մարդկանց գլուխներից» եւ նմանատիպ բովանդակութեամբ միւս խոստումների իրական արդիւնքները:

Իշխանափոխութիւնից յետոյ բազմիցս, ինչպէս նաեւ «100 փաստի» 53-րդ կէտով խոստացւում է բարձրացնել նւազագոյն աշխատավարձի շեմը՝ 55 հազար դրամից 68 հազար դրամ, որը կը վերաբերի մասնաւոր ոլորտում աշխատող 45 հազար մարդու, պետական ոլորտում՝ 35 հազար մարդու: Փաստն այն է, որ նւազագոյն աշխատավարձը չի բարձրացել 2015 թւականից եւ արդէն 15 տոկոսով ցածր է 1 անձի հաշւով նւազագոյն սպառողական զամբիւղի արժէքից: Ի դէպ, այս հարցի շուրջ օրւայ իշխանութիւնների քննարկումներին հետեւելով՝ կարելի է հիմնաւոր եզրակացնել, որ այս խոստումը եւս լիարժէք կեանքի չի կոչւելու:

Միւս կողմից. «Ո՞ւր մնաց պետական հատւածում կառավարութեան խոստացած աշխատավարձերի համընդհանուր բարձրացումը»: Իհարկէ, լաւ է, որ վերջերս գոնէ 10 տոկոսով բարձրացան ուսուցիչների եւ զինծառայողների աշխատավարձերը: Սակայն մտահոգիչ է այն, որ օրւայ իշխանութիւնները հետեւողական են ուսուցիչների թւի էական կրճատման իրենց մտադրութեան մէջ: Դրան էլ զուգահեռ, ղեկավար պաշտօն զբաղեցնողների ամսական վարձատրութիւնը կրկնապատկել են արատաւոր պարգեւատրումներով: Վերջին ամիսներին արդէն պրակտիկա են դարձրել ամսական պարբերականութեամբ առաւելագոյն պարգեւատրումները «ընտրեալներին»: Փաստօրէն, ղեկավար պաշտօն ունենալը դարձել է պարգեւատրման հիմք:

«100 փաստն» այդպէս էլ չի անդրադառնում աշխատանքային իրաւունքի պաշտպանութեան ոլորտում առկայ բազմաթիւ խնդիրներին: Առանցքային այս ոլորտը ընդհանրապէս դուրս է օրւայ իշխանութեան օրակարգից՝ անհասկանալի պատճառներով բարեփոխումները կասեցւած են:

Կենսաթոշակների եւ սոցիալական նպաստների չափերի՝ խոստացւած բարձրացումները չկան: Աշխատանքային գրքոյկների թւայնացումը, անապահովութեան գնահատման համակարգի խոստացւած բարեփոխումները անընդհատ յետաձգւում են, ինչը թոյլ կը տար վերացնել ստաժերի անօրինական յաւելագրումները, բարձրացնել նպաստների հասցէկանութիւնը: Արդիւնքում՝ մի քանի անգամ աւել կը լինէր պետական բիւջէի խնայողութիւնը, քան այն խիստ համեստ չափը, որ ներկայացւած է «100 փաստի» 86-րդ կէտում՝ 3.8 միլիարդ դրամ: Ի դէպ, մինչեւ իշխանափոխութիւնը եւս՝ այս ոլորտում այս չափից էապէս աւել խնայողութիւններ են եղել:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի արմատական վերանայման խոստումը կատարելու փոխարէն էլ՝ գործող իշխանութիւնները կոսմետիկ փոփոխութիւններով արմատաւորեցին այն եւ լիարժէք գործադրեցին: Իսկ «100 փաստը» չի արձանագրում՝ 2019 թւականին պետական բիւջէից այս համակարգի ֆինանսաւորման համար յատկացւել է 56 միլիարդ դրամ, որը 2018 թւականի համեմատ աճել է 12 միլիարդ դրամով: Այս գումարը կարող էր ուղղւել կենսաթոշակների բարձրացմանը:

Օրւայ իշխանաւորները հեռահար խոստացել են նաեւ, որ 2050 թւականին մեր երկրի մշտական բնակչութիւնը դառնալու է 5 միլիոն: Սակայն «100 փաստում» ոչ մի խօսք չկայ ժողովրդագրական խորացող խնդիրների վերաբերեալ: Իսկ 2019 թւականի ժողովրդագրական ցուցանիշներն իրականում մտահոգիչ են՝ ծնվածների թիւը նւազել է 150-ով, մահացածների թիւն աճել է 572-ով, միգրացիայի բացասական մնացորդը նոյնն է, ինչ 2018 թւականին՝ -6.0: Մշտական բնակչութեան թիւը նւազել է 8200-ով: Իսկ ժողովրդագրական իրավիճակի բարելաւման նպատակով խոստացւած ռազմավարական ծրագիրը չկայ ու չկայ: Բազմազաւակ ընտանիքների աջակցութեան օրէնքը եւս չկայ, որը Սահմանադրութեան 83 եւ 86-րդ յօդւածների պահանջն է: Փոխարէնը առաջ են տանում մեր ազգային եւ ընտանեկան աւանդոյթներին ու արժէքներին հակասող Ստամբուլեան կոնւենցիան:

 

Ամփոփում

«100 փաստը» ներառում է վիճակագրական բոլոր այն ցուցանիշները, որոնք որոշակի դրական միտում են ունեցել: Իսկ իրավիճակն առարկայական բնութագրող հիմնական փաստերը կա՛մ լրիւ անտեսւած են, կա՛մ էլ ներկայացւած են դրւագային՝ խնդիրների բուն էութիւնից կտրւած: Հետեւաբար՝ այս մօտեցմամբ իրավիճակային գնահատումներն ու եզրայանգումները չունեն նաեւ մասնագիտական օբիեկտիւ հենք:

Ակնյայտ է դառնում՝ «100 փաստ» ձեւաչափով օրւայ իշխանութիւնները ջանում են խնամքով թաքցնել մեր երկրում հետեւողականօրէն չլուծւող սոցիալական ու տնտեսական խնդիրները: Խնդիրներ, որոնք օր առաջ լուծելու անսահման խոստումների հենքով մեր երկրում փոխւեց իշխանութիւնը: Խնդիրներ, որոնք վերաբերում են իւրաքանչիւրիս կեանքի որակին:

Օր օրի մեր երկրում կուտակւող այդ խնդիրների իրական եւ խորքային գնահատականները, դրանց մտահոգիչ միտումները պարբերաբար ներկայացրել ենք նաեւ իշխանափոխութիւնից յետոյ՝ նախընտրական փուլում, կառավարութեան հնգամեայ «ծրագրի» հաստատատման, հակասոցիալական հարկային փոփոխութիւններ կատարելու եւ նմանատիպ մնացած առիթներով:

Ցաւօք, իշխանութիւնների պատասխանը լայն իմաստով մնում է նոյնը. «ընտրութիւններում ունեցել ենք ջախջախիչ յաղթանակ, եւ ուրեմն՝ մի օր բոլորի համար ամէն ինչ լաւ է լինելու, որովհետեւ մեր քաղաքական ուժը բոլորից զօրեղն է, ամենա … է, ամենա … է, միայն մենք ենք հասկանում ժողովրդի դարդն ու ցաւը, իսկ մեր ձախողումը բոլորի ձախողումն է, քանի որ այդ դէպքում անխուսափելիօրէն ամէն ինչ ծայրայեղ վատ է լինելու»: Իհարկէ, սա որեւէ կապ չունի ժողովրդավարութեան հաստատման եւ ամրապնդման հետ եւ՝ ընդհակառակը: Սա ուղղակի անսահման պոպուլիզմի դասական օրինակ է, որը որեւէ արդիւնք չի կարող ապահովել հանրային համընդհանուր շահի տեսանկիւնից:

 

Թադէոս Աւետիսեան

ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի

ծրագրերի համակարգող, տնտեսագէտ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։