Հա

Քաղաքական

10/10/2019 - 08:20

Թուրքիան սկսեց ռազմական գործողութիւնները Սիրիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել է, որ երկրի ԶՈւ-ն սկսել են «Barış Pınarı-Խաղաղութեան ակունք» ռազմական գործողութիւնը Սիրիայում:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել է, որ երկրի ԶՈւ-ն սկսել են «Barış Pınarı-Խաղաղութեան ակունք» ռազմական գործողութիւնը Սիրիայում: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Նա սոցցանցերում յայտնել է, որ Թուրքիայի ԶՈւ-ն, այսպէս կոչւած, Սիրիայի ազգային բանակի հետ Սիրիայի հիւսիսում սկսել է «Խաղաղութեան ակունք» ռազմական օպերացիան Քուրդիստանի աշխատաւորական կուսակցութեան, Սիրիայի դեմոկրատական ուժերի եւ ԴԱԷՇ «ահաբեկչական կառոյցների» դէմ:

«Մեր նպատակը մեր հարաւային սահմանների մօտ ահաբեկչական միջանցք կառուցելուն խոչընդոտելն է եւ տարածաշրջան խաղաղութիւն ու անդորր բերելը»,- յայտարարել է Էրդողանը:

Նա ընդգծել է, որ ահաբեկչութեան մթնոլորտը վերացնելու համար ստեղծելու են անվտանգութեան գօտի, որտեղ կը տեղափոխւեն սիրիացի փախստականները՝ պահպանելով Սիրիայի տարածքային ամբողջականութիւնը:

Ժամեր առաջ, թուրքական կողմի նախաձեռնութեամբ, տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախօսազրոյց, որի ժամանակ Պուտինը նշել էր, որ Թուրքիայի գործողութիւնները չպէտք է վնասեն սիրիական խնդրի կարգաւորման գործընթացին, նաեւ՝ պէտք է պահպանել Սիրիայի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքը:

Ի դէպ, Սիրիայի ազգային բանակ կոչւող ռազմական կառոյցը, որի հետ Թուրքիայի ԶՈւ-ն իրականացնում է ռազմական գործողութիւնները Սիրիայում («Եփրատի վահան», «Ձիթենու ճիւղ», Աֆրինի գործողութիւնները եւ այլն) կազմւած է հիմնականում արաբներից եւ սիրիացի թուրքմեններից: ՍԱԲ-ը, որ համարւում է Թուրքիայի կողմից հովանաւորւող Սիրիայի ազատ բանակ խմբաւորման ենթակայութեան տակ գտնւող կառոյց, յայտարարել էր, որ իր 14 հազար զինեալները մասնակցելու են Թուրքիայի կողմից իրականացւող ռազմական գործողութիւններին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։