ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի «Եւրասիական տնտեսական միութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ ազատ առեւտրի գօտու ստեղծման հնարաւորութիւնները եւ Հայաստանի Հանրապետութեան անելիքները» թիւ 7 վերլուծութեան նպատակն է ցոյց տալ, որ Հայաստանի նման փոքր ներքին շուկայ եւ տնտեսութիւն ունեցող երկրների դէպքում ինտեգրացիոն միաւորումները նաեւ միջոց են, պատուհան՝ դէպի արտաքին աշխարհ, դէպի՝ նոր շուկաներ: Ասւածի վառ օրինակը կարող է լինել Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ ազատ առեւտրի գօտու ստեղծման ժամանակաւոր համաձայնագիրը:
2019 թւականի հոկտեմբերի 27-ին ուժի մէջ մտաւ «Եւրասիական տնտեսական միութեան ու դրա անդամ պետութիւնների եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ ազատ առեւտրի գօտու ձեւաւորմանը միտւած ժամանակաւոր համաձայնագիրը» (այսույետ՝ Համաձայնագիր):
ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի «Եւրասիական տնտեսական միութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ ազատ առեւտրի գօտու ստեղծման հնարաւորութիւնները եւ Հայաստանի Հանրապետութեան անելիքները» թիւ 7 վերլուծութեան նպատակն է ցոյց տալ, որ Հայաստանի նման փոքր ներքին շուկայ եւ տնտեսութիւն ունեցող երկրների դէպքում ինտեգրացիոն միաւորումները նաեւ միջոց են, պատուհան՝ դէպի արտաքին աշխարհ, դէպի՝ նոր շուկաներ: Ասւածի վառ օրինակը կարող է լինել Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ ազատ առեւտրի գօտու ստեղծման ժամանակաւոր համաձայնագիրը:
ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանն է, որն ունի ցամաքային սահման Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ, աւելի մօտիկից ծանօթ է իրանական տնտեսական քաղաքականութեանը, ազգային եւ գործարար սովորույթներին, ապրանքներին, նրանց կողմից կիրարկւող կրօնական պահանջներին եւ այլն:
Այս փաստաթուղթն Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գօտու ստեղծման առաջին փուլն է ներկայացնում: Ժամանակաւոր համաձայնագիրը կնքւում է երեք տարի ժամկէտով, որի ընթացքում կողմերը պէտք է համաձայնութեան գան ազատ առեւտրի գօտու մասին լիարժէք համաձայնագրի մասին:
Համաձայնագրում ամրագրւել է դրոյթ, համաձայն որի սահմանի վրայ իրանական կողմից գանձւող տուրքերի եւ վճարների չափը պէտք է սահմանւի մատուցւող ծառայութիւնների գնին համապատասխան եւ չկիրառւի որպէս ներքին արտադրողների համար սահմանւած պաշտպանիչ միջոց կամ լրացուցիչ տուրք:
Համաձայնագրի անբաժանելի մաս են հանդիսանում նաեւ կից ցանկերը, որոնց մէջ ներառւած ապրանքատեսակների նկատմամբ կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտօնութիւններ, այսինքն՝ մաքսատուրքերի նւազեցում: Նշւած ցանկերում ներառւած են ինչպէս գիւղատնտեսական, այնպէս էլ արդիւնաբերական ապրանքներ: Իրանական կողմին տրւել է 306 տասանիշ ԱՏԳ դասակարգման ապրանքների սակագնային արտօնութիւն, իսկ ԵԱՏՄ-ին՝ 303 ութանիշ դասակարգման ապրանքների սակագնային արտօնութիւն:
Հայաստանի Հանրապետութեան արտահանման առաջնային հետաքրքրութիւն ունեցող ապրանքներ, որոնք ունեն նաեւ մեծ տեսակարար կշիռ Հայաստանի Հանրապետութիւնից Իրանի Իսլամական Հանրապետութիւն արտահանման ծաւալներում, հետեւեալն են՝
- տաւարի միս - մաքսատուրքը 26 տոկոսի փոխարէն լինելու է 10 տոկոս,
- հանքային եւ գազաւորւած ջրեր, որոնք պարունակում են շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրաւէտիչ նիւթեր, ոչ ոգելից խմիչքներ - մաքսատուրքը 55 -տոկոսի փոխարէն լինելու է 14 տոկոս,
- դեղամիջոցներ - մաքսատուրքը 37 տոկոսի փոխարէն լինելու է 18.5 տոկոս,
- տրիկոտաժէ արտադրանք - մաքսատուրքը 55 տոկոսի փոխարէն լինելու է 38.5 տոկոս, եւ այլն:
Հարկ է նշել, որ շոկոլադ եւ կակաօ պարունակող սննդամթերքի, հրուշակեղէնի մասով իրանական կողմը համաձայնել է տրամադրել մաքսատուրքի դրոյքաչափի իջեցում, սակայն նոյն ապրանքների մասով առաջարկւել է կիրառել փոխադարձ զիջումներ:
Իրանի Իսլամական Հանրապետութեան (ԻԻՀ) մաքսային համակարգի առանձնայատկութիւններից մէկն էլ այն է, որ լիազօր մարմինը, ելնելով տնտեսական իրավիճակից, կարող է գերատեսչական հրամանով բարձրացնել եւ իջեցնել մաքսատուրքերը, ինչը անկանխատեսելիութիւն է հաղորդում ներմուծման գործընթացին: Իրավիճակը յստակեցնելու նպատակով որոշ ապրանքատեսակների մասով առաջարկւել է գործող մաքսատուրքի դրոյքաչափի պահպանում (սառեցում): Նշւած ցանկում հայկական կողմից հետաքրքրութիւն ունեցող ապրանքներից են ոչխարի միսը, ձուկը՝ 5 տոկոս մաքսատուրք, մեղրը՝ 55 տոկոս մաքսատուրք:
Համաձայնագիրը միաժամանակ լայն հնարաւորութիւններ է ընձեռում Հայաստանին եւ ԻԻՀ-ին ընդլայնել եւ խորացնել արտաքին տնտեսական յարաբերութիւնները: ԵԱՏՄ անդամ հանդիսացող Հայաստանը, ունենալով արտօնեալ առեւտրային ռեժիմներ (GSP, GSP+) նաեւ Եւրոմիութեան, ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ, կարող է եւ պէտք է դառնայ կամուրջ իրանական ապրանքների համար: Օրինակ՝ ԻԻՀ-ից ներմուծւած բանջարեղէնը հնարաւոր է վերամշակել Հայաստանում եւ արտահանել այլ երկրներ: Հայաստանում արտադրութեան կազմակերպումը առաւել գրաւիչ կը դարձնի Մեղրիում տեղակայւած ազատ տնտեսական գօտին, որտեղ գործունէութիւն ծաւալող տնտեսվարող սուբիեկտները կազատւեն մի շարք հարկատեսակներից:
Երկար սպասւած Համաձայնագրից արդիւնաւէտ օգտւելը պէտք է դառնայ Հայաստանի տնտեսական առաջնահերթութիւններից մէկը, եւ այս հանգրւանում նպատայարմար է իրականացնել հետեւեալ քայլերը.
- Համաձայնագրից բխող սակագնային արտօնութիւնների մասին տեղեկատւութիւն տարածել՝ յստակ նշելով մաքսատուրքերի նւազեցումները,
- Համաձայնագրին կից հրապարակել նաեւ այլ երկրների կողմից Հայաստանին տրամադրւած արտօնեալ առեւտրային ռեժիմի (GSP, GSP+) տակ ընկնող ապրանքների ցանկը,
- Իրանահայերի մասնակցութտամբ կազմակերպել բիզնես համաժողով` խրախուսելով հայ-իրանական կոոպերատիւ կապերի ստեղծումը,
- Պետութեան-մասնաւոր համագործակցութեան շրջանակում ֆինանսաւորել հայ-իրանական նոր բիզնես նախագծերը,
- Հայրենական արտադրութիւնը պաշտպանելու նպատակով՝ մշակել եւ կեանքի կոչել ոլորտային աջակցութեան պետական ծրագրեր՝ առաջնահերթ համարելով գիւղատնտեսութիւնը:
ԵԱՏՄ եւ ԻԻՀ միջեւ ազատ առեւտրի գօտու ձեւաւորմանը միտւած ժամանակաւոր համաձայնագիրը կոչւած է ամրապնդել հիւսիս-հարաւ ռազմավարական դաշնակցային յարաբերութիւնները, առաւել հզօրացնել մեր տարածաշրջանի տնտեսական գրաւչութիւնը եւ բարձրացնել անվտանգութեան մակարդակը:
ԵԱՏՄ կողմից Իրանի հետ կնքւած համաձայնագիրը բացառիկ հնարաւորութիւն է Հայաստանի համար երկրի տնտեսութիւնը հասցնել բոլորովին այլ մակարդակի։ Սա հնարաւորութիւն է, որից օգտւելու համար անհրաժեշտ է երկրի առջեւ դրւած խնդիրների գիտակցում, դրանք լուծելու յստակ ռազմավարութիւն, կոնկրետ գործողութիւնների իրականացման ժամանակացոյց, ինչպէս նաեւ համապատասխան բարձրակարգ կառավարիչ թիմ, որը ունակ է ամենօրեայ քրտնաջան աշխատանքի միջոցով որակապէս նոր շունչ հաղորդել երկրի տնտեսական քաղաքականութեանը։
Ամբողջական վերլուծութեան հետ իր յաւելւածներով կարող էք ծանօթանալ հետեւեալ յղումով. Iran-EAEU_final (1) (1)