Հա

Քաղաքական

07/11/2019 - 08:20

«ԱՄՆ ներկայութիւնը Սիրիայում կը դժւարացնի երկրում կայունութեան գործընթացը, զօրքերի դուրսբերումը կը նպաստէր հակամարտութեան կարգաւորմանը»․ արաբագէտ

Սիրիայի Կամիշլիի շրջանում բնակւող հայերին գլխաւորապէս վտանգ չի սպառնում, վիճակն այստեղ կայուն է եւ շատ աւելի բարենպաստ, քան Սիրայի հիւսիսարեւելեան այլ շրջաններում։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց արաբագէտ Արմէն Պետրոսեանը՝ խօսելով Սիրիայում թուրքական «Խաղաղութեան ակունք» ռազմական գործողութիւնից յետոյ տիրող իրավիճակի մասին։

«alikonline.ir» - Սիրիայի Կամիշլիի շրջանում բնակւող հայերին գլխաւորապէս վտանգ չի սպառնում, վիճակն այստեղ կայուն է եւ շատ աւելի բարենպաստ, քան Սիրայի հիւսիսարեւելեան այլ շրջաններում։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց արաբագէտ Արմէն Պետրոսեանը՝ խօսելով Սիրիայում թուրքական «Խաղաղութեան ակունք» ռազմական գործողութիւնից յետոյ տիրող իրավիճակի մասին։

«Սիրայի հիւսիսում թուրքական ներխուժումից յետոյ իրավիճակը, ընդհանուր առմամբ, հանգիստ է։ Լայնամասշտաբ ռազմական գործողութիւնները դադարել են, առկայ է հրադադարի ռեժիմ, որը պարբերաբար խախտւում է տարբեր ծաւալի ռազմական բախումներով կամ քաղաքացիական բողոքի ակցիաներով։ Կամիշլիի շրջանը, որտեղ հիմնականում ապրում են մեր հայրենակիցները, փաստացի գտնւում է սիրիական կառավարական ուժերի եւ ռուսական զինւած ուժերի հսկողութեան ներքոյ։ Այդ շրջանում անվտանգային իրավիճակը համեմատաբար աւելի բարձր մակարդակի վրայ է եւ դուրս է բոլոր հիմնական գործողութիւններից, որոնք ընթանում են Սիրիայի հիւսիսարեւելեան շրջաններում, որոնք առնչւում են թուրք-ռուսական եւ թուրք-ամերիկեան համաձայնութիւններին»,- ասաց Պետրոսեանը՝ ընդգծելով, որ այստեղ  իրավիճակը շատ աւելի վերահսկելի ու կանխատեսելի է։

Արաբագէտի խօսքով՝ վերոնշեալ շրջանի բնակչութեան մօտ որոշակի լարւածութիւն դեռեւս պահպանւում է, բայց դրանք պայմանաւորւած են այն մտահոգութիւններով, որոնք առկայ էին ռազմական գործողութիւնների սկզբնական շրջանում։  «Այստեղ փոքր-ինչ բարձր է ահաբեկչական յարձակումների սպառնալիքը, բայց հիմնականում իրավիճակը շատ աւելի բարւոք է ու վերահսկելի»։

Պետրոսեանի դիտարկմամբ՝ ե՛ւ Մերձաւորարեւելեան տարածաշրջանը, ե՛ւ մասնաւորապէս Սիրիան Հայաստանի համար բաւական կարեւոր են․ Սիրիան նախեւառաջ Հայաստանի համար տարածաշրջանում բարեկամ արաբական երկիր է, կարեւոր է տեղի հայ համայնքի առկայութիւնը, իսկ այն հանգամանքը, որ Սիրիան աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր դարձել է ռազմավարական նշանակութեան երկիր, կրկնապատկում է իր իսկ կարեւորութիւնն այդ թւում՝ Հայաստանի համար։ «Այդ պատճառով այս երկրի հանդէպ մեր ուշադրութիւնը պէտք է բազմապատկւի, իսկ քաղաքականութիւնը պէտք է առանձնայատուկ բնոյթ կրի»,- նկատեց արաբագէտը։

Վերջինս անդրադարձաւ նաեւ ԱՄՆ-ի կողմից Սիրիայում 2 ռազմաբազայ կառուցելու մասին տեղեկութիւններին, ինչը, ըստ արաբագէտի՝ պայմանաւորւած է Ամերիկայի անորոշ քաղաքականութեամբ։ 

«Նախ յայտարարվեց, որ Սիրիայի տարածքից ամերիկեան զորախմբերը պէտք է դուրս բերւեն, ապա Թուրքիայի ռազմական գործողութիւններից յետոյ յայտարարւեց, որ ԱՄՆ-ն վերադառնալու է եւ հսկողութիւն է սահմանելու նաւթահանքերի հանդէպ։ Այսինքն՝ ԱՄՆ քաղաքականութեան հետ կապւած որոշակի անորոշութիւն կայ, ինչը պայմանաւորւած Սպիտակ տան, Պենտագոնի եւ Պետքարտուղարութեան միջեւ առկայ խնդիրներով չկայ յստակ ուղեգիծ, որն ԱՄՆ-ն վարում է Սիրիայի տարածքում․ որոշումներն իրավիճակային են»,- ասաց նա։ 

Արաբագէտը նշեց, թէ միանշանակ է, որ ԱՄՆ-ի հեռանալու արդիւնքում ողջ տարածաշրջանում նրա շահերը նւազելու էին, թերեւս սրանով էր պայմանաւորւած, որ Ամերիկայի ներկայութիւնը Սիրիայի՝ նաւթով հարուստ շրջաններում, Յորդանանի, Իրաքի հետ սահմանակից շրջաններում, բաւական կարեւոր է։ Այդ պատճառով էլ Միացեալ Նահանգները, ըստ նրա, շարունակելու է ապահովել իր ներկայութիւնը։

«Իհարկէ, Սիրիայից ԱՄՆ զօրքերի դուրս բերումը շատ աւելի կարագացնէր կամ կը նպաստէր հակամարտութեան կարգաւորմանը, այնուամենայնիւ, ԱՄՆ ներկայութիւնը ենթադրում է, որ հակամարտութեան կարգաւորման գործընթացը կը ձգձգւի, եւ այդ գործընթացում չի կարելի հաշւի չառնել ԱՄՆ-ի շահերն ու դերակատարութիւնը։ Այդ առումով ԱՄՆ ներկայութիւնը շարունակելու է ե՛ւ որոշակի առումով ապակայունութիւն ստեղծել Սիրիայի տարածքում, ե՛ւ աւելի դժւարացնել կայունութեան գործընթացը, քանի որ ցանկացած գործընթացում չեն կարող անտեսւել նաեւ Ամերիկայի դիրքերն ու շահերը, եթէ նրա դերն ու ներկայութիւնը արաբական պետութիւնում շարունակական լինի»,- ասաց Պետրոսեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։