Իրանը պատրաստ է ամբողջովին վերականգնել Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնների կատարումը, եթէ չեղարկւեն սահմանւած պատժամիջոցները:
«alikonline.ir» - Իրանը պատրաստ է ամբողջովին վերականգնել Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնների կատարումը, եթէ չեղարկւեն սահմանւած պատժամիջոցները: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, Մոսկւայում ԻՌՆԱ-ի հետ զրոյցում յայտարարել է քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին՝ նշելով, որ Իրանի առաջնահրթութիւնը բանկային եւ նաւթային պատժամիջոցների չեղարկումն է:
«Իրանի պայմանները յստակ են, դրանք ներկայացւել են Հանրապետութեան նախագահի կողմից: Մենք պատրաստ ենք վերադառնալ Միջուկային գործարքով ստանձնած մեր պարտաւորութիւնների ամբողջական իրագործմանը, եթէ չեղարկւեն այս ընթցքում սահմանւած պատժամիջոցները»,- ասել է ԱԳՆ տեղակալը՝ յաւելելով, որ այս պահին Իրանի առաջնահրթութիւնը բանկային եւ նաւթային պատժամիջոցների չեղարկումն է:
«Մեր դիրքորոշումները պարզ են, եւ մեր կամքն արտայայտւել է շատ յստակ: Ստանձնած կրճատման գործընթացը կը շարունակւի այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի պահանջները չեն բաւարարւում»,- յստակեցրել է Արաղչին: